Կարծիք

07.09.2014 11:25


Արմեն Հարությունյան. « Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները տորպեդահարելու գլխավոր փաստարկը»

Արմեն Հարությունյան. « Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները տորպեդահարելու գլխավոր փաստարկը»

Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի հերթական ու սովորական դարձած նիստերը իշխանությունները փորձել էին մի քիչ հետաքրքրական դարձնել, ու, իրենց կարծիքով, ինտրիգայնություն հաղորդել դրանց: Իսկ դա արտահայտվելու էր խորհրդի նիստը Կառավարության նիստերի դահլիճում անցկացնելու մեջ: Դե, եթե բովանդակային ոչինչ չունեն անելու, ստիպված ձևը պիտի կարևորեն:

Վերջերս «բազեականների» հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թերահավատորեն էր խոսել աշնանային ակտիվ զարգացումների վերաբերյալ ու դա հիմնավորել, թե՝ այդ ե՞րբ չեն ասել, որ աշունը թեժ է լինելու: Բայց հասկանալով, որ սպասվող ակտիվ զարգացումներն այլևս կանխել չի կարող՝ երեկվա ելույթով փորձեց իր ձախողված «նախաձեռնողականության» ոգով հանդես գալ նաև ներքաղաքական հարցերում, ուստի հանձնարարեց, որպեսզի թիմակիցներն ակտիվ լինեն աշնանը, և դուրս գան արձակուրդային տրամադրություններից, այսինքն՝ սրանով «վերջին բոլշևիկն» ուզում էր հասկացնել տալ, որ առաջիկայում հանրությանն իրենց քաղաքական օրակարգն են պարտադրելու:

Իր երեկվա ելույթում Սարգսյանը դարձյալ առանձնահատուկ կարևորեց սահմանադրական փոփոխությունները: Նշեց, որ հոկտեմբերի 15-ին հայեցակարգը կներկայացնեն իրեն, ու արդեն կսկսվեն լայն քննարկումները տարբեր մակարդակներում: Այստեղից հետևություն, որ ինքը հաստատակամ է սահմանադրության փոփոխության հարցում, բայց դրա համար պետք է ձգձգի քննարկումները, որպեսզի տեսնի, թե ինչ զարգացումներ կլինեն աշնանը, ու եթե իր համար բարենպաստ չլինեն, ապա ակտիվ քաղաքական պրոցեսների գլխին կանգնած ուժերի հետ բանակցության նստի ու սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը ներկայացնի որպես զիջում՝ ակնկալելով փոխադարձ վերաբերմունք: Բայց Սահմանադրության փոփոխության հարցում երեկ Սարգսյանը նշում էր, որ իր ընդդիմախոսները ոչ մի փաստարկ չեն բերում. միայն ասում են, որ հիմա դրա ժամանակը չէ, մինչդեռ Ազատիչն իրականում ցանկանում է Սահմանադրությունը փոխելուն դեմ արտահայտվող ուժերին ներքաշել բովանդակային քննարկման դաշտ, իսկ դա ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ: Դա նման է Մեծ եղեռնի հարցում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ լինելուն, որով արդեն կասկածի տակ ես դնում Ցեղասպանության փաստը: Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառով ես բովանդակային քննարկման մեջ ներքաշվում, դրանով ապացուցում ես, որ ընդունում ես՝ Սերժ Սարգսյանը ոչ թե Սահմանադրությունը փոխում է իր վերարտադրության, այլ ժողովրդի համար: Բայց դե, մսուր–մանկապարտեզի երեխաների համար էլ է պարզ, որ գործող նախագահի անձնական շահն ու «նախաձեռնողական» քայլերը մշտապես խոր հակասության մեջ են եղել հանրային ու պետական շահերի հետ։

Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում համակարգային փոփոխություններն այլևս անցնում են իշխանափոխության սահմանագծով, քանզի Սերժ Սարգսյանն իրենով է փոխարինել պետական կառավարման ինստիտուտներն, ու սահմանադրական փոփոխություններով փորձում է գերկենտրոնացված ու մեկ անձի համակարգն իր համար դարձնել ցմահ։

Հետևաբար, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր բնագավառներում ձախողված ու ամեն գնով փող աշխատելու մտքով տառապող այս իշխանությունները գնան «բարեփոխումների»: Սրանից էլ ավելի համոզիչ փաստա՞րկ, որ սահմանադրական փոփոխությունները պետք է տորպեդահարվեն։

Բայց եթե Սարգսյանը շատ է ցանկանում, բերեմ մի փաստարկ, իսկ հազարավորները մեր հայրենակիցները կներկայացնեն: Զիմբաբվեից մասնագետ հրավիրող ու մերոնց ծիրան աճեցնել սովորեցնող ու դրա համար պետբյուջեից 462 հազար ԱՄՆ դոլար քամուն տվող վարչապետն այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է: Մինչդեռ, այդ գումարով կարելի էր աղետի գոտում մոտ 25 ընտանիքի, ասել է թե՝ 100 մարդու, հանել տնակներից ու բնակարաններով ապահովել: Հիմա ոչ միայն մենք, որ այս փաստին ծանոթ ենք ու շատ վրդովված, այլ, առավել ևս, մեր այդ հայրենակիցները դեմ են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն փոխի: Կուզենամ, որ այս համոզիչ փաստարկին «վերջին բոլշևիկը» հակափաստարկ ներկայացնի կոնկրետ գործերով, թե մեր որ պաշտոնյային է զիմբաբվեական նիզակի ծայրին նստեցրել, ու մենք էլ կորոշենք՝ կարելի՞ է, այնուամենայնիվ, նրան լուրջ գործեր վստահել, թե՞ ոչ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1469412039997245&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը