Կարծիք

28.08.2014 19:00


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Հայաստանը դարձել է կողմնակի դիտորդ

Երեկ «դրսերից» երկու լուր ստացանք՝ մեկը լավ, մյուսը՝ վատ: Բայց սա այն դեպքն է, երբ անմիջապես պարզ չդարձավ, թե դրանցից որն էր լավը, իսկ որը՝ վատը:

Լուր առաջին: Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության հարցը ԵՏՄ-ին կքննարկվի հոկտեմբերի 10-ին, այլ ոչ թե այդ օրը կստորագրվի մեր անդամակցության փաստաթուղթը:

Սկզբում մեր իշխանությունները գլխապատառ ամեն ինչ անում էին, որպեսզի դառնայինք ԵՏՄ հիմնադիր անդամ: Դա չեղավ: Հետո հասկացրեցին, որ անդամակցության համար պետք է հրաժարվենք Ղարաբաղից: Դրան հայաստանյան իշխանությունները համաձայնվել են (Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը մեր պատկերացումներում Հայաստանի մաս չէ), ու ՌԴ-ն արդեն ստորագրել է մեր անդամակցության հետ կապված փաստաթղթերը, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչ մի հնարավորություն կամ ցանկություն չունի այդ հարցը կոշտ ձևով առաջ տանելու:

Սարգսյանն արդեն խոստովանել է, որ Եվրասիական միության անդամ ոչ բոլոր երկրներն են ուրախ մեր անդամակցությամբ՝ առաջին հերթին, թերևս, ի նկատի ունենալով Ադրբեջանի բարեկամ Ղազախստանին: Հիմա պարզ չի՝ լա՞վ է, որ մեր այս ամոթալի նախաձեռնողակությունը մերժում են, ու թույլ չեն տալիս, որ այսպես ստորացած անդամակցենք այդ կառույցին, թե՞ վատ է, որ մենք երես ենք թեքել Արևմուտքից, նեղացրել նրանց, մեր դեմ հանել, իսկ հիմա էլ մեզ ԵՏՄ չեն ընդունում, կամ կընդունեն մեզ համար շատ անմխիթար պայմաններով:

Լուր երկրորդ: ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի սենատը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Դե, սրա համար կարելի է մի հինգ րոպե ուրախանալ: Ի դեպ, այդքան կարելի է ուրախանալ, եթե անգամ մեկ արտասահմանցի ճանաչի ԼՂՀ անկախությունը, խոսք չկա: Բայց վեցերորդ րոպեից սկսվում են հարցերը և դրանց պատասխանների փնտրտուքը:

Նախ՝ Կալիֆոռնիան թվով հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Ղարաբաղի անկախությունը, և սա ընդամենը նահանգ է, այլ ոչ թե պետություն: Երկրորդ՝ որքա՞ն սպասենք, որ մնացած 45 նահանգներն էլ ճանաչեն, կամ էլ եթե անգամ դա տեղի ունենա, ի՞նչ երաշխիք, որ ԱՄՆ-ը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ու ենթադրենք՝ ճանաչեց, ի՞նչ է դա մեզ տալու: Մեզ պետք է, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվի, այլ ոչ թե նահանգի կամ գյուղի մակարդակով, մանավանդ որ Հայաստանը կապ չունի այդ ճանաչման հետ, և այդ ճանաչումն ի հեճուկս «նախաձեռնողականության» է և տեղավորվում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի հանդեպ մտրակի ու բլիթի քաղաքականության շրջանակներում։

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային տարածքի չճանաչված պետությունների այսօրվա փորձը ցույց է տալիս, որ (Կոսովո, Աբխազիա, Հրվ. Օսիա) եթե Արևմուտքն է ճանաչում նրանց անկախությունը, ապա ՌԴ-ն է դրան կտրուկ դեմ լինում, ու հակառակը: Այսինքն, եթե մենք հայտարարում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անդառնալի է, ու որքան էլ չարչարեն՝ ի վերջո, ընդունելու են, ու առանց ԼՂՀ-ի, իսկ նաև հավաստիացնում ենք մեր հանրությանը, որ Ղարաբաղը հետագայում էլ ՀՀ-ի հետ կլինի օրգանական կապի մեջ ճիշտ այնպես, ինչպես հիմա, ապա այդ դեպքում ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ԼՂՀ-ի հանդեպ Արևմուտքի բարեհաճությունն առաջացնելու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հակազդեցությունը:

Այո՛, պետք է սթափ գնահատենք իրավիճակն ու մեզ հարց տանք՝ ո՞ւմ էր ձեռնտու Ղարաբաղի անկախության ճանաչումը ԱՄՆ նահանգներից մեկի կողմից: Եթե մենք դրա մեջ ներդրում ունենք, ու սա դրա դիվիդենտն էր, ապա այդ ո՞ր ներդրման համար է ԱՄՆ-ն այդպես բարեհաճ մեր նկատմամբ, երբ արդեն վաղուցվանից Մոսկվայի դռներն ենք թակում: Եվ վերջապես, ի՞նչ սխալ ենք թույլ տվել, որ ԼՂՀ անկախության ճանաչմամբ սկսվող պրոցեսի համար գին ենք վճարելու:

Ցավոք, երբ խորանում ենք այս հարցերի մեջ, ակամայից հանգում ենք այն եզրակացության, որ մեր երկրի կողմից վարվող անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով ինչ էլ անենք, կամ ինչ էլ տեղի ունենա մեզ առնչվող, եթե անգամ առաջին հայացքից դրական թվա, ապա հետագայում հասկանալու ենք, որ մենք տուժելու ենք դրանից, կամ լավագույն դեպքում ոչինչ չենք շահելու:

Եվ քանի դեռ այս իշխանությունները չեն փոխվել, արդյունքում չի վերանայվել մեր արտաքին քաղաքականությունը, ինչ էլ լսենք՝ մեզ համար դրական չի լինելու: Այնպես որ, ինչպես ասում են, աչքներովդ էլ տեսնեք՝ չհավատա՛ք:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1460940780844371&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը