Կարծիք

05.09.2014 23:58


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Բլեֆի լիմիտները սպառվում են

Երեկվանից անհամբեր սպասում ենք, թե ինչ հռչակագիր է ընդունվելու Ղարաբաղի մասով ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովում, ինչ տվեց մեզ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Կարծես՝ նախապես չգիտեինք, որ ոչ մի սպասելիք էլ չկա, իսկ եթե մի բան էլ սպասվի, ապա միայն «վատ լուր» խորագրի ներքո:

Փորձենք հասկանալ, թե այդ ինչպե՞ս է լինում, որ աշխարհը խառնվում է, գերտերությունների հակասությունները խորանում են, ուժի կենտրոններն իրենց ուժն են ցուցադրում մեկը մյուսին, բայց ոչ մի իրադարձություն մեր օգտին չի լինում:

Սերժ Սարգսյանը ցանկանում էր սահմանները բաց տեսնել Թուրքիայի հետ: Անգամ համաձայն էր Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, դեմ չէր, որ Թուրքիան խառնվեր Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին: Հետագայում «ֆուտբոլային» ձախողված դիվանագիտության դրական արդյունք համարվեց մեզ համար անգամ այն, թե մենք ամեն ինչ արեցինք, իսկ ա՛յ, ապակառուցողական Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները, և աշխարհը տեսավ, թե ինչ լավն ենք մենք, և ինչ վատն է Թուրքիան (կարծես՝ աշխարհի աչքերում Թուրքիային բացահայտելու համար էր սկսվել «ֆուտբոլային» դիվանագիտությունը):

Մեկ այլ դեպքում Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները, առհասարակ՝ ամբողջությամբ համաձայն է բանակցային սեղանին դրված կարգավորման փաստաթղթին, որում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին դեմ բավական ձևակերպումներ կան, բայց Ադրբեջանը չհամաձայնվեց, դե, մենք էլ, ի լուր աշխարհի, հայտարարեցինք, թե՝ տեսեք՝ մեզնից ով է ապակառուցողական վարքագիծ դրսևորում, այսինքն՝ տեսեք, թե ինչքան լավն է Հայաստանը (որ պատրաստ է հանձնել), և ինչքան վատը՝ Ադրբեջանը (որ պատրաստ չէ ընդունել հանձնվելիքը, քանզի ավելին է ուզում):

ԵՄ–ի հետ չորս տարի բանակցեցինք, բայց անլուրջ գործընկերոջ կարգավիճակով հայտնվեցինք ՄՄ–ում: Բայց դե, սովորության համաձայն՝ հայտարարվեց, որ մենք լավն ենք, քանի որ ցանկանում ենք ԵՄ-ի հետ խորացնել ինտեգրացիոն պրոցեսները, բայց այս ապակառուցողական Արևմուտքը մեր «և, և»-ին իրենց «կամ, կամ»-ը հակադրեց, ու վերջում այսպես ստացվեց:

Հիմա գլխապատառ ուզում ենք մտնել ԵՏՄ՝ անգամ Ղարաբաղը մեր պատկերացումներից դուրս թողնելով։

Վրաստանը ստորագրեց ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, և, ուշ թե շուտ, դժվարություներ ենք ունենալու մեր հյուսիսային հարևանի հետ տարբեր տնտեսական համակարգերի մեջ լինելու պարագայում, երբ մեր շփումը ԵՏՄ անդամ երկրների հետ լինելու է հենց այդ հարևանի միջոցով: Էլ չեմ խոսում այն մասին, որ բաժանարար գծերը միայն տնտեսական հարթության վրա չեն. այսօր արդեն դաշինքի կողմից Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամագրվելու միջոցառումների փաթեթ է ներկայացվել: Հիմա մեր իշխանավորների մոտ մի սեր է բուսնել Վրաստանի հանդեպ, անգամ պաշտոնական արարողակարգի հերն անիծելով՝ Վրաստանի վարչապետին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի մուտքի մոտ դիմավորեց, որ հետո ասի, թե՝ տեսեք՝ մենք ամեն ինչ արեցինք, իսկ այդ վրացիներն ապակառուցողական գտնվեցին:

Սերժ Սարգսյանը սեփական դիրքերն ամուր ցույց տալու համար անընդհատ բարձր խաղադրույքներ է կատարում ու Աստված է կանչում, որ մրցակիցները բարձրանան այդ թվից, որպեսզի Ազատիչը բլեֆի տակ չմնա, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ ինքն արդեն բավական ժամանակ է՝ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ու բոլորն էլ հրաշալի գիտեն նրա զորությունն էլ, բլեֆի որակն էլ:

Առայժմ դեռ արտաքին աշխարհը փորձում է «վերջին բոլշևիկին» չնույնացնել Հայաստան պետության ու հայ ժողովրդի հետ, քանի որ տեսնում են, որ մեր երկրում տրամադրությունները միանգամայն այլ են, բայց եթե մեզ չհաջողվի այս անհաջողակ «նախաձեռնողականներին» հեռացնել իշխանությունից, աշխարհն, ուզի թե չուզի, գործ է ունենալու Սարգսյանի վարչակազմի հետ: Այնպես որ, եթե վարվող քաղաքականության համար իշխանություններն են մեղավոր, ապա նրանց արշինով մեր երկիրն ու մեր ողջ ժողովրդին չափելու դեպքում մեր մեղքը պակաս չի լինելու:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1467478066857309&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը