Մեկնաբանություն

03.09.2014 16:47


Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում

Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյանի թիմակիցներն անհամբերությամբ սպասում էին, թե երբ նա կակնարկի, թե ում է տեսնում նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտից հետո: Անցան օրեր, ամիսներ, տարիներ, անգամ մոտենում է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտը, բայց նա համառորեն հրաժարվում է հայտարարել, թե ում կցանկանար փոխանցել նախագահի պաշտոնը (եթե, իհարկե, մտադիր է հեռանալ, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններով վերարտադրվել «Գենսեկի» տեսքով):

Նրանք, ովքեր ճանաչում են Սերժ Սարգսյանին, հասկանում են, որ նա ամեն ինչ անելու է ինտրիգը ձգելու եւ հնարավորինս շատ մարդու կախման մեջ պահելու համար: Սերժ Սարգսյանն անգամ ցանկանում է նման խաղի մեջ ներքաշել Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին: Շատերը կշտապեն ասել, որ Կարապետյանը վաղուց արդեն դուռը շրխկացրել եւ հեռացել է, բայց Սերժ Սարգսյանի համար դա որեւէ նշանակություն չունի: Նա ինքն իրեն հակասելու եւ տրամագծորեն տարբեր որոշումներ կայացնելու աշխարհի չեմպիոն է:

Երբ իր շքախումբը նոսրանում է, նա պատրաստ է անգամ իր կողքին տեսնել Կարեն Կարապետյանին, ով, ինչպես վկայում են մամուլի միջոցները, հրաժարվեց իրեն առաջարկված ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոններից եւ չցանկացավ ճանապարհ անցնել ձախողված Սերժ Սարգսյանի հետ:

Կարեն Կարապետյանի գրասենյակի տարածած հայտնի հայտարարությունից հետո թվում էր, թե Սերժ Սարգսյանն այլեւս նրան որեւէ առաջարկ չի անի, բայց նա այլ ծրագրեր ունի:

Արդեն գաղտնիք չէ, որ նա մտադիր է նոր Սահմանադրություն կամ գոնե Սահմանադրության փոփոխված տարբերակ ստեղծել, որը թույլ կտա փոխել կառավարման համակարգը և դռներ բացել վերարտադրության համար: Եւ ահա, այս իրավիճակում նա ունի այն մարդկանց կարիքը, որոնք կասեն, որ մեր երկիրը կառավարման համակարգի փոփոխման պետք է գնա:

Անշուշտ, Սերժ Սարգսյանը միայն ուրախ կլիներ, որ այդ շարքում տեսներ նաեւ Կարեն Կարապետյանին: Բնականաբար, կարելի է եւ այդ նպատակին հասնելու համար եւս մի քանի խոստումներ տալ հայտնի գործարարի եղբորը:

Իհարկե, քիչ հավանական է թվում, որ Կարեն Կարապետյանը կարող է ծուղակն ընկնել, բայց կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում համառելու է: Այսուհանդերձ, եթե մի մարդ հրաժարվել է վարչապետի պաշտոնից, ապա դժվար է ենթադրել, որ անորոշ խոստումներ ստանալով՝ կկանգնի եւ կպաշտպանի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարը:

Չմոռանանք նաեւ, որ Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարությունից կարելի էր հասկանալ, որ նա որեւէ պաշտոն չի ստանձնի, քանի դեռ իշխանության ղեկին Սարգսյանն է կանգնած:

Եւ եթե Կարեն Կարապետյանը մինչեւ վերջ ամուր կանգնի ներկայիս դիրքերում, ապա նա իր արժանի տեղը կարող է գտնել երկրի ղեկավար համակարգում, իհարկե, համապատասխան եւ արմատական փոփոխություններից հետո (ի դեպ, Կարեն Կարապետյանը եւ հատկապես նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, թաթախված չեն սկանդալներում եւ կոռուպցիոն պատմություններում):

Բնականաբար, Սերժ Սարգսյանն, անկախ ամեն ինչից, փորձելու է տարբեր գործիչներ կանգնեցնել եւ այս առումով հասկանալի է, որ ճնշումները Կարապետյանի վրա կարող են միայն ուժգնանալ, բայց հենց այստեղ կերեւա, թե որքան ամուր գործիչ է Կարապետյանը, եւ ինչ տեղ կարող է գրավել Հայաստանում:

Ամեն դեպքում, միայն այն, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ բերել Կարապետյանին, վկայում է, թե սահմանադրական փոփոխությունների հարցում որքան քիչ աջակից եւ համակիր ունի նա, եթե, իհարկե, չհաշվենք Արմեն Աշոտյանին եւ Էդուարդ Շարմազանովին, ինչպես նաև քաղաքական դաշտի բացահայտված հաճախորդներին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը