Կարծիք

29.08.2014 14:17


«Դեմագոգիա է, թե անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկել՝ անկախ անձերի գործոնից»

«Դեմագոգիա է, թե անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկել՝ անկախ անձերի գործոնից»

Նույնիսկ ամառվա այս շոգին քաղաքական դիսկուրսի գլխավոր թեման շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ցանկությունը: Ակնհայտ է, որ Սահմանադրությունը փոխելու դրդապատճառը Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրելու խնդրով է պայմանավորված, ու ուղղակի դեմագոգիա են այն խոսակցությունները, թե այն ուղղված է իբր կուսակցությունների դերն ավելացնելուն, զսպումների ու հակակշիռների մեխանիզմ ստեղծելուն, անձերի դերը նվազեցնելուն և այլն:
Եթե իշխանությունների համար գոյություն ունենային նմանատիպ խնդիրներ, ապա առաջին հերթին փոփոխություններ կսկսեին ընտրական օրենսգրքից և կվերացնեին մեծամասնական ընտրակարգն ամբողջությամբ: Բացի այդ, կուսակցությունների դերն ավելացնելու համար անհրաժեշտ է ֆունդամենտալ կերպով վերափոխել տնտեսական համակարգը, բիզնեսն ազատականացնել, որպեսզի ամեն մի գործարար ինքը հնարավորություն ունենա աջակցել այս կամ այն կուսակցությանը՝ չվախենալով, որ դրա համար կգան «փայ» կուզեն իրենից կամ ընդհանրապես կուլակաթափ կանեն: Եվ այս ամենը հնարավոր է անցկացնել առանց սահմանադրական փոփոխությունների:

Բացի այդ, հարկ է նշել, որ կուսակցությունների դերն ավելացնելու ուղղությամբ և ոչ մի քայլ չի ձեռնարկվել տարիներ շարունակ և այսօր պնդումները, թե սահմանադրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է կուսակցությունների մասին մտածելով ուղղակի անհեթեթություն են:

Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկել՝ անկախ անձերի գործոնից, ապա ասեմ, որ դա էլ է դեմագոգիա: Անձերն են ղեկավարում քաղաքական պրոցեսը, եթե կուզենաք, ապա անձերն են ստեղծում քաղաքականությունը և հենց անձերն էլ օգտվում են քաղաքական գործընթացների արդյունքում ստեղծված իրավիճակից: Կոնկրետ այս դեպքում սահմանադրական փոփոխությունը կատարվում է Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկելու համար, վարչակարգի հավերժ վերարտադրման համար: Իսկ արդյոք մենք ուզո՞ւմ ենք Սերժ Սարգսյանին հավերժ տեսնել իշխանության ղեկին: Նա՞ է այն գործիչը, ում մենք կվստահենք մեր երեխաների ապագան:

Ակնհայտ է նաև այն, որ Սարգսյանը գրեթե զրոյական հանրային աջակցություն ունի և սահմանադրական փոփոխություններ անցկացնելու փորձն այս դեպքում կհանգեցնի լուրջ գործընթացների, որոնք ոչ նա, ոչ էլ որևիցէ այլ գործիչ չի կարողանա վերահսկել: Իսկ դա ձեռնտու չէ պետությանը: Այսինքն, երկու կողմից էլ երկրի համար շահավետ չէ, որ Սարգսյանը գնա սահմանադրական փոփոխություններ իրականցնելու ուղով. եթե հաջողացրեց, ապա մենք կստանանք մի համակարգ, որը Հայաստանը դանդաղ կտանի դեպի դատարկման և ոչնչացման, իսկ եթե չհաջողացրեց, բայց եղան ցնցումներ, ապա դա ծայրաստիճան վտանգավոր կարող է լինել մեր իրավիաճկում գտնվող երկրի համար:

Հետևաբար, քաղաքական ուժերը պիտի միասնաբար, բայց առանց սպառնալիքների և հայհոյանքների իշխանությունների հանդեպ, մեկ բռունցք ստեղծելով ստիպեն իշխանություններին հանձնել իրենց դիրքերն ու հեռանալ: Սա մեր երկրի համար ամենաընդունելի տարբերակն է, ու առաջին քայլը պիտի լինի իշխանությունների կողմից, իրենք պիտի հայտարարեն, որ հրաժարվում են Սահմանադրությունը փոխելու մտքից։

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը