Լրահոս

09.09.2014 18:45


Լյուդմիլա Սարգսյան. Ազգի առողջությունը ազգային անվտանգության խնդիր է

Լյուդմիլա Սարգսյան. Ազգի առողջությունը ազգային անվտանգության խնդիր է

Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի և դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի բավարար չափանիշներին և շրջանառության մեջ մտնում են ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում:

Ցածրորակ դեղերի ներմուծումը մեծ չափով վերաբերում է հոգեմետ դեղերին և ինսուլինին: Օրենսդրական որոշ բացերի և թերացումների հետևանքով պետական գնումների միջոցով ձեռք են բերվում դեղեր այնպիսի երկրներից, որտեղ չկան դեղերի որակի ապահովմանն ուղղված բավարար պայմաններ: Արդյունքում՝ պետպատվերի շրջանակներում բնակչությանը տրամադրվում է դեղորայք, որը կամ չի բարելավում հիվանդի առողջական վիճակը, կամ է՛լ ավելի է վատթարացնում:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մամուլում հայտարարեց, որ մշակվել և կառավարություն է ներկայացվել դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա կանոնակարգել դեղի շրջանառության ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառող, և նշել, որ դեղերի ոլորտում իր համար անկարևոր հարցեր չկան: Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ իրապես կկանոնակարգվեն և կլուծվեն կուտակված խնդիրները:

Հարկ եմ համարում ընդգծել որոշ հարցեր, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Օրինակ, ասիական երկրներում, շատ հաճախ՝ Հնդկաստանում գրանցված որևէ դեղամիջոց ներկրվում է Հայաստան, ապա անցնում ընդամենը լաբորատոր-քիմիական փորձաքննություն և դեղ-գործակալությունում գրանցվում՝ որպես շրջանառության ենթակա դեղամիջոց, որից հետո այդ դեղամիջոցը, իր ցածր գնի շնորհիվ, հաղթում է պետական գնումների մրցույթում և տրվում հոգեկան խնդիրներ ունեցող կամ շաքարային դիաբետով տառապող մեր հայրենակիցներին: Անհրաժշտ է այս շղթան կտրել՝ թե՛ օրենսդրական կանոնակարգման և թե՛ հետագա թափանցիկ գործելաոճի միջոցով:

Լիարժեք կարգավորված չէ նաև դեղերի գրանցման ընթացակարգը, որտեղ հաճախ հաշվի չի առնվում գրանցվող դեղի կենսա-համարժեքության հարցը՝ ինչպե՞ս է կոնկրետ դեղամիջոցը նպաստում հիվանդի առողջական վիճակի բարելավմանը: Պատասխանը կարող է տալ միայն կլինիկական լուրջ փորձաքննությունը, այսինքն՝ մարդկանց վրա դեղի փորձարկումը, և ոչ՝ պարզապես դրա քիմիական բաղադրության ստուգումը:

Ազգի առողջությունը ազգային անվտանգության խնդիր է, և պետության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ ուղիղ վկայությունն է նրա լրջության աստիճանի: Չմոռանանք նաև, որ հատկապես այսօրվա աշխարհում միշտ կա բիո-ահաբեկչության վտանգ:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը