Լրահոս

03.09.2014 13:27


ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել ՀՀ-ում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է: Մնացած առաջարկներին օրինագծի հեղինակները կանդրադառնան հետագայում, երբ կմշակվի ռազմական նոր հայեցակարգ: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանձնաժողովին մանրամասներ ներկայացրեց ԱԺ պատվիրակության՝ օգոստոսի 26-29-ը ԼՂՀ կատարած այցի արդյունքների, տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների վերաբերյալ:

Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի առաջիկա ծրագրերն ու անելիքները:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է երկար ժամանակ եւ հիմնական նպատակն է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ բարձրացնել բուժաշխատողների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները:

Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ: Բուժաշխատողների համար պարտադիր է համարվում մասնագիտական դասընթացների, սեմինարների, սիմպոզիումների մասնակցության միջոցով տեսական գիտելիքների զարգացումը, գիտագործնական միջոցառումների մասնակցության միջոցով գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաեւ ինքնազարգացումը` օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Նշված միջոցառումները կազմակերպվում են բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաեւ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:

Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի եւ դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ:

Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգերում:

Հանձնաժողովը հաստատեց նաեւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկման մեջ կասկածվող անձանց հայտնաբերման պահից նրանց՝ ուղղորդման, նրանց վերաբերյալ տեղեկատվության կուտակման եւ փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ՝ նույնացման, աջակցության եւ պաշտպանության ապահովման, մտորման ժամկետի ընձեռնման գործընթացների հետ կապված հարաբերությունները: Նշվեց, որ օրենքի նախագիծը կիրառելի է ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա ցանկացած պետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող կամ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար: Նախատեսվում է ստեղծել նույնացման հանձնաժողով, որը կազմավորվելու է գործընկեր հասարակական կազմակերպությունների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ենթակա մասնագիտացված ստորաբաժանումների ներկայացուցիչներից, ովքեր ունենալու են հավասար իրավունքներ: Հավասարեցված է նաեւ նրանց ներկայացվածության քանակը: Առաջարկվում է թրաֆիքինգի զոհերին տրամադրել նյութական, բժշկական, հոգեբանական, իրավաբանական կամ խորհրդատվական աջակցություն:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվում է օրինագիծը համալրել նոր պարբերությամբ, ըստ որի եթե վարկի տրամադրման, օգտվելու կամ մարման վերաբերյալ գովազդային ծառայությունները անկախ գովազդի տեղադրման վայրից պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որեւէ այլ վճարի կամ ծախսի մասին, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը, այն ստանալու եւ մարելու համար կատարվող ծախսերը), ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ ողջամիտ ձեւով հասու դարձնել վարկի փաստացի արժեքը, ապա ներկայացվում է դրա հաշվարկման կարգը կամ վարկի տարեկան փաստացի արժեքի առավելագույն չափը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրինագծի ընդունման արդյունքում կբարձրացվի աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետությունը:

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է տվյալ օրենքների գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես` տարընթերցումների, երկիմաստությունների եւ ոչ հստակ դրույթների շտկման, օրենքների ընդունումից հետո ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ գործող (հատկապես «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի) եւ ընդունված նոր օրենքների հետ տվյալ օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին դրական եզրակացություն տվեց? ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվությունը հանձնաժողովի անդամների գնահատմանը ներկայացրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ 2013 թվականին Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացրել է հաշվետու տարվա ընթացքում կատարված գործարքների մասով: Արձանագրվել է խախտումներ ու թերություններ, տեղում շտկվել՝ տնտեսելով պետական բյուջեի միջոցները: ՎՊ վերլուծությունները ցույց են տվել, որ շինարարության ոլորտում դեռեւս առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք հատկապես արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաեւ շինարարության անկատար եւ ոչ կենսունակ հսկողության համակարգերում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվեց 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ հիբրիդների սերմերի եւ պտղահատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութի գրանցված եւ հեռանկարային հանդիսացող սորտերի եւ հիբրիդների արտադրության եւ մատակարարման բնագավառում միջպետական համագործակցության պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատանքային փակ քննարկում արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը