Քաղաքական

02.09.2014 13:14


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ երկրում իշխանափոխություն լինի»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ երկրում իշխանափոխություն լինի»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ ասել է. «Որքան էլ փորձեն իշխանությունները ցույց տալ, որ իշխանափոխություն հնարավոր չէ, «քառյակը» պառակտվում է, ընդդիմադիր կուսակցությունները միասնական չեն, այդպես չէ. նախ՝ այնպես չի, որ իշխանափոխությունը Հայաստանում կախված է ինչ–որ մեկից։ Ավելի ճիշտ՝ կախված է ինչ–որ մեկից, որն ամեն ինչ արել է, որ Հայաստանում լինի իշխանափոխություն։ Այդ մարդը Սերժ Սարգսյանն է»։

Ըստ նրա՝ գործող նախագահը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացումն էլ բանախոսը պայմանավորել է նախագահի անձով՝ փաստելով. «Եթե հանրապետության նախագահը հարցազրույցում ասում է, որ արտագաղթի պատճառն այն է, որ մենք ունենք Սփյուռք և Ղարաբաղի հարց, այսինքն՝ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, ուստի ծնողներն իրենց երեխաներին տանում են դուրս։ Գլխավոր հրամանատարը կարծես թե ցույց է տալիս, որ մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այնքան վատ է, որ մարդիկ վախեցած են»։

Նա նաև շեշտել է այն փաստը, որ նախագահի հարցազրույցում հնչեցված մտքերից օգտվել է Ալիևը՝ նկարագրելով երկրի վիճակը. այսինքն, թեման՝ պատերազմն անխուսափելի է, «տաք պահել», և Հայաստանում մարդ չի մնա։

«Այդ հարցազրույցում ինքը (Սերժ Սարգսյանը–խմբ.) նաև ասում էր, որ չպետք է մոռանալ՝ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Այո՛, Սերժ Սարգսյա՛ն, իշխանությունը ձևավորվում է, իհարկե, ընտրությունների միջոցով, բայց ո՛չ կեղծված ընտրությունների, ո՛չ ճնշումների...»,– ասել է Հարությունյանը՝ շեշտելով, որ իշխանափոխությունը հասարակական պահանջ է, և գալիս է ներքևից։

Ըստ նրա՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իշխանափոխությունն արագ տեղի ունենա։ Քաղաքական գործընթացներն էլ, աշնան գալուստի հետ մեկտեղ, ընթանալու են ավելի սրընթաց, և որքան շուտ ժողովուրդը մտնի խաղի մեջ, այնքան շուտ կլինի։

«Ոչինչ չի փոխվելու, եթե Սերժ Սարգսյանը մնա իշխանության», – ասել է բանախոսը։

«Այսօր շատերը իշխանության, այսպես ասած, պատվերով հարձակումներ են գործում տարբեր մարդկանց վրա։ Վերջերս Վահրամ Սահակյանը մի գիրք էր գրել, շատ դուրս եկավ վերնագիրը՝ «Վարձու ինքնասպաններ», այսինքն՝ քաղաքական դաշտը բաղկացած է նաև «վարձու ինքնասպաններից», որոնք պատրաստ են ինքնասպան լինել չգիտեմ՝ ինչի դիմաց՝ հարվածելով ընդդիմության ներկայացուցիչներին, «քառյակին», Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Դա, կրկնում եմ, իշխանության պատվերն է... Այսօրվա միակ հրամայականն իշխանափոխությունն է», – ասել է Արամ Հարությունյանը։

Ըստ նրա՝ երկրին անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն, քանզի նրանից է կախված Արցախի հարցը, նրանից է կախված, թե «Զվարթնոց» օդանավակայանում քանի մարդ կգտնվի սպասասրահում՝ պատրաստվելով հեռանալ Հայաստանից։

Բանախոսը նաև նշել է, որ ոչ միայն իշխանությունն է պատասխանատու այս վիճակի համար, այլ նաև ընդդիմությունը պետք է վերցնի պատասխանատվություն իրավիճակը փոխելու համար. «Հակառակ դեպքում Հայաստանն ապագա չունի...»։

«Իշխանությունը դիմադրելու ռեսուրս չունի, որովհետև իշխանությունում միասնական չեն։ Սերժ Սարգսյանն իր իրավահաջորդի հարցը մտքում է պահում, իսկ դա բումերանգի պես խփելու է իրեն, – ասել է Հարությունյանը՝ նշելով, որ ստուգված տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանի ամենասիրած ֆիլմը «Կնքահայրն» էր, որը նա ժամանակին օրը մի յոթ անգամ դիտում էր, – հիմա չգիտեմ՝ նա քանի անգամ է նայում, բայց եթե այդ խաղի կանոններով է շարժվում, ապա մաֆիան տեսնելով, որ առաջնորդն անկողնային վիճակում է, ինչպես Սերժ Սարգսյանն այսօր՝ քաղաքական իմաստով, ապա իշխանափոխությունը հնարավոր է՝ ներսից լինի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը