Կարծիք

01.09.2014 17:13


«Ֆեյսբուքում» «հեղափոխություն» անելու փոխարեն ավելի լավ է՝ իրական կյանքում հասնենք փոփոխությունների

«Ֆեյսբուքում» «հեղափոխություն» անելու փոխարեն ավելի լավ է՝ իրական կյանքում հասնենք փոփոխությունների

Գաղտնիք չէ, որ աշունը քաղաքական առումով միշտ էլ ակտիվ է լինում, իսկ այս աշունը ոչ միայն բացառություն չի լինի, այլև սպասվածից ավելի ակտիվ է լինելու՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Ուստի, չափազանց կարևոր է, որ երկրի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներն ակտիվորեն լծվեն մեր ապագան կերտելու գործին, այլ ոչ թե միայն դժգոհեն, թե ոչ մի բան իրենց սրտով չի արվում, նեղանան, մի կողմ քաշվեն ու ակադեմիական ոճով տեսական մտավարժանքներ անեն սոցցանցերում:

Այսօր կա համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն։ Սերժ Սարգսյանի վարչակազմն ուներ բավարար ժամանակ ու հնարավորություն դա անելու, և պահն արդեն բաց է թողնված «վերևից» բարեփոխումների իրականացման համար: Ուստի, եթե դժգոհ եք, պետք է իրավիճակը փոխենք և կանգնենք գործող վարչակազմին ընդդիմախոսող ուժերի կողքին, այլ ոչ թե առիթ ման գանք նրանց խփելու համար։

Գտնում եք, որ նրանց մեջ չկա այնպիսի կուսակցություն, որը կարտահայտի ձեր շահերը, հոգ չէ. նորը ստեղծե՛ք ու ձեր համախոհներով արե՛ք այն, ինչը պահանջում եք ուրիշներից: Եթե հասկանում եք, որ հիմա առանց այն էլ շատ են կուսակցությունները, ու բացի դրանից՝ հզոր քաղաքական միավոր ստեղծելը բավական թանկ «հաճույք է», ուստի չարժե այդ ճանապարհով գնալ, մանավանդ որ հարկավոր է եղած կուսակցությունները խոշորացնել, ոչ թե նորերը ստեղծել, ուրեմն ավելի լավ է՝ կանգնեք այն քաղաքական ուժի կամ ուժերի կողքին, որի կամ որոնց ծրագրերը մեծապես համընկնում են ձեր դիրքորոշման հետ: Թե չէ, փոփոխության անհրաժեշտությունը գիտակցող ու դրա համար պայքարողներից ոչ մեկին չհավանող անձը ինձ մոտ թողնում է շատ խստապահանջ օրիորդի տպավորություն, ով թեպետ գիտակցում է ամուսնանալու անհրաժեշտությունը, բայց ոչ մեկին չի հավանում ու սպիտակ ձիով իր երազանքների ասպետին է սպասում: Իսկ թե նման պատմություններն ինչով են վերջանում՝ լավ գիտեք:

Ախր, ձեր երազանքի պետությունը ձեր պատկերացրած անբասիր գործիչներով կառուցելու հարցում մի 500 տարի ուշացել եք. Թոմաս Մորն արդեն իր «Ուտոպիա» աշխատությունը գրել է: Եթե մի քիչ առաջ եք գնացել ու արդեն ընդամենը ձևակերպում եք, թե ինչ անել, այդ հարցում էլ օրիգինալ չեք, քանի որ Նիկոլայ Չերնիշևսկին իր «Ինչ անել»-ը գրել է շուրջ 150 տարի առաջ, իսկ Վլադիմիր Լենինը՝ 110:

Մենք խնդիր ունենք ոչ միայն ձևակերպելու այն միտքը, թե ինչ անել, այլև ինչպես անել, ինչ ուժերի հետ անել, որ փոփոխությունները լինեն մոտ ապագայում և ոչ թե «Ֆեյսբուքում» կամ մի 200 տարի անց։ Փիլիսոփայական զրույցներ վարելն ու համացանցում քննարկումներ անցկացնելը բավարար չափով ձանձրացրել է բոլորիս: Ու պետք է ամեն վայրկյան գիտակցել, որ իշխանություն ձևավորվում է քաղաքական գործընթացների արդյունքում, և ասել, որ չեմ ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, կամ քաղաքական ոչ մի ուժի չեմ հավատում ու միևնույն ժամանակ քննադատել բոլորին, ապա այդ դեպքում զբաղվողները զբաղվում են, ինչ–որ լուծումներ գտնում, գալիս իշխանության ու քո ճակատագիրը տնօրինում: Եթե լավից լավին չես տեսնում քաղաքական ասպարեզում, չարիքի փոքրագույնն ընտրի՛ր: Դա էլ է ընտրություն, միայն թե հայկական մաքսիմալիստական բնավորության պատճառով, քո պատկերացրած իդեալականը չտեսնելուց հիասթափվելու ու մի կողմ քաշվելու արդյունքում հնարավորություն ես տալիս, որ ճարպիկ ու ագրեսիվ «վատերը» քո իներտությունից օգտվեն ու գան իշխանության, ու անեն Հայաստանի հետ, ինչ հիմա են անում: Որքան նեղացած ու մի կողմ քաշվածները շատ լինեն, այնքան իշխանության որակն ավելի վատը կլինի:

Համացանցի զարգացումը մեզ համար որակապես այլ հնարավորություններ ստեղծեց, մասնավորապես, որպեսզի որևէ լրատվամիջոցի ղեկավարի քմահաճույքից կախված չլինի՝ ասելիքդ հանրությանը կհասնի՞, թե ոչ: Այս ազատությունը չափազանց թանկ է մեզ համար: Բայց մեկ-մեկ հանդիպում ես՝ ոնց որ թե գրագետ մարդիկ են, ասելիք էլ ունեն, լսելու ունակություն էլ, բայց ոտքերը հենել են «Ֆեյսբուքի» պատին ու սրան–նրան ռեպլիկա են գցում համացանցում: Ախր, այդ գրածները ստատուս համարել կարելի է խիստ վերապահումով, քանի որ այդ բառը մի քիչ տարողունակ է, քան իրենք են պատկերացնում: Դե, ես հին սերնդի ներկայացուցիչ եմ ու հիշում եմ, թե ինչպես էին ժամանակին տխուր ներկա ու անորոշ ապագա ունեցող երիտասարդները ոտքերը հենում շենքի պատին ու անցորդներին ռեպլիկա գցում: Ու եթե այժմ համացանցում նման կերպ հանդես են գալիս ավագ սերնդի ներկայացուցիչները, ակամայից մտածում ես՝ լավ, այսքան տարվա մեջ դեռ չե՞ն լրջացել, իսկ եթե նրանց զավակներն են նման կերպ վարվում, մի տեսակ ըմբռնումով եմ մոտենում. ախր խեղճերն ինչ են տեսել իրենց տանը, որ ինչ սովորեին:

Անշուշտ, սոցիալական ցանցերը հրաշալի հնարավորություն են տալիս ավելի համախմբված ու կազմակերպված հանդես գալու, ավելի ինֆորմացված լինելու, բայց դրա արդյունքը պետք է երևա փողոցում. պայքարի դաշտը հրապարակն է:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202866057434989

Այս խորագրի վերջին նյութերը