Կարծիք

25.08.2014 15:52


«Սարգսյանն ինքը խոստովանեց՝ ճիշտ են մարդիկ, ովքեր ուզում են պաշտպանել Ղարաբաղն իրենից»

«Սարգսյանն ինքը խոստովանեց՝ ճիշտ են մարդիկ, ովքեր ուզում են պաշտպանել Ղարաբաղն իրենից»

Ամիսներ առաջ իր հրապարակային ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը զարմանքով խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր փորձում էին Ղարաբաղն իրենից պաշտպանել: Իսկ նախագահականին կից աշխատող ԶԼՄ-ն և ֆեյսբուքյան ակտիվիստները շատ մեծ եռանդով տարածում էին այն միտքը, թե Սարգսյանը կռվել է, և բոլորից լավ է հասկանում Ղարաբաղի գինը: Սակայն ժամանակն անցավ, և Սարգսյանն ինքը խոստովանեց, որ ճիշտ են այն մարդիկ, ովքեր ուզում են պաշտպանել Ղարաբաղն իրենից:
Սերժ Սարգսյանը, մասնակցելով «Բազե–2014»–ի փակման արարողությանը, պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Անդրադառնալով արտագաղթի թեմային՝ Սարգսյանը նշել է հետևյալը. «Կա երկու պատճառ, որը նպաստում է արտագաղթին։ Առաջինը հայկական Սփյուռքի առկայություւնն է։ Այն մագնիսի նման քաշում է: Երկրորդ պատճառը մեր չավարտված պատերազմն է»։

Ահա այսպես, ՀՀԿ ղեկավարը փաստացի նշում է, որ արտագաղթի, որը ժամանակ առ ժամանակ տարհանում է հիշեցնում, պատճառը ոչ թե այն է, որ Սարգսյանը մեր երկրում փորձում է ստեղծել գերկենտրոնացված քաղաքական և տնտեսական համակարգ, ինչի հետևանքով բիզնեսը փախնում է մեր երկրից՝ իր հետ տանելով երկրի զարգացման համար այդքան անհրաժեշտ գումարները: Ըստ Սերժ Սարգսյանի՝ արտագաղթի պատճառ չէ նաև «Սաշիկ Սարգսյան» երևույթը, ով ոչ մեկին թույլ չի տալիս օրենքով աշխատել:

Արտագաղթի պատճառ Սերժ Սարգսյանի համար չի հանդիսանում նաև այն, որ տարբեր մակարդակի չինովնիկները բացահայտ թալանում են երկիրը, ինչ արժե միայն «Նաիրիտի» պատմությունը (Տիգրան Սարգսյանի ականջը կանչի): Բայց այս ամենն ավելի շատ գաղջ երևույթներ են Սերժ Սարգսյանի համար, արտագաղթի պատճառ չեն, այլ դրա պատճառ է հանդիսանում Ղարաբաղը:
Այստեղ հարց է առաջանում` իսկ ի՞նչ լուծում է առաջարկում Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ նույնիսկ դպրոցականի համար ակնհայտ է, որ մոտակա ժամանակները Ղարաբաղի հարցը չի լուծվի: Սարգսյանն այս իր խոսքերով հիմնավորում է այն, որ հետագայում նույն քաղաքականությունն է վարելու մեր երկրում, և մարդկանց ստիպելու են արտագաղթել, թե ավելի վատ բանի քարոզ է սկսվում: Սկսվում է այն գաղափարի քարոզը, թե «քանի ունենք Ղարաբաղի հարց, լավ չենք ապրի, հետևաբար…»:

Իր այս խոսքերով Սարգսյանն ապացուցում է, որ ճիշտ են այն մարդիկ, ովքեր Ղարաբաղն իրենից պաշտպանում են: Ասեմ ավելին` Հայաստանը նույնպես պետք է իրենից պաշտպանել: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը սա գիտակցելով՝ սեպտեմբերին համապատասխան քայլեր կձեռնարկեն: Սերժ Սարգսյանի` իշխանության ղեկին մնալու ամեն օրվա արժեքը կազմում է 114 հայ, որոնք արտագաղթում են երկրից…

Հ.Գ.։ Ղարաբաղի իշխանությունները պարտավոր են այս ամենին արձագանքել: Իրենք շատ լավ պիտի հասկանան, որ երկրի թուլացման և պատերազմի վերսկսման պարագայում առաջինը հենց իրենք են տուժելու, և թող հույս չունենան, թե ինչ-որ մեկը կկարողանա փրկվել:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը