Կարծիք

26.08.2014 14:08


Մերի Մովսիսյան. «Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհնարին են դարձնում Արցախի ճանաչման գործընթացը»

Մերի Մովսիսյան. «Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհնարին են դարձնում Արցախի ճանաչման գործընթացը»

Ոչ մեկի համար գաղտնիք չեմ բացի, եթե նշեմ, որ ինչպես Հայաստանը չի կարող լինել առանց Արցախի, այնպես էլ Արցախն՝ առանց Հայաստանի. երկուսն էլ մեկ ամբողջության մասերն են կազմում:

Բոլորի համար պետք է հասկանալի ու ըմբռնելի լինի, որ առանց զարգացած և հզոր Հայաստանի՝ մեծ հաշվով, չի կարող լինել նաև զարգացած Արցախ: Արցախի քաղաքատնտեսական զարգացումն ու կայացումը՝ որպես ժողովրդավար պետություն, քանի դեռ այն մնում է չճանաչված, հնարավոր է միայն այն դեպքում, եթե այստեղ մենք լինենք ուժեղ: Ճիշտ է, Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության հարցում արցախյան իշխանությունների պատկերացումները 180 աստիճանով տարբերվում են մերօրյա Հայաստանի իշխանություններից, բայց մյուս բոլոր ոլորտներում տարբերությունն այնքան էլ շատ չէ: Ինչպես նշել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն իր վերլուծականներից մեկում. «Հարությունյանը և նրա կառավարող ընտրանու գործընկերները երկիրը վերածել են փակ բաժնետիրական ընկերության ընտրյալների համար: Այդ մարդիկ զբաղված են սեփական բիզնեսի ընդլայնմամբ ու առաջխաղացմամբ: ԼՂՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են դա»:

Ինչպես տեսնում ենք, Արցախում էլ քաղաքական կամք ու պատասխանատվություն ունեցող իշխանության կարիք կա:

Սրանք պարզապես փոքրիկ նկատառումներ են, թե ինչու է անհրաժեշտ ուժեղ, հզոր և տարածաշրջանում օրինակելի ժողովրդավար երկիր ունենալը: Քանի դեռ մենք այստեղ թույլ ենք քաղաքականապես, տնտեսապես և չկայացած ժողովրդավար ինստիտուտներով, քանի դեռ մեր ազգային ու քաղաքական գիտակցությունը շարունակում է մնալ անբավարար մակարդակի, խոսել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման մասին ֆանտաստիկայի ժանրից է:

Թույլերին աշխարհի հզորները միշտ էլ փորձել են ու շատ դեպքերում՝ հաջողացրել փաթաթել իրենց կամքը. մեր դեպքում դա կհանգեցնի նոր պատերազմի: Բացի դրանից, այս իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օր օր օրի թուլացնելով ու խարխլելով ազգային պետականության հիմքերը, երկար ժամանակով ու գրեթե անհնարին են դարձնում մոտ ապագայում Արցախի ճանաչման գործընթացը:

Ճանաչման գործընթացը (եկեք ընդունենք, որ Արցախի ճանաչումն օբյեկտիվորեն շատ ավելի լավ է, քան չճանաչվածը) կարող է լինել միայն այն դեպքում, երբ աշխարհը տեսնի, որ կայացած ու զարգացած Արցախը շատ ավելի լավն է, քան ադրբեջանական նավթադոլարները, որ ազգերի ինքնորոշման իրավունքն առավել ընդունելի է, քան ազերիների արհեստական պետության տարածքային ամբողջականությունը:

Միջազգային իրավունքի երկակի ստանդարտները վատն են, իհարկե, բայց շատ ավելի վատ է, երբ դրանից չենք կարողանում օգտվել ի շահ մեր երկրի: Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ իշխանափոխությունը Հայաստանում անհրաժեշտ է ոչ միայն երկու հայկական պետությունների ազգային անվտանգությունն ապահովելու, այլև երկու զարգացած պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտ ունենալու համար:

Հ. Գ. ՀՀ քաղաքացիները շատ աղոտ, իսկ երբեմն՝ թյուր պատկերացում ունեն նաև Արցախի վերաբերյալ: Շատերի համար Արցախը սահմանափակվում է բարեկարգ Ստեփանակերտի պատկերացումներով՝ առանց հաշվի առնելու, որ Արցախը միայն մայրաքաղաքը չէ, այլ ծայրամասը և 7 ազատագրված շրջանները: Ապացույցը սոցիալական հարցումն է ՀՀ քաղաքացիների շրջանում մեկ հարցի շրջանակում՝ որոնք են Արցախի 7 (Քաշաթաղ(Լաչին), Քարվաճառ(Քելբաջար), Ակն(Աղդամ), Վարանդա(Ֆիզուլի), Կովսական(Զանգելան), Ջրական(Ջաբրաիլ), Սանասար(Կուբաթլի)) ազատագրված շրջանները:

Համոզված եղեք՝ արդյունքները գոհացուցիչ չեն լինի:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը