Կարծիք

02.09.2014 18:40


Իշխանություններն ընդդեմ ապագա սերնդի

Իշխանություններն ընդդեմ ապագա սերնդի

Երեկ սեպտեմբերի 1-ն էր՝ Գիտելիքի օրը: Ու թեպետ տոնը «ծաղկացրեցին» տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ ուղերձներով, համացանցային շնորհավորանքներով, դպրոցներ այցելելով, բայց, միևնույն է, բովանդակությունը ջախջախիչ պարտություն կրեց ձևի նկատմամբ:

Այսքան տխուր տո՞ն այս լուսավոր օրը: Ցավալի է:
Մի տեղ դպրոցի տնօրենը Տարոն Մարգարյանի ուղերձը կարդալուց առաջ հինգ րոպե քծնել է քաղաքապետին, այնուհետև դողացող ձեռքերով բացել է Տարոնի «քերթվածքն» ու այնպիսի առոգանությամբ կարդացել, կարծես՝ ձեռքում Աստծո պատվիրանների բնօրինակն էր, ու Տիրոջ խոսքն է փոխանցում երեխաներին: Այն Տարոնի, ով իր թեկնածուականի պաշտպանության ժամանակ արգելել էր լրագրողների մուտքը դահլիճ, որպեսզի չնկատեին, որ հայոց ոչ բոլոր տառերն է հասցրել սովորել մեր քաղաքապետը:

Մշակույթի, գիտության, արվեստի քաղաք Գյումրիից տեղեկություն ստացանք, որ մի տեղ էլ աշակերտներին ստիպել են պիոներական վզկապներով գալ դպրոց: Անգամ չհասկանալով, որ եթե լսել են, որ Ռուսաստանը ցանկանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, ապա դա ընդամենը պատկերավոր է ասված, ու ամենևին չի նշանակում, որ կոմունիստական կարգերն են վերականգնում: Ի՞նչ է՝ ՌԴ-ում կոմունիստնե՞րն են իշխանության: Պարզապես ցանկանում են իրենց երկիրը դարձնել գերտերություն, որի ճանապարհին առաջին քայլերից մեկը համարում են հետխորհրդային երկրների վրա իրենց ազդեցությունը տարածելը: Իսկ մերոնք՝ իրենց «նախաձեռնողականությամբ», արդեն ոչ միայն անջուր բոբիկացել են, այլև՝ տկլորացել: Տեսնես՝ ո՞ւմ «քաշած» կլինեն այսքան նախաձեռնող:

Երևանյան դպրոցներից մեկում էլ ուսուցիչն իր ելույթում նշում է, որ խոնարհվում է ներկա գտնվող ԱԺ նախագահի առաջ: Հայ կինը, ուսուցիչը՝ տղամարդու, չինովնիկի առաջ, երեխաների ներկայությամբ: Եվ ինչն է սարսափելի. Գալուստ Սահակյանին դուր է եկել այդ կարգի քծնանքը, և չի փորձել «վարման կարգի վերաբերյալ» արտահերթ ելույթով նշել, որ իր առաջ խոնարհվելու կարիք չկա, փոխարենն ինքն է խոնարհվում մեր մանկավարժների առաջ, քանի որ ինչի հասել է կյանքում՝ մեծապես նրանց շնորհիվ է: Բայց դե, չէր կարող ասել. ախր, ինքն ինչի հասել է՝ քծնանքի շնորհիվ է հասել, ոչ թե գիտելիքի:

Մեծ Բրիտանիայի դեռ կենդանության օրոք լեգենդ, գերհզոր մի անձնավորություն, վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասում էր. «Դպրոցի ուսուցիչներն ունեն այնքան մեծ իշխանություն, որի մասին վարչապետներին մնում է միայն երազել»:

Ու հիմա, տեսնելով մեր դպրոցների այս խղճուկ վիճակը, երբ ասում են, որ թեպետ նավթ ու գազ չունենք, բայց դրան համարժեք ինտելեկտուալ պոտենցիալ ունենք, պարզ է դառնում, որ դրանք դատարկ խոսքեր են. մեր երկրի ապագայի ազատամիտ քաղաքացին այս ստորաքարշ պայմաններում է կրթվում ու դաստիարակվում. ի՞նչ արդյունք ենք սպասում:

Հիմա մեզ համոզում են, որ եթե փոխենք Սահմանադրությունը, ապա այն կդառնա մարդակենտրոն: Ո՞վ է դարձնելու։ Այս իշխանավորնե՞րը: Սրանց պետք է կիլոմետրերով հեռացնել ոչ միան Սահմանադրությունից, այլև պետական կառավարման համակարգից: Այս մարդիկ ոչ միայն ժամանակի պահանջներին չեն համապատասխանում, այլև փչացնում են հաջորդ սերնդին իրենց տխրահռչակ գոյությամբ, վարքուբարքով: Սրանց իշխանությունը հավերժացնող սահմանադրական փոփոխությունները եթե ընդունենք, ի՞նչ ենք ակնկալում մեր երեխաների համար ապագայում՝ գաղթի ճամփան բռնելն ու օտար ափերո՞ւմ արժանապատվություն որոնելը:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1465840493687733&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը