Լրահոս

02.09.2014 09:42


Սերժ Սարգսյան. «Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է»

Սերժ Սարգսյան. «Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է»

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂ անկախության տոնի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով: Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար:

Մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն և ողջ հայությանը:

Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ և այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք և առաջընթաց»:

Այս խորագրի վերջին նյութերը