Կարծիք

27.08.2014 18:20


«Արժե կողմնորոշվել սեփական «գույնի» մեջ՝ սև՞, թե՞ սպիտակ»

«Արժե կողմնորոշվել սեփական «գույնի» մեջ՝ սև՞, թե՞ սպիտակ»

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, որոնք, արհեստական օրակարգ լինելուց բացի՝ ուղղված են նաև նրա վերարտադրությանը, ոչ այլ ինչ են, եթե ոչ լակմուսի թերթիկ մյուս քաղաքական ուժերի համար:

Իշխանության կողմից սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու քաղաքականության առաջին իսկ օրվանից ասվել է, որ դա չի բխում երկրի, ժողովրդի շահերից, հետևաբար հակապետական նշանակություն ունի: Այն իր սաղմում վիժեցնելու անհրաժեշտության մասին նույնպես ասվել է:

Ոչ մեկ անգամ է զգուշացվել, որ ցանկացած ոք, լինի քաղաքական, թե քաղաքացիական ուժ, անհատ, թե անհատների խումբ, ով կհայտնի ցանկություն կամ պատրաստակամ կլինի՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները, ավտոմատ կերպով հայտնվելու է իշխանական տիրույթում:

Հիմա մի շատ կարևոր նկատառում, բայց այս անգամ՝ ուղղված «քառյակին» ամբողջապես ու ամեն մեկին առանձին: Քաղաքական գործընթացը կարող է և հիմնականում պարունակում է սուբյեկտիվություն, սակայն այն գնահատելիս պետք է մաքսիմալ օբյեկտիվ լինել: Այսպես, «քառյակը», առաջադրելով 12 կետից բաղկացած համատեղ պահանջն ու դրա կատարմանը վերջնաժամկետ տալով իշխանությանը, ստանձնել է շատ լուրջ պատասխանատվություն հասարակության ու երկրի առջև, քանզի դրանք արտացոլում են ժողովրդի կենսական շահերը: «Քառյակի» յուրաքանչյուր անդամ-ուժի համար պետք է ըմբռնելի լինի, որ այդ 12 կետերը (անգամ կատարման կամ չկատարման դեպքում իշխանության կողմից) իրենց բովանդակությամբ նոր քաղաքական կուրս են ենթադրում, իսկ դա նշանակում է, որ այն ամբողջապես տարբերվում է Բաղրամյան 26-ի որդեգրած քաղաքականությունից: Եվ քանի որ Սարգսյանի ու նրա կառավարող թիմակիցների վարած քաղաքական կուրսը նաև սահմանադրական փոփոխություններ է ենթադրում, հետևաբար անտրամաբանական կլինի «քառյակի»՝ որպես ժողովրդի շահերը ներկայացնող ուժի կամ նրա անդամներից որևէ մեկի՝ մի դեպքում ժողովրդի անունից հանդես գալը, մյուս դեպքում՝ որոշ վերապահումներով կողմ լինելը սահմանադրական փոփոխություններին:

Եթե իշխանությանը մինչև սեպտեմբերի 30-ի կեսգիշերն է ժամկետ տրված՝ իրականացնելու 12 կետերը, ապա մյուս բոլոր ուժերին մինչև սեպտեմբեր արժե կողմնորոշվել սեփական «գույնի» մեջ՝ սև՞, թե՞ սպիտակ:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը