Կարծիք

26.08.2014 12:43


«Մարտահրավեր եմ նետում բոլորին»

«Մարտահրավեր եմ նետում բոլորին»

Քանի որ ինձ վրա սառցե ջուր լցնելով չեմ կարողանա ոչնչով օգնել ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդներին, այդ իսկ պատճառով իմ կողմից շատ հարգված և սիրված իմ ըներոջ, կոլեգայի մարտահրավերին կպատասխանեմ նշված հիվանդության մասին որոշ չափով տեղեկություն տրամադրելով:
Մարտահրավեր եմ նետում բոլորին, որպեսզի ավելի շատ տեղեկացված լինեն տվյալ հիվանդությամբ:
Չիկագոյի Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտողների կարծիքով, իրենք կարողացել են գնտել չբուժվող ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բոլոր տեսակների ընդհանուր գենետիկական պատճառը: Հայտնագործումը կարող է արագացնել այս հիվանդության բուժման մշակումը, որով տառապում է աշխարհում գրեթե 350 հազար մարդ:
Ամերիկացիներին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը հայտնի դարձավ Նյու Յորքի բեյսբոլի Յանկիների թիմի խաղացող Լու Գերիգի միջոցով:
Երբ 1939 թվականին Գերիգի մոտ ախտորոշվել է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ինքը լքել է սպորտը: Այս հիվանդությունը հաճախակի անվանում են «Լու Գերիգի հիվանդություն»:
Նյարդերի դեգեներատիվ այս խանգարման դեպքում մարմնի կամայական շարժումները հսկող նյարդային բջիջները վնասվում են և այլևս պատշաճ կերպով չեն հաղորդակցվում մկանների հետ:
Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտանիշերից են կարկամումը, մկանների լարումը և ցնցումները, որոնք ի վերջո բերում են ոտքերի և ձեռքերի թուլացման և ոչ պարզ, աղավաղված խոսքի: Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապող հիվանդները կորցնում են իրենց ձեռքերը, ոտքերը և մարմինը շարժելու կարողությունը:

Բժիշկ Տիպու Սիդիքը գլխավորել է Հյուսիսարևելյան համալսարանի այս հիվանդությունն ուսումնասիրող հետազոտողների խումբը: Իր վկայությամբ, հիվանդության առաջխաղացման հետ հիվանդը հայտնվում է իր իսկ մարմնի թակարդում՝ չի կարողանում կուլ տալ, խոսել կամ շնչել:
«Մարդկային տեսանկյունից՝ ճակատագրական լինելուց բացի սա շատ նվաստացուցիչ է», - ասում է բժիշկ Սիդիքը:
Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդները մահանում են երկուսից հինգ տարվա ընթացքում:

Այս հիվանդությունը չի բուժվում, և մինչև վերջերս հայտնի չէր նաև դրա առաջացման պատճառը: Սակայն Հյուսիսարևելյան համալսարանում Միացյալ Նահանգներից և Կանադայից գիտնականների մի խումբ վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ընտանիքներում, որտեղ կան ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապողներ, հայտնաբերվել են ընդհանուր գենետիկական գծեր: Հիվանդության առաջացման պատճառը կարող է լինել յուբիքուլին-երկու կոչվող գենը: Սովորաբար գենը վերամշակում և վերականգնում է ողնուղեղում և ուղեղում նյարդային բջիջների գործողության համար կարևոր սպիտակուցները: Սակայն ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդների մոտ «Ubiquilin-երկու» գենը վնասվում է և սպիտակուցները չեն վերականգնվում՝ շատ արագ վնասելով նեյրոնները:
Բժիշկ Սիդիքը հույս է հայտնել, որ այս հայտնագործությունը կօգնի բուժում գտնելու համար կատարվող հետագա ուսումնասիրություններին:

«Այս հայտնագործությունը թույլ կտա պատկերացնել, թե ինչպես է գործում հիվանդության մեխանիզմը: Նյարդերի դեգեներատիվ խանգարման մեջ ամենադժվար հարցը հիվանդության մեխանիզմն է՝ ինչու և ինչպես են բջիջները հիվանդանում և կազմափոխվում, ինչպես են կորցնում կապը մկանների հետ, սրանք են հիվանդության գլխավոր հարցերը», - ասում է Սիդիքը:

Սալցմանների ընտանիքը ծանոթ է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի հետևանքներին և մասնակցել է հետազոտությանը: Այս հիվանդությունից մահացել են Ջոեն Սալցմանի հայրը, մայրը, երկու մորաքույրները և որդին, և ինքն անհանգստանում է իր թոռների համար:
Սալցմանը հուսով է, որ բժիշկ Սիդիքը և նրա խումբը կմշակեն դեղորայք, որը որոշ ժամանակով կերկարացնի ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով տառապող հիվանդների կյանքը և հնարավոր է՝ բուժի ապագայում այդ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց:

Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը