Լրահոս

03.09.2014 14:43


Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»

Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

-Պարո՛ն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից:

-Սա լավ հնարավորություն է մեզ համար՝ անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ:

-Արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

-Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, օրինակ, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստի, բայց ես ուզում եմ տեսնեմ, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները, և այս խաղը շատ կարևոր է այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

-Ի՞նչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին:

-Ես դիտել եմ վերջին երկու խաղերն Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Իհարկե, Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

-Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կա՞ն արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն:

-Մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:

-Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չե՞ք կարծում, որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ:

-Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան՝ եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, պետք է խաղանք ավելի շատ հարձակողական ֆուտբոլ՝ անկախ նրանից, թե ով է հակառակորդը՝ Լատվիա՞ն, թե՞ Դանիան: Իհարկե, կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով, կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ, և այս դեպքում ապավինել վերջնական հաջողության չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց, միևնույն, է դա բավական չէր: Հնարավոր է՝ ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «խենթ»: Դա նշանակո՞ւմ է որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ:

-Այդ երկու հասկացությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն մարզչի հրահանգները: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

-Հենրիխ Մխիթարյանը խաղալո՞ւ է առաջին րոպեներից:

-Այո:

–Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ո՞վ պետք է փոխարինի իրենց, և ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին:

- Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, առանց որոնց մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք է ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կա, և հավատամ, որ մյուս խաղացողները կկատարեն այն, ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:

Ինչ վերաբերվում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա իր ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր… և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:

-Դուք ասացիք, որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Լատվիայի հավաքականի ո՞ր գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել:

-Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել, որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը՝ շատ ուժեղ: Մի խոսքով, Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:

Այս խորագրի վերջին նյութերը