Մեկնաբանություն

08.09.2014 11:56


Սաշիկի քաղաքացիական դիրքորոշումն ու հանրային «մեսիջները» (տեսանյութ)

Սաշիկի քաղաքացիական դիրքորոշումն ու հանրային «մեսիջները» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանից պետք է շնորհակալ լինել։ Նա, կարելի է ասել, ժողովրդի կողմից է ու շատ ավելի թունդ ընդդիմադիր է, քան Բաղրամյան 26–ին կցված թունդ ընդդիմադիրները միասին վերցրած։

Սաշիկ Սարգսյանն իր եղբոր «ստի դետեկտորն» է։ Նա թույլ չի տալիս, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա անգամ մի քանի «հավի» համոզել, որ բարեփոխիչ է։

Սաշիկը Սերժի իրական դեմքն է։ Նա իր ներկայությամբ մշտապես հիշեցնում է այդ մասին։

Ու որքան էլ նախագահականի տեքստագիրները կամ, «հայերեն» ասած, սփիչռայթերները, փորձեն կեղծ ու պաթետիկ ձևակերպումների հետևում թաքցնել «Վերջի բոլշևիկի» իրական նպատակներն ու ծրագրերը, միևնույն է՝ «գալիվուդյան» աստղ չհանդիսացող, բայց «գալիվուդյան» աստղերից ոչ պակաս փող ունեցող Սաշիկը փոզմիշ է անում «պոլիտԾիխնոլոգների» աշխատանքը։

Սաշիկն, ըստ այդմ, ժողովրդական մարդ է։ Նա շատ ավելի ազնիվ է ու անկեղծ, քան Սերժ Սարգսյանն ու երիտսաշիկները, քանզի չի փորձում արևմտամետ, թուրքամետ կամ ռուսամետ խաղալ։ Նա փողամետ է և վերջ։ Չի թաքցնում, որ հաստավիզ «ախռանա» ունի։ Պարզ ու հասկանալի մարդ է, ես կասեի նույնիսկ, որ նա ինչ–որ տեղ նաև քաղաքացիական ակտիվիստ է։

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսական ազատություններից, Սաշիկն իր ամբողջ էությամբ ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Երբ Սերժ Սարգսյանը խոսում է հայ ժողովրդի շահերից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ու համեստ ապրելակերպից, Սաշիկն «իշմար» է տալիս հայ ժողովրդին՝ չհավատալ այդ խոսքերին։

Սաշիկը չի հայտարարում, որ երկրում դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են նեոբոլշևիկյան մոդելի սահմանադրական փոփոխություններ։ Նման դեմագոգիկ ձևակերպումներից նա հեռու է։ Այդ դեմագոգիայով զբաղվում են մյուսները։ Իսկ Սաշիկն իր վարքուբարքով «մեսիջ» է հղում հայ ժողովրդին՝ չհավատալ այդ «բարեշրջիչներին», քանզի նրանք ավելի Սաշիկ են, քան Սաշիկն ինքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը