Կարծիք

26.08.2014 00:13


«Գյադեքի ժամանակաշրջանի ավարտը»

«Գյադեքի ժամանակաշրջանի ավարտը»

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն իր հույս ու ապավենների հետ հանդիպելիս «լուրջ» մտքեր է արտահայտում, ինձ թվում է, որ այդ ամենը մեզ հետ արդեն կատարվել է, որ դա արդեն լսել ենք, ու այդ «գրական» կերպարը մեզ լավ ծանոթ է:

Գործող նախագահը մեզ համոզում էր, թե ամեն ինչ արագացված տեմպերով պիտի անենք, որպեսզի դառնանք Եվրասիական միության հիմնադիր անդամ, բայց երբ դա չստացվեց, ավելին՝ մերժեցին կոպիտ ձևով ու խայտառակ նախապայման դնելով, Սարգսյանի՝ «բազեների» հետ վերջին հանդիպման ժամանակ արտահայտված մտքերից հասկացանք, որ ինքը չի էլ շտապում, որ ամեն ինչ ընթանում է «վերջին բոլշևիկի» կամքին համապատասխան:

Երբ արդեն հնարավոր չէ թաքցնել, որ ԵՏՄ անդամ երեք պետություններից առնվազն երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն ՀՀ անդամակցությունից այդ միությանը, քանի որ մեր երկիրը դիտարկում են ոչ թե որպես գործընկեր, այլ Ռուսաստանի գործակալ այդ կառույցում, հիմա արդեն Սարգսյանը դա մեկնաբանում է այնպես, որ թեպետ բոլորը չեն ուրախ, բայց, մյուս կողմից էլ, այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին: Իր ասածից ստացվում է, որ այս հարցում էլ ամեն ինչ ընթանում է Ազատիչի ուզած հունով:
Վերջին շրջանում իշխանություններն ամեն ինչ անում էին (են), որպեսզի վաղօրոք տապալվեն աշնանային ներքաղաքական զարգացումները, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ակնհայտ է, որ «քառյակը» լի է վճռականությամբ՝ երկրում իրավիճակ փոխելու (հանրահավաքային ու այլ մեթոդների կիրառմամբ), ուստի Սարգսյանն իրեն հատուկ նախաձեռնողականություն է հանդես բերում, թե՝ որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան. կարծես՝ դա հենց իր ուզածն է, և արվելու է բացառապես իր թողտվությամբ:
Երբ ապրիլ ամսին Ազատիչը հասկացավ, որ կառավարության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ժողովուրդը կանգ չի առնելու այդ հարցի վրա ու գործող նախագահի հրաժարականն է պահանջելու, նա զոհաբերեց վարչապետին, որպեսզի իր պաշտոնանկության պահանջը որոշ ժամանակով հետաձգի: Ու հիմա, երբ գիտակցում է, որ առաջիկա ակտիվ զարգացումներն իրեն ոչ հաճելի սցենարով են զարգանալու, արդեն ուզում է ցույց տալ, որ դա սովորական քաղաքական գործընթաց է: Այդպիսով նա ուզում է հանգստացնել իր թիմակիցներին ու կանխել խուճապային տրամադրությունները։ Իսկ հակախուճապային փաստարկն էլ այն է, որ բոլոր աշուններն էլ թեժ են հայտարարվել։ Ուզում է ասել, որ սա հերթականն է լինելու, բայց դե, բոլորին, այդ թվում ու նախ և առաջ՝ իրեն, պարզ է, որ այդպես չէ։ Այլապես ի՞նչ իմաստ ուներ այդ թեմային անդրադառնալը և արհեստականորեն ցույց տալը, թե ամեն ինչ իր ուզած տարբերակով է ընթանում։

Հիմա հիշեցի՞ք, թե որ կերպարին է նման «վերջին բոլշևիկը»: Մեկն էլ էր, չէ՞, հրամայում, որ այսուհետ թող արևը արևմուտքում մայր մտնի, իսկ արևելքում՝ ծագի: Մենք էլ ընկած համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, թե Սերժ Սարգսյանն առաջիկայում բռնապետերից որի՞ ճակատագրին է արժանանալու՝ Քադդաֆիի՞, Սադամի՞, Յանկուկովիչի՞, թե՞…

Խեղդել է մեզ, էլի, մեր օտարամոլությունը, ու չենք տեսնում մեր հերոսներին: Ախր, Սարգսյանը ինչպես նախագահ դարձավ, ոնց նրա պես կառավարեց, այնպես էլ Նազարի ճակատագրին էլ կարժանանա շուտով, ու նրա հարցում արդեն ամեն ինչ պարզ է:

Դարդս մնացել է, թե նրա նազիր-վեզիրները, կամ ավելի ճիշտ՝ էս կողմ–էն կողմ անցնող գյադեքը ի՞նչ են անելու հետագայում: Տնաշեններն էլ այնպես արագ են բազմացել այս ընթացքում, որ մի ամբողջ «գյադաստան» են կառուցել. դա որ փլվի իրենց գլխին, տակից ո՞նց են դուրս գալու:

Աչքիս՝ կենդանի դասականը ևս մեկ գործ պետք է մեզ հրամցնի, այս անգամ՝ «Գյադեքի ժամանակաշրջանի ավարտը» վերնագրով։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1458278731110576&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը