Կարծիք

03.09.2014 23:55


«Պատմական» օրվա հետևանքների և մեր անելիքի մասին

«Պատմական» օրվա հետևանքների և մեր անելիքի մասին

Այսօր հիրավի պատմական օր է. ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Մաքսային միություն մտնելու մասին տեղեկություն չկա, և Հայաստանը նախաստորագրելու է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը»:

Եվ ընդամենը այդ ելույթից մի քանի րոպե հետո լուր ստացանք, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»:

Այսինքն, մենք ազգովին որոշել ենք մտնել ՄՄ և ԵՏՄ, իսկ բանից բեխաբար մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք ձգտում էին դեպի ԵՄ: Եվ մեր երկրի ու իշխանությունների քաղաքական կուրսին դեմ գնացող Գալուստ Գրիգորիչն այժմ երկրի 2-րդ դեմքի հաստիքի վրա է ձևակերպված, քանզի այդքան անդեմք երկրորդ դեմք չի լինում, որպեսզի նրան այդկերպ կոչենք: Սա ցույց է տալիս, թե որքանով է ԵՏՄ-ին անդամակցության ընտրությունը մերը, և ինչպես են մեր վզին իրենց հապշտապ որոշումը փաթաթում ու ստիպում, որ հետևանքների տակից դուրս գանք:

Բայց խնդիրը միայն այն չէ, որ մեզ այս փուլում ոչ պետք էր դառնալ ԵՄ-ի ասոցացված անդամ, ոչ էլ անդամակցել ԵՏՄ-ին: Համարենք, որ, ճիշտ թե սխալ, իշխանություններն իրենց ընտրությունը կատարել են, բայց ի՞նչ է մեզ խոստանում այդ ընտրությունը:

Լա՛վ, Արևմուտքի հետ հարաբերությունները վատացրեցինք, ձեռք բերեցինք անլուրջ, «քցող» ու անհուսալի երկրի համբավ, դրա փոխարեն ի՞նչ ստացանք։

Ուզում ենք ԵՏՄ մտնել, բայց խոստովանում ենք, որ ոչ բոլորն են այնտեղ ուրախ մեզ տեսնել, ու առաջին հերթին ի նկատի ունենում Ղազախստանին: Հիմա տեսնում ենք, որ Նազարբաևը հասկացնել է տալիս Պուտինին, որ իր երկրի անկախության և, առհասարակ, շահերի հաշվին չի մնալ ԵՏՄ-ում, և ցանկացած նման դրսևորման դեպքում դուրս կգան այդ կառույցից: Իսկ Ղազախստանը մեզ դիտարկում է այնպես, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին, որպեսզի ՌԴ-ի շահերը սպասարկենք՝ ընդդեմ մյուս անդամ երկրների:

Անշուշտ, մեզ, որպես փոքր երկրի, ձեռնտու է, որպեսզի ԵՏՄ-ում ՌԴ-ն իր գերիշխանությունը չհաստատի մյուսների վրա, ուստի չափազանց կարևոր է, որ հակակշիռների մեխանիզմն արդյունավետ գործի, ինչի տակ դիտարկվում է հենց Ղազախստանի ազդեցիկ դերակատարությունը: Բայց մենք չենք պատրաստվում այդ հակակշռի կողքին կանգնել, այլ փորձելու ենք հակակշիռ լինել այդ հակակշռին՝ մտնելով ՌԴ-ի թևի տակ: Ու չկա որևե միամիտ մարդ, ով չհասկանա, որ Ղրղզստանի հետագա անդամակցությունն այդ կառույցում կդադարի Ղազախստանի դուրս գալուց անմիջապես հետո: Բայց երբ Ադրբեջանի բարեկամ Ղազախստանը մեզ դեմ է, իսկ մեր հույս ու ապավեն ՌԴ-ն էլ ղազախներին սիրաշահելով է զբաղված և պատրաստ է զիջումների, միայն թե չվտանգի միության գոյությունը, այս պարագայում հույսեր փայփայել, որ ԵՏՄ-ում մեզ համար առաջընթաց կլինի, կարող է միայն մոլորյալ լավատեսը:

Իսկ այս ամենի պատճառն առաջին հերթին մեր մեջ պիտի փնտրենք: Իշխանությունները ֆուտբոլ են խաղում մեկի հետ, արդյունքում՝ մեր երկիրը դարձնում ֆուտբոլի գնդակ, շախմատ են խաղում մյուսի հետ, արդյունքում՝ մեր երկիրը դարձնում «պեշկա», որին հանգիստ զոհաբերում են, թղթախաղ են խաղում մի երրորդի հետ, արդյունքում՝ չենք դիմանում պայքարին ու ստիպված խաղադրույք կատարում ՀՀ-ով ու Ղարաբաղով:

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է ուշքի գա և խաղեր տվող իշխանություններին իրենց տեղը ցույց տա:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1466322240306225&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը