Կարծիք

07.09.2014 19:19


Մերի Մովսիսյան. «Ոչիշխանական ուժերը սահմանադրական փոփոխությունների հարցում չեն մտնի քննարկումների մեջ՝ «փաստարկ-հակափաստարկ» խաղալու»

Մերի Մովսիսյան. «Ոչիշխանական ուժերը սահմանադրական փոփոխությունների հարցում չեն մտնի քննարկումների մեջ՝ «փաստարկ-հակափաստարկ» խաղալու»

Երեկ ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած ՀՀԿ խորհրդի նիստը:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը հերթական անգամ ոչիշխանական քաղաքական ուժերին ու հանրությանը քաղաքական «մեսիջ» է հղել առ այն, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական փոփոխություններից՝ սեփական անձի վերարտադրության գաղափարից:

Կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում հայերիս գոյությանը՝ որպես ազգի, քանզի նրա վերարտադրությունը կհանգեցնի պետության հետագա քայքայմանը: Խոր վերլուծության անհրաժեշտության կարիք էլ չկա՝ հասկանալու, որ դա երկրի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է՝ խթանվող ներսից:

Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու ցանկացած փորձ պետք է գործնականում հանգի ամբողջական իշխանափոխության: Սա՝ մեկ:

Երկրորդ՝ արտագաղթի ցուցանիշները հասել են կրիտիկական կետի. եթե իշխանությունը հաջողի վերարտադրվել, ապա Հայաստանում արտագաղթը զանգվածային բնույթ կկրի: Երկրում կմնան միայն ծերերը և հասարակության ամենախոցելի խավերը: Հարմար առիթ թշնամու համար՝ զբաղվելու «Հայաստանն առանց հայերի» ծրագրով (որքան նման են թուրքերի ու Սերժ Սարգսյանի ծրագրերը Հայաստանի հաշվով: Ինչպես ասում էր Նժդեհը՝ թուրքանման հայերը թուրքից էլ վտանգավոր են): «Ո՞վ է պաշտպանելու, կամ ո՞ւմ է պաշտպանելու մեր ազգային բանակը» հարցն այլևս հռետորական չի հնչի:

Երրորդ՝ իր խոսքում Սերժ Սարգսյանը հետևյալ արտահայտությունն է արել. «Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի (սահմանադրական փոփոխությունների-խմբ.) ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն, իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար»:

Երկրում իրավական պետության կայացման միակ խոչընդոտը Սերժ Սարգսյանի՝ միակ օլիգարխի նեոբոլշևիկյան իշխանությունն է, որում տեղ չկա օրինականությանը, սահմանադրական կարգի պահպանմանը և քաղաքացիների հավասարության սկզբունքի՝ օրենքի առաջ ապահովմանը:

Ինչ վերաբերում է ժողովրդավարության հետագա զարգացմանը, սկզբի համար նշեմ, որ նեոբոլշևիկյան քաղաքականության փաստացի կիրառման համապատկերին «ժողովրդական, ժողովրդավարություն, հանուն երկրի ու ժողովրդի...» և այլ հասկացությունների կիրառումը իշխանության կողմից բացարձակ դեմագոգիա է:

Բացի այդ, ժողովրդավարությունը և նրա զարգացումը ենթադրում են (դասագրքային ճշմարտություն) ազատականացված շուկա, քաղաքացիների բարձր կենսամակարդակ (Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշը 36% է կազմում, ներմուծում-արտահանում հարաբերակցությունը 4/1 է, ներդրումների գրեթե զրոյական ծավալի, գերշահույթի ու մենաշնորհի մասին էլ լռեմ...), վերջապես, միջին խավի առկայություն, որը փոքր և միջին բիզնեսի բացակայության դեպքում պարզապես չի կարող գոյություն ունենալ:

Եվ վերջապես, ժողովրդավարությունը ենթադրում է ազատություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ լրատվական, թե՛ հոգևոր և այլ ոլորտներում: Ազատություն, բայց ոչ ամենաթողություն:

«Ազատություն» ասվածը, որն, ի դեպ, բացի փիլիսոփայական կատեգորիա լինելուց՝ նաև իրավաքաղաքական է, չի կարող ոմանց դեպքում (օրինակ՝ Տիգրան Սարգսյանի, լիսկաների, նույն Սերժ Սարգսյանի) աշխատել, իսկ մյուսների դեպքում՝ ոչ:

Հիմա՝ ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեմ փաստարկների պահանջին, որոնց մասին նշել է Սերժ Սարգսյանը: Նա հարցադրում է անում՝ ինչո՞ւ ժամանակը չէ սահմանադրական փոփոխություններ անելու: Մի շատ պարզ պատճառով՝ այդ սահմանադրական փոփոխությունները ոչ մի կերպ չեն արտացոլում ազգային ու պետական շահերը, քանզի ուղղված են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի քաղաքական վերարտադրությանը:

Երկրորդ՝ լուսավորեմ Բաղրամյան 26-ում նստած «պոլիտօլուխներին», որ գոյություն ունի քաղաքական որոշումների ընդունման առաջնահերթության սկզբունքը: Դա նշանակում է, որ վարի գնացող երկրում առաջնայինը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է, քաղաքացիների սպասելիքների բավարարումը, քաղաքատնտեսական խոր ճգնաժամից խուսափելու նախազգուշացնող միջոցների գործարկման պրակտիկան կիրառելը և այլն:

Նախաձեռնած սահմանանադրական փոփոխություններն իրենց բնույթով ուղղված են քաղաքական համակարգի վերափոխմանը՝ հօգուտ նախագահի պաշտոնը զբաղեցնող պարոնի, հետևաբար ոչ մի մասով չեն լուծում երկրում առկա սոցիալտնտեսական խնդիրները:

Հետևաբար, չի էլ լուծվում ժողովրդավարության հետագա զարգացման գործընթացը. հակառակը՝ մենք վերածվելու ենք փտած Սովետի, առանց նավթի ու գազի:

Բացի այդ, ներկա Սահմանադրությամբ չի՛ գործում ու իշխանության կողմից չի՛ ապահովվում տնտեսության զարգացման կարևոր հոդվածներից մեկը, այն է. «Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը», ուր մնաց՝ Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան սահմանադրության պայմաններում:

Այսքանը բավարար է, որպեսզի Սարգսյանը հասկանա՝ ինչու են նրա փոփոխություններն անպատեհ:

Եվ հետո, Սարգսյանին ու նրա թիմին նախաձեռնության հենց սկզբից ասվել է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ոչիշխանական սթափ ուժերն ու հասարակության առողջ դատողությամբ օժտված զանգվածը չեն մտնելու քննարկումների մեջ (ով էլ մտնի՝ ավտոմատ ընկնում է իշխանական տիրույթ)՝ «փաստարկ-հակափաստարկ» խաղալու: Սահմանադրական փոփոխությունների գաղափարն է մերժվում մեզանում ինքնին: Սարգսյանն իզուր է ցանկանում շուստրի ձևանալ ու ոչիշխանական քաղաքական ուժերին ներքաշել այդ գաղափարի քննարկման մեջ: Ինչպես ասում են՝ «Дураков нет!»:

Այսպիսով, իշխանությունն իր ասելիքն ասաց: «Քառյակին» մնում է միասնական ու համակարգված քայլերով լծվել թավշյա իշխանափոխության գործընթացին, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան երկրում փրկել:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը