Կարծիք

08.09.2014 14:38


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է հրապարակայնության, բաց ու թափանցիկ քննարկումների և գործելաոճի մասին, ապա քաղաքական-տնտեսական զարգացումներից տեղյակ ցանկացած մարդու մոտ վերոնշյալն առնվազն դիսոնանս է առաջացնում իրականության հետ. չէ՞ որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ դժվար է «բաց ու թափանցիկ» անվանել, օրինակ, «Որոտանի» վաճառքը, «գազային» պատմությունը, Սերժ Սարգսյանի «սեպտեմբերյան թեզիսները»՝ կապված ՄՄ-ին միանալու հետ, դե, էլ չեմ հիշատակում տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտությունը» և նման այլ երևույթներ: Այս ամենը դժվար է անվանել բաց և թափանցիկ, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ի նիստում ունեցած իր ելույթը Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է, մեղմ ասած, ոչ ազնիվ թեզիսներից, ինչը, բնականաբար, ամբողջովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի որդեգրած «ոչ ազնիվ» գործելաոճի մեջ:

Սակայն ասածս դա չէ: Իր ելույթում Սերժ Սարգսյանը համառորեն առաջ է տարել այն թեզը, ըստ որի՝ մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են սահմանադրական «բարեփոխումներ», քանի որ առանց այդ բարեփոխումների՝ Հայաստանի զարգացումն անհնար է:
Փաստորեն, ստացվում է, որ մեր Սահմանադրությունն է մեղավոր, որ երկրում ծաղկում է «սաշիկիզմ» կոչվածը, որ մեր հարկային օրենսդրությունն աղավաղելու միջոցով մանր, միջին և խոշոր բիզնեսին պատերազմ է հայտարարված, որ երկրում ծաղկում է կոռուպցիան (որի ակունքները, ի դեպ, իրականում պետք է ամենավերին էշելոններում փնտրել, այլ ոչ թե կատարողների մակարդակում): Մեր Սահմանադրությունն է մեղավոր, որ սեփական աթոռը պահելու ցանկությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ամայացնել քաղաքական դաշտը և օրինականացնել «մեկ մարդու պետություն» գաղափարը:
ՀՀ սահմանադրության դրույթներից ելնելով է գործող իշխանությունն աջ ու ձախ վաճառել երկրի ռազմավարական օբյեկտները, քաղաքական հալածանքներ իրականացրել, երկրի միջազգային հեղինակությունը 0-ի հավասարեցրել և այլն:

Առավել տարօրինակ է հնչում Սերժ Սարգսյանի այն թեզը, ըստ որի՝ հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ «սահմանադրական բարեփոխումների» հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է այն Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Փաստորեն, ստացվում է, որ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ (չէ՞ որ մենք չենք մոռացել Սարգսյանի հայտնի «թեև հասարակության 80 տոկոսը դեմ է, բայց անելու ենք») հրապարակայնորեն հաստատում է, որ ՀՀԿ-ի և անձամբ իր համար հասարակության կարծիքը 0-ական արժեք ունի. չէ՞ որ իրականում հասարակության գերակշիռ մասը շատ լավ հասկանում է այդ «բարեփոխումների» իրական նպատակը՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումը, և կտրուկ դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը: Բայց, արի ու տես, որ Սերժ Սարգսյանը համառորեն շարունակում է ապացուցել, որ հասարակության կարծիքը ոչ մի արժեք չունի իր համար, այլապես հենց հասարակության կարծիքը հաշվի առնելով պետք էր կանգ առնել և դադարեցնել «սահմանադրական բարեփոխումները» իրականացնելու հակաժողովրդական գործընթացը:

Սերժ Սարգսյանը, հավանաբար, այնքան է կտրվել քաղաքական իրականությունից, որ մոռացել է, որ իր ելույթում հիշատակած ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանական մեծամասնությունն ընդամենը «ինչքան ուզենք՝ էնքան խփենք»-ի արդյունքն է, իսկ մարդկային ռեսուրսներն այսօր կենտրոնացված են ոչ իշխանական դաշտում: Իսկ հաշվի առնելով, որ այսօր ոչ իշխանական դաշտում հիմնական խաղացողը հենց «քառյակն» է, ում մեջքին կանգնած է առավել քան մեծ ընտրազանգված, ապա այդ ընտրազանգվածի շահերը և կարծիքները ոտնահարելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իր համար, այսպես ասած, հետագա իրադարձությունների «բացասական սցենար» է պատրաստում, որը ոչ մի կերպ չի բխում իր շահերից: Եվ այստեղ հռետորական հարց է առաջանում՝ արդյոք Սերժ Սարգսյանը դա հասկանո՞ւմ է։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը