Մեկնաբանություն

29.08.2014 13:57


Գոլ ենք ուտելու, եթե ...

Գոլ ենք ուտելու, եթե ...

Երեկ Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին է հանձնել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Նույն Էրդողանին, ում համար վիրավորական է հայ լինելը: Բայց խոսքը դրա մասին չէ...

Բնական արժանապատվության սահմաններից դուրս Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է «շախմատային»: Ինչպես 2009-ին էիք հորթի հրճվանքով պնդում, թե Թուրքիան բացելու է սահմանը, կամ որ Սերժ Սարգսյանը հաստատակամ քայլերով Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, ու անվերջ անհեթեթ մեկնաբանություններ՝ ի արդարացում խիստ վտանգավոր նախաձեռնությունների ու քայլերի:

Սերժ Սարգսյանը Հայաստանը միայն մեկ ուղղությամբ է տանում՝ դեպի անդունդ՝ թեկուզ չուզենալով:

Ու հիմա կսկսվի, թե «գնդակը Թուրքիայի դաշտում է»: Բայց հենց դրանից պետք է զգաստանալ. Սերժ Սարգսյանի «պասով» գնդակն ում մոտ էլ հայտնվում է՝ Հայաստանը գոլ է ուտում...

Հայաստանի գործող նախագահին այլևս պետք չէ թույլ տալ «նախաձեռնողական» լինել: Իրականում դա վտանգավոր է: Հիշե՛ք նրա դեմքի արտահայտությունն Աստանայում, հիշե՛ք, թե մեկ օրվա մեջ ինչպես «արևմտամետը» նետվեց Ռուսաստանի գիրկը, հիշե՛ք Էդվարդ Նալբանդյանի թշերն ու այսպես անվերջ...

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը վատ խաղացող է թե՛ ներսում և թե՛ դրսում: Իսկ վատ խաղացողին առնվազն փոխարինում են։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը