Կարծիք

09.09.2014 14:26


Անհարմար բան ԱԺ–ում

Անհարմար բան ԱԺ–ում

Երբ շաբաթ օրը ՀՀԿ խորհդի նիստում Սերժ Սարգսյանը խստորեն հրահանգեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին իրենց աշխատանքը դիտարկել որպես ծառայություն խրամատում ու չբացակայել նիստերից, այլապես դա կգնահատվի որպես դասալքություն, բնական է, որ դրանից հետո այդ երևույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր լինելու: Բայց որ հենց ԱԺ առաջին իսկ նիստի ժամանակ «վերջին բոլշևիկի» խոսքն այսչափ չէր հարգվելու իր կուսակիցների կողմից, վեր էր մեր սպասումներից:

Այն, որ Բաղրամյան 19-ի ՀՀԿ-ական «ժամապահները պոստում քնում էին», նորություն չէր, այն, որ «դաշնամուր» էին նվագում կոճակների վրա, դա էլ մեկ անգամ չէ, որ նկատել ենք, բայց որ գերագույն գլխավոր հրամանատարի կտրուկ հրահանգից հետո «սամավոլկա» կփախնեին, այ դա չէինք սպասում:
Զավեշտն այն է, որ այս երևույթին երեկ փորձել էր արդարացում գտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը (հիմնական զբաղմունքը՝ փուչիկ թռցնող)՝ նշելով. «Նախագահի վերոնշյալ հորդորը՝ ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին, ՀՀԿ խորհրդի քննարկումն է»:

Այնուհետև խնդրել է լրագրողներին չխառնվել ՀՀԿ-ի ներքին կազմակերպչական հարցերին, որովհետև Սարգսյանի հորդորն ինքը դիտարկում է որպես ՀՀԿ-ի ներքին կազմակերպչական հարց:
Բայց սովորաբար ՀՀԿ խորհրդի նիստերն անցնում էին կուսակցության գրասենյակում, և երբ ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովը տեղեկացնում էր բարձրացված խնդիրների մասին, նշում էր այն հարցերը, որոնք ներկայացնում են հասարակական հետաքրքրություն, իսկ ներկուսակցական կազմակերպչական հարցերը չէր մանրամասնում: Ու բնական է, որ իրեն հարգող լրագրողը դրա մեջ չէր էլ խորանա, այլ միայն հոգեբանությամբ պապարացցի լրագրողներն էին փորձում մեկից մի սկանդալային գաղտնիք իմանալ ու հանրայնացնել:
Բայց այս դեպքում հարցը միանգամայն այլ է: Շաբաթ օրվա նիստը հրավիրվել է Կառավարության նիստերի դահլիճում, և այդ ներքին կազմակերպչական հարցը Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքով ի լուր աշխարհի է ներկայացվել, ինչը եղել է ՀՀԿ-ի նախաձեռնությամբ: Այսինքն, հենց իրենք են եղել այս հարցը հանրայնացնելու ու դրանով իսկ հասարակության ուշադրության կենտրոնում պահելու նախաձեռնողները: Հիմա եթե այսպես տխուր պատկեր է ստացվել, նո՞ր են որոշել «Մենք ենք, մեր կուսակցությունը» ծրագրի շրջանակներում լրագրողներին խնդրել չմիջամտել իրենց գործերին, կամ էլ, խոսքները մեկ արած, հանդիմանել լրագրողներին, թե՝ դուք ձեր էս արարամունքից չեք ամաչո՞ւմ, ես ամաչում եմ ձեր փոխարեն:
Նախ՝ ՀՀԿ-ն՝ ի հեճուկս մեր ժողովրդի հսկայական հատվածի ցանկության, իշխող կուսակցություն է, այնպես որ, եթե այդ կուսակցությունը տնօրինում է մեր ճակատագրերը, ուստի նրանց հետ կապված չկա որևէ հարց, որ դուրս պետք է լինի հանրային ուշադրությունից, քանի որ նրանց սխալ քայլերի, անլուրջ վարքագծի պատճառով տուժում ենք մենք՝ ոչհհկականներս: Ուստի, իրավունք ունենք տեղյակ լինելու մեր գլխի գալիքի մասին: Առավել ևս, որ սա նաև օրենքի պահանջ է, որ քաղաքական գործունեությունը ենթադրում է բաց ու թափանցիկ գործելաոճ, ու այն բացառապես հրապարակային գործունեություն է, ու եթե սրան պատրաստ չեն իշխող կուսակցության ընկերները, ուրեմն թող անհաջող էքսպերիմենտներ չանեն ԱԺ «ժամապահների» վրա. կարող է՝ երեկվա նման անհարմար բան ստացվի:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1470301013241681&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը