Կարծիք

30.08.2014 10:50


Իշխանության աշխարհաքաղաքական հեքիաթները սպառնում են ՀՀ անվտանգությանը

Իշխանության աշխարհաքաղաքական հեքիաթները սպառնում են ՀՀ անվտանգությանը

Իշխանությունն իր «խաղաղդրույքը» դնելով -մետություն գաղափարի վրա՝ վտանգում է երկրի անվտանգությունը:

Վերջին շրջանում Բաղրամյան 26-ի «գեբելսյան» քարոզչամեքենան ակտիվ շրջանառության մեջ է դրել այն միտքը, թե, իբր, Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է «Մայդան» անել: Ծիծաղելի է, ծիծաղելի է այնքանով, որ դրանով Բաղրամյան 26-ը խոստովանում է, որ ինքն էլ կոռումպացված, ադեկվատությունը կորցրած ու անզիջում Յանուկովիչ է: Թե ինչ ճակատագիր ունեցավ Յանուկովիչը, բոլորիս է հայտնի, բայց խոսքը դրա մասին չի: Իհարկե, ցնդաբանությունների շարքից է, երբ երկիրը հեղափոխության տանող ուժը դրա մեջ է մեղադրում ուրիշին:

Բաղրամյան 26-ում չեն պատկերացնում՝ ինչ վտանգավոր խաղ են սկսել՝ շահարկելով նման թեմաներ:

Առաջին՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում հետևում են այստեղ կատարվող գործընթացներին ու ամեն տեսակ «մեսիջներին»: Նրանք չեն խորանում նրբությունների մեջ, որ դա իշխանական քարոզչամեքենայի հերթական սուտն է: Դա նրանց համար տրված է, և ըստ դրա էլ նրանք կառուցում են սեփական սցենարները Հայաստանում՝ հիմնված սեփական շահերի վրա:

Երկրորդ՝ Արևմուտքն ու Ռուսաստանն ակտիվացել են արցախյան խնդրի ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ նրանք հիմա ժամանակ ունեն առաջ տանելու սեփական՝ զուտ անձնական շահերը մեր տարածաշրջանում:

Երրորդ՝ Արցախի ստատուս քվոն փոխելու դիսկուրսը շարունակում է ակտիվ օրակարգային մնալ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար:

Նման պայմաններում Սերժ Սարգսյանի նախաձեռնած «մայդանականչը» բավականին վտանգավոր է. Բաղրամյան 26-ը փաստացի Արևմուտքին ու Ռուսաստանին «մեսիջ» է հղում Հայաստանը նրանց շահերի բախման հարթակ դարձնելու մասին:

Բաղրամյան 26-ում շատ վտանգավոր խաղ են ձեռնարկել: Այնտեղ երևի չեն հասկանում, որ երկու հզորների շահերի բախումը երկրում արցախյան խնդրի համապատկերին ու ադրբեջանական զգալի կողմնորոշմամբ, կարող է մեզ համար պետության կորստով ավարտվել:

«Քառյակն» իր հերթին պետք է շատ զգոն լինի, փորձի մաքսիմալ արագ հանգուցալուծել երկրում առկա ներքաղաքական թնջուկը, քանի դեռ Սարգսյանը երկիրը չի դարձրել թատերաբեմ օտարերկրյա թատերախմբերի համար: Եթե հանկարծ նման բան պատահի, ապա մեր պետության տարածքի հետագա շահագործման վերաբերյալ ծրագրեր կմշակեն ռուսները կամ եվրոպացիները, կամ էլ անգամ թուրքերը, որոնք իրենց Մեծ Թուրանի գաղափարից չեն հրաժարվել:

Հ. Գ. Ջոն Քերին ու Մեդվեդևը Սարգսյանի սիրուն աչքերի համար չեն գալիս Հայաստան: Մենք չպետք է թույլ տանք որևէ արտաքին ուժի դերակատարություն Հայաստանում, քանի դեռ իշխանության ղեկին Սարգսյանն է՝ հայտնի իր հանձնողական՝ հանուն աթոռի, էությամբ:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը