Լրահոս

04.09.2014 12:37


Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ գործարարների միջև (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ գործարարների միջև (տեսանյութ)

Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:

Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լին: Երկարատև հանդիպման ընթացքում ծավալվել է ջերմ ու բարեկամական զրույց: Չին բարձրաստիճան պաշտնյան նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է գործունեության տասը տարիների ընթացքում մեծ առաջընթաց արձանագրել և չափազանց կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում:
«Պարո՛ն Ծառուկյան, Դուք հանրային մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ եք և Ձեր անձնական մեծ ներդրումն եք ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Լին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է:

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ պատրաստ է Հայաստանում հյուրընկալել չին գործարարներին և դառնալ վստահության երաշխավոր՝ աջակցելով Հայաստանում ներդրումներ կատարելու չին գործարարների յուրաքանչյուր քայլին ու նախաձեռնությանը:
Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել տնտեսական մեծ համաժողով, որի ընթացքում չին գործարարները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ հայաստանյան բիզնես միջավայրին: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ անձնական որևէ շահ չի հետապնդում և պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ-գործարարների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար:
Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարևորելով երկու կուսակցությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝ Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշել է, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չին ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, որը մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ տալ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական այցը շարունակվում է: Այսօր օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները:

Այս խորագրի վերջին նյութերը