Մեկնաբանություն

08.09.2014 10:33


Կրակոցներ ԱԺ–ում

Կրակոցներ ԱԺ–ում

Հայ ժողովուրդն այլևս կարող է հանգիստ լինել։

Բանն այն է, որ ակտիվ օրենսդրական աշխատանքով և միջազգային ատյաններում Հայաստանի շահերով զբաղվելու են Գալուստ Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Շուշան Պետրոսյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Կարեն Ավագյանը, Մանվելն ու Սեյրանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ–ի ցուցակը ներկայացնող մյուս ինտելեկտուալները։ Ցավոք, այդ գործում ներգրավված չի լինի Սաշիկ Սարգսյանը (պատճառները տեխնիկական են. նա պատգամավոր չէ, նաև՝ «գալիվուդյան» աստղ չէ), բայց շատ մտահոգվել պետք չէ, քանզի նա կհետևի Սերժ Սարգսյանի հորդորին ու կկրակի այլ խրամատներում՝ փայմտնոցիի միջոցով։

Հայ ժողովուրդը կարող է նաև ավելի անվտանգ զգալ իրեն, քանզի վերը նշված ինտելեկտուալները, հետևելով սահմանային լարվածության օրերին անհետացած գերագույն գլխավոր հրամանատարի կոչին, մի այլ կարգի կրակելու են։ Կրակելու են խրամատից։ Այդ խրամատն էլ ԱԺ–ն է։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ իր ինտելեկտուալ թիմակիցները դասից փախչող չարաճճի երեխաների նման կլքեն խրամատը ու չեն կրակի անհրաժեշտ ինտենսիվությամբ և ուղղությամբ, բայց, միևնույն է, նրա հույսն այդ մարդիկ են։

«Մենք խորհրդով հաստատել ենք պատգամավորների ցուցակը, այնուհետև խորհրդարանական ընտրություններում ստացել ենք մեծամասնություն, որից հետո այդ մեծամասնությունն ընտրել է Կառավարություն, և, ինչպես տեսնում եք, մենք բոլորս փոխշաղկապված ենք: Մենք այլ ճանապարհ չունենք, և ես հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս այդ միասնական աշխատանքում»,– համատեղ հանցանքի միջոցով միավորման բանաձևը ներկայացրեց ՀՀԿ ղեկավարը։

Սերժ Սարգսյանը խոսել է նաև ժողովրդի խնդիրների լուծումից, Հայաստանի ժողովրդավարացումից ու մարդու իրավունքներից և, որպես լուծում, առաջարկել սահմանադրական փոփոխությունները։ Իսկ դա նշանակում է, որ խնդիրները խորանալու են, ժողովրդավարությանը սպառնում է լիակատար ոչնչացում, իսկ մարդու իրավունքները կմնան ԱԺ խրամատից կրակող ՀՀԿ–ական ինտելեկտուալների գնդակների տակ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ, իրոք, քաղաքական նոր սեզոն է բացվել, և այդ նոր սեզոնի ժամանակ պետք է արմատական փոփոխությունների հասնել, այլապես հայ ժողովրդի վրա կկրակեն ոչ միայն ԱԺ խրամատներից, այլև հնարավոր բոլոր տեղերից։

Սկզբի համար պետք է տորպեդահարել սահմանադրական փոփոխությունները։ Դրանից հետո արդեն կարելի է լռեցնել ԱԺ–ից արձակվող կրակոցները, գրավել խրամատները և անցնել գրոհի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը