Կարծիք

27.08.2014 00:50


Աքլորանալը դեռ հերոսության և առավել ևս՝ բարձրակարգ զինվորական լինելու նշան չէ

Աքլորանալը դեռ հերոսության և առավել ևս՝ բարձրակարգ զինվորական լինելու նշան չէ

Երեկ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մի ուշագրավ հայտարարություն է արել. «Առաջարկում եմ հարվածել Ադրբեջանի ուղղությամբ»:

Նա նաև նշել է, որ հարձակվելով՝ նաև հնարավորություն կստանանք հասկանալու, թե իրականում ինչպիսի մարտական պատրաստվածություն ունի մեր բանակը։ Ոչինչ, որ այդ ընթացքում ահագին զոհեր կտանք, բայց փոխարենը Տեր–Թադևոսյանի ուզածին կհասնենք՝ կտեսնենք, թե ինչպիսին էր մեր բանակի մարտունակությունը։
Եթե սա ասեր վերջերս սահմանի մոտակայքում նկարվող ու համացանցում նկարները տարածող ջահելներից մեկը, կամ մեկն, ով սահմանային լարվածության օգոստոսյան օրերին եղել է առաջին գծում, ապա դեռ կարելի էր հասկանալ ու անգամ չանդրադառնալ դրան: Բայց սա ասում է 75-ամյա, արցախյան մարտերի մասնակից, գեներալ, նախկին ՊՆ փոխնախարար, ներկայումս «ԴՕՍԱԱՖ»-ի պետ աշխատող մարդը:

Հետաքրքիր է՝ ի՞նչն է ստիպում Տեր–Թադևոսյանին նման անլուրջ ու անհավասարակշիռ հայտարարությամբ հանդես գալ:

Թողնենք մի կողմ, որ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Կոմանդոսը «հերոսաբար» բուժվում էր Ջերմուկի առողջարանում, և 1992–ի կեսերից հետո նրան այլևս որևէ մեկը չի տեսել Ղարաբաղում (խոսքս պատերազմի տարիների մասին է)։ Թողնենք նաև մի կողմ այն, որ մինչև Ջերմուկ մեկնելը նա հասցրել էր բացասական արդյունքներ արձանագրել որպես զինվորական ղեկավար (մասնավորապես, Մարտակերտի հատվածում) և հետագայում Արցախի հերոս համարվել։

Այս ամենը, կրկնեմ, թողնենք մի կողմ։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա տարիքին ոչ հատուկ աքլորացել: Եթե հարվածենք Ադրբեջանին, պատասխան հարվածներ չե՞նք ստանալու, ո՞ւմ երեխաներին ենք պրոֆիլակտիկ նպատակներով զոհաբերում:

Հարցն այն չէ, որ Ադրբեջանին չարժե հարվածել։ Սա այլ խոսակցության թեմա է։ Բայց արժե հիշեցնել, որ մենք ընտրել ենք ոչ թե նվաճողական, այլ պաշտպանական դոկտրին ու դրա շնորհիվ ենք կարողանում ստիպել թշնամուն շատ չլկտիանալ, իսկ միջազգային հանրությանն էլ՝ հաշվի նստել հետներս։

Թշնամու ուղղությամբ եթե հարվածում ենք, հասկանալի է, որ տուժելու են ադրբեջանական բնակավայրերը, բնականաբար, նրանք էլ պատասխան հարված են հասցնելու մեր բնակավայրերին, արդյունքում՝ կորուստներ ենք ունենալու նաև խաղաղ բնակչության շրջանում: Այդ ի՞նչ ոչ պրոֆեսիոնալ զրույց է՝ «հարվածել ուղղությամբ»: Դա ռազմական գործողությո՞ւն է, քաղաքական ակցիա՞, թե՞ տղայական պահվածք, որն արտահայտվում է «ուղղությամբ» հարվածելով, այլ ոչ թե կոնկրետ օպերացիա իրականացնելով, թիրախ ընտրելով ու նպատակ ձևակերպելով:

Աշխարհով մեկ թմբկահարում ենք, որ Ադրբեջանն է ագրեսիվ գործողությունների դիմում, իսկ մենք միայն պաշտպանվում ենք: Ինչ խոսք, մեր կողմից անհամարժեք պատասխանելը սխալ էր, որի մասին շատերն են կարծիք հայտնել, բայց այս օրերին թշնամուն տրվեց համարժեք և անգամ իրենց համար բացասական արդյունք ապահոված անհամարժեք պատասխան, որից հետո լարվածությունը սահմանին զգալի թուլացավ: Հիմա մենք ի՞նչ ենք անում՝ պատերազմ ե՞նք սկսում, այն էլ՝ զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով:

Այս պահին ունենք առավելագույնը՝ Ղարաբաղն անկախ է ու օրգանական կապի մեջ Հայաստանի հետ, ազատագրված տարածքները մեր վերահսկողության տակ են, իսկ ադրբեջանցի բնակչությունը չի վերադարձել Արցախի իր բնակավայրերը: Այսինքն, մենք ունենք առավելագույնը և փորձում ենք ստատուս քվոյի պահպանումը հօգուտ մեզ ծառայեցնել: Հիմա ի՞նչ է մեզ խորհուրդ տալիս մի անձնավորություն, ով ոչ ինքն է գնալու առաջին գիծ, ոչ էլ իր տղային է ուղարկելու, քանի որ վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, միայն կարևոր մարտեր է կարողնում մղել Երևանի փողոցներում ու կրակելով հայ երիտասարդ սպանում:

Մենք ի՞նչ է՝ գտնում ենք, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունն այնքան բարենպաստ է, որ կարող ենք նախահարձակ լինել ու շահո՞ղ դուրս գալ, թե՞ աշխարհի ուժի կենտրոնները կարող են առիթն օգտագործել ու մեզ խաղաղություն պարտադրել՝ զգալի կորսուստների գնով:

Եթե Արկադի Տեր-Թադևոսյանին թվում է, որ պատերազմից այնքան ժամանակ է անցել, որ մարդիկ մոռացել են նրա ամոթալի պահվածքը, ու արդեն համարում է, որ պատմությունն այն աստիճան հաջողությամբ է նենգափոխվել, որ արդեն իրեն հարկավոր է այս հերոս կերպարին վայել կարգավիճակ ունենալ, ապա պետք է հիասթափեցնեմ նրան. 20 տարին այնքան մեծ ժամանակ չէ, որ գործին տեղյակներն ու բոլոր ականատեսները կամ մահացած լինեն կամ էլ արդեն սկլերոզով տառապեն: Այնպես որ, Կոմանդոսին խորհուրդ կտամ՝ հնարավորինս քիչ խոսի կռվի թեմաներով, այլապես դրանով կստիպի, որ մյուսներն էլ խոսեն, երբ հազիվ լռել են:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1459667437638372&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը