Աշխարհ

03.09.2014 10:21


Ճապոնիայի կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել վարչապետ Սինձո Աբեի պահանջով։ Նա անձամբ է հավաքել նախարարների համապատասխան դիմումները կառավարության արտակարգ նիստին։

Կառավարության հրաժարականը ողջ կազմով սովորական գործընթաց է՝ անհրաժեշտ կադրային փոփոխություններ իրականացնելու համար։

Հրաժարական տված կառավարությունը ֆորմալ իրականացնելու է իր պարտականությունները մինչև օրվա երկրորդ կեսը։ Այդ ժամանակ ձևավորվելու է նոր կառավարությունը, որում վարչապետը մտադիր է միանգամից 11 նախարար փոխել, մասնավորապես՝ պաշտպանության, արդարադատության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին։

Նշվում է, որ կառավարության նոր կազմը հինգ կին նախարար կհամալրի։ Դա Սինձո Աբեի անձնական նախաձեռնությունն է՝ ուղղված կանանց դերի ակտիվացմանը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում։ Հավանական է՝ Պաշտպանության նախարարության ղեկավար նշանակվի Ակինորի Էտոն՝ Պաշտպանության նախարարության ներկայիս կազմի կարևոր դերակատարներից մեկը։

Հաղորդվում է, որ նոր կառավարության կազմ կմտնի երկրի նախկին վարչապետի դուստր Յուկո Օբուտին, սակայն դեռ պարզ չէ՝ որ պորտֆելը նրան կհասնի։ Իրենց պաշտոնները հնարավոր է՝ պահպանեն փոխվարչապետը և ֆինանսների նախարար Տարո Ասոն, ԱԳՆ ղեկավար Ֆունիո Կիսիդան, գիտության և կրթության, սպորտի նախարարները։ Լիազորությունները վայր դրած կառավարությունն «ամենաերկարակյացն» էր երկրի հետպատերազմյան ողջ պատմության ընթացքում։

Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերից՝ ձևավորման օրվանից մինչ այսօր Ճապոնիայի կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի արվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը