Կարծիք

24.08.2014 16:53


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Պաշտպանել անկախությունն օրվա իշխանությունից

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն էր: Հարյուրամյակներով անկախությունը կորցրած երկրի համար դա պետք է որ լիներ տոների տոնը: Բայց այն, որ այդ ոչ աշխատանքային օրը, Կառավարության որոշմամբ, հայտարարվել էր աշխատանքային՝ որպես մեռելոցի փոխհատուցում, կարելի է ասել՝ դժբախտության մի մասն է: Բայց աշխատանքային օրն ավարտվեց, ու տոնն այդպես էլ չսկսվեց: Ինչո՞ւ:

Դե, եթե ամիսներ առաջ մեր երկրի ոչ բարով մտավորականը նախագահականի «պասով» ՌԴ նախագահին նամակ է գրում, որպեսզի Ղարաբաղը Գյուլիստանի պայմանագրով անցնի այդ երկրի կազմ, իսկ նրա այդ քայլը պետական մակարդակով ոչ թե քարկոծվում է, այլ խրախուսվում, ապա զարմանալ պետք չէ, որ անկախության հռչակագրի ընդունման օրն աննկատ է անցնում:

Եթե ՀՀ գործող նախագահն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ պատրաստ է զիջելու ազատագրված տարածքները, իսկ դրան մի տեսակ հանգիստ ենք վերաբերվում, եթե արդեն հարցը հասել է այնտեղ, որ մեր աչքի առաջ Հայաստանն է կորցնում իր անկախությունը, ավելին ճիշտ՝ վերածվում ՌԴ գուբերնիայի՝ «Երկիր՝ նախագահի աթոռի պահպանման դիմաց» ծրագրի շրջանակներում, ապա այս պարագայում էլ ի՞նչ անկախության տոն:

Պատմությունից շատ ենք հանդիպել, որ մեր քաջարի զինվորները մի քանի հարյուր, անգամ՝ մի քանի տասնյակ հոգով պահել են ամրոցը թշնամու հազարավոր, անգամ՝ տասնյակ հազարավոր զինվորների պաշարումից, բայց գտնվել է մի դավաճան, որը թշնամուն հայտնել է ամրոցի գաղտնի դռան տեղը, եկել գրավել են ամրոցը, բոլորին ոչնչացրել, իսկ այդ դավաճանին նշանակել ամրոց-ավերակի տիրակալ: Ոչ մեկս չգիտենք, թե որս ենք ամրոց պահող քաջարի զինվորի հետնորդը, իսկ որ մեկը՝ գաղտնի դռան տեղը թշնամուն հայտնողի: Բայց եթե պետական մտածողություն ունենանք, այսօր անկախ Հայաստանում ստիպված չենք լինի մեր հայրենակիցների մասին կարծիք կազմել նրանց գեներից ու նախորդների փառավոր կամ ամոթալի պատմությունից:

Եթե դասալիքին կամ պետությունը հանձնելու ծրագրեր ներկայացնողին պետականորեն խրախուսում են ու ամենաբարձր աթոռներին բազմեցնում և ըստ զբաղեցրած դիրքի՝ երկիրը թալանելու համապատասխան քվոտայով ապահովում, եթե ըմբոստը սովամահ է լինում, իսկ պնակալեզը ուզած չափով լիզում ու չի կշտանում իշխանության պնակից, ապա այս դեպքում ինչպե՞ս դաստիարակես հայրենասեր քաղաքացու: Երբ անգամ քաղաքացի մեզնից յուրաքանչյուրին կարելի է կոչել խիստ վերապահումով, քանի որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, որպեսզի այդ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ քաղաքացի համարվի:
Եթե չենք կարողանում իշխանությունը բռնազավթած վարչակազմից ազատվել, եթե մենք չենք ձևավորել այս իշխանությունն ընտրությունների միջոցով, ուրեմն, որքան էլ ցավալի հնչի, մենք ուղղակի հպատակ ենք: Ուրիշ բան, որ մեզանից շատերն այս վիճակի հետ հաշտվելու, ասել է թե՝ հպատակվելու ցանկություն չունեն:

Մոտ մեկ ամսից պետք է տոնենք անկախության հանրաքվեի 23-ամյակը, հուսով եմ, որ այդ օրն արդեն կհամընկնի մեր՝ որպես քաղաքացու իրավունքների համար պայքարի հետ, ու գոնե այդ տոնը նորովի ընկալելու ու արժեվորելու հնարավորություն կունենանք սպասվող քաղաքական աշնան արդյունքում:

Այո՛, մինչև չհաղթենք մեր միջի ստրուկին ու ոտքի չկանգնենք, մինչև դրանից հետո չհաղթենք մեր երկիրը ստրկացնող իշխանավորներին, չենք կարող աշխարհի հետ կռիվ տալ ու մեր անկախությունը պաշտպանել:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1457236521214797&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը