Կարծիք

29.08.2014 19:48


Սերժ Սարգսյանին «թաքուն» ծառայողներն ավելին չարժեն, քան «ՀՀԿ–ի տատիկը»

Սերժ Սարգսյանին «թաքուն» ծառայողներն ավելին չարժեն, քան «ՀՀԿ–ի տատիկը»

Այսօր, վստահ եմ, միտումնավոր, սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ նաև արհեստական տարանջատում են փորձում մտցնել: Իբր որոշ ոչիշխանական ուժեր դեմ են սահմանադրական փոփոխություններին ընդհանրապես, իսկ մի մասն էլ անգամ եթե դեմ է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը, այնուամենայնիվ, կողմ է նրա հետ համագործակցելուն սահմանադրական փոփոխությունների մասով, քանի որ դա բխում է նաև իրենց կուսակցությունների ծրագրային դրույթներից: Բայց ես չեմ հիշում, որ, մասնավորապես, «քառյակի» անդամ այն ուժերը, որոնք կատեգորիկ դեմ են այս պահին գնալ սահմանադրական փոփոխությունների, դեմ են դրան ընդհանրապես: Ուղղակի ասվում է, որ հարցին, հասկանալի պատճառներով, պետք է անդրադառնալ իշխանափոխությունից հետո: Սա այնքան պարզ է, որ չհասկանալ հնարավոր է միայն չցանկանալու դեպքում:

Գործող Սահմանադրությամբ Սարգսյանն այլևս առաջադրվել չի կարող, այդ իսկ պատճառով նա ձեռնարկել է այս փոփոխությունները վերարտադրվելու նպատակով, թեպետ իրականում ինքն էլ գիտի, որ այդ շանսը չունի: Եվ քանի որ գործող նախագահի ու նրա թիմի միջև առկա է խոր փոխադարձ անվստահություն, ուստի Սարգսյանը թիմակիցներին համոզել է, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել, այնպես որ, նրանցից յուրաքանչյուրը կպահպանի իր տեղը իշխանական կերակրատաշտի մոտ: Իսկ նա, ով կտատանվի, տեղը կզիջի Սարգսյանին հավատարիմ նվիրյալներից մեկին: Ուստի, բավական է՝ Սարգսյանը հայտարարի, որ Սահմանադրությունը փոխելու մտքից հրաժարվում է, այդ պահից սկսած՝ նրա թիմակիցները սկսելու են այլ տարբերակների փնտրտուքը: Մեկը փորձելու է «ժառանգորդ» օպերացիայի շրջանակներում սեփական թեկնածությունն առաջ բրդել, մյուսն՝ իրեն հարմար թեկնածուի կողքին կանգել, մի երրորդն էլ՝ հավանական թեկնածուի հետ հիմիկվանից բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Այնպես որ, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «Նրանք, ովքեր մեզ խանգարում էին, նրանք էլ մեզ կօգնեն», քանի որ ներիշխանական մրցակցությունը բավական կատաղի է լինելու, ուստի իշխանական բուրգն այս տեսքով ոչ ոքի չի հաջողվի պահպանել ու իր սեփական շահին ծառայեցնել:

«Քառյակն» իշխանություններին ներկայացրել է 12–կետանոց պահանջ, որի կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի երեսունն է: Ակնհայտ է, որ պահանջների զգալի մասը մինչև ժամկետի ավարտը չի կատարվելու, ուստի մոտենում է իշխանություններից հրապարակավ հաշվետվություն պահանջելու ժամանակը: Այդ փուլում էլ, երբ ավարտին կհասցվեն իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները, կարելի է նաև այդ շրջանակներում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Օրինակ՝ քաղաքական ուժերը կարող են գալ համաձանության, որ իշխանափոխությունից հետո՝ մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում, կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և առանձնահատուկ կկարևորվի անցումը խորհրդարանական կառավարման համակարգի՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: Կարող է նաև պետական կառավարման համակարգի մի քանի մոդել առաջարկվել, և թող ժողովուրդն ընտրի, թե որ տարբերակն է ուզում։

Ու եթե կարիք կա, լրացուցիչ պայմանավորվել, թե դրանից հետո որքան ժամանակի ընթացքում է հրաժարական տալիս նորընտիր նախագահը: Իսկ նրանք, ովքեր ուզում եմ մեզ համոզել, թե ցանկության դեպքում Սարգսյանն այս Սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել, ուստի ավելի լավ է՝ գնանք փոփոխություններին, մեղմ ասած, անկեղծ չեն, քանի որ «կաղ բադիկի» կարգավիճակ ստացած Սարգսյանը չի կարող կեղծիքների միջոցով իր նպատակին հասնել: Չէ՞ որ իշխանական ռեսուրսը աշխատելու է իր դեմ, քանի որ իր թիմն էլ է թևակոխելու «Առա՛ջ դեպի «անսերժ» Հայաստան» կարգախոսի գործողության տիրույթ:

Իսկ եթե կան քաղաքական ուժեր, հայտնի հանրային կերպարներ, որոնք, իրենց կարծիքով, շատ լուրջ աջակցություն են ցուցաբերում Սերժ Սարգսյանին՝ նրա գովքը թաքուն անելով կամ սահմանադրական փոփոխությանը կողմ արտահայտվելով, պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ նրանց այդ աջակցությունն իր կարևորությամբ համարժեք է ՀՀԿ-ի տատիկի «Սերժ Սարգսյանի ջանին մեռնեմ» մակարդակի աջակցությանը:

Շատերը զարմանում են, թե ինչու չեն այդ տատիկին քաղաքի կենտրոնից հեռացնում՝ փակելով նրա «բիզնեսը», չէ՞ որ նա իշխանություններին խայտառակում է, ոչ թե օգնում: Բայց դա թյուր պատկերացում է: Սարգսյանը ցանկացած քաղաքական գործչի, որն իր դերակատարությունը գերագնահատում է, նրան ցույց է տալիս ՀՀԿ-ի տատիկին, և նշում, որ նույն ծառայությունն այդ կինը մատուցում է օրական մի քանի հազար դրամով, ուստի դրա դիմաց նախարարների ու մարզպետների պաշտոնների չպետք է հավակնեն:

Բավական է միայն ԲՀԿ-ՀԱԿ–«Ժառանգություն» եռյակի հաստատակամությունը, որպեսզի սահմանադրական հանրաքվեի հարցը դուրս գա օրակարգից։ Իսկ մյուսներն ինչքան էլ աջակցեն ՀՀԿ ղեկավարին, չեն կարողանալու օգնել Սարգսյանին հետագայում, քանի որ գործը դրան չի հասնելու, այլ որոշվելու է հրապարակում՝ ժողովրդի գործուն աջակցությամբ՝ իշխանափոխության տեսքով:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը եթե մի կարճ ժամանակ հետո պնդեց, որ գնում է սահմանադրական փոփոխությունների, ուրեմն դրանով ազադարարելու է ցնցումների ճանապարհով իշխանափոխության գործընթացի սկիզբը, իսկ եթե հրաժարվեց Սահմանադրության փոփոխություններից, ուրեմն պատրաստ է քննարկել խաղաղ իշխանափոխության տարբերակը:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202847118081517

Այս խորագրի վերջին նյութերը