Մեկնաբանություն

25.08.2014 12:24


Բա մի հատ «Ֆլեշ մոբ» չանե՞նք

Բա մի հատ «Ֆլեշ մոբ» չանե՞նք

Վերջին շրջանում համացանցը ֆլեշմոբակոխ է եղել։ Հայտնի ու անհայտ մարդիկ իրենց գլխին սառույցով լի ջուր են լցնում կամ հետույքներն են բացում, կամ էլ յաթրջի արաղն են քաշում գլուխները՝ օգտվելով ծիծակե բաժակից։

Ամառվա այս շոգին վատ պրոցեդուրաներ չեն, բայց դե, դրանով մարդկանց չես զարմացնի։ Մեզ այլ կարգի «ֆլեշ մոբ» է պետք։ Ավելի «խոխմա», ավելի «ազգային», ավելի «քաղաքական» ու ավելի «հայրենասիրական»։

Օրինակ՝ լավ կլիներ, որ Զորի Գայկովիչը մարտահրավեր նետեր ՀՀԿ ղեկավարի շահերը սպասարկող իր «արևմտամետ» գործընկերներ Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին ու մյուսներին՝ առաջարկելով քծնողական նամակ գրել Պուտինին։ «Արևմտամետներն» էլ իրենց հերթին մարտահրավեր կարող են ուղարկել ռուսահպատակ Արտաշես Գեղամյանին՝ առաջարկելով քծնել Օբամային ու Արևմուտքի ցանկացած էշությանը տալ դրական գնահատական։

Գեղամյանն իր հերթին կարող է մարտահրավեր ուղարկել իրենից ոչ պակաս ճղճղան «քաղաքացիականներին»՝ կոչ անելով ճնշումներ բանեցնել Ալիևի վրա ու մտցնել նրան Մաքսային միություն։

Սրանք բոլորով կարող են մարտահրավեր ուղարկել «զոհված ազատամարտիկի» կարգավիճակով պատգամավոր դարձած գեներալներին, ֆեյսբուքյան «գրոհայիններին», միայն տիեզերական մասշտաբների դեպքում կռիվ գնալու խոստում տվածին ու ծաղկաձորներում ադրբեջանցի դիվերսանտների դեմ կատաղի մարտեր մղող «բազեականներին»՝ ստիպելով նրանց միանալ «Ո՛չ պատերազմին» սութի–պացիֆիստական ակցիային։

Ու վերջում սառույցով դույլը կարել է շուռ տալ Արմեն Աշոտյանի գլխին. ինքն արդեն սովոր է։

Հը՞, չե՞ք ուզում սկսել «ֆլեշ մոբ»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը