Մեկնաբանություն

24.08.2014 00:05


Վտանգավոր ու սարսափելի մտքեր

Վտանգավոր ու սարսափելի մտքեր

Սերժ Սարգսյանը, մասնակցելով «Բազե–2014»–ի փակման արարողությանը, պատասխանել է նաև նույն միջոցառմանը մասնակցող յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նա մի շարք վտանգավոր ու սարսափելի մտքեր է հայտնել։

Մասնավորապես, անդրադառնալով արտագաղթի թեմային՝ ՀՀԿ ղեկավարը, «Ա1+»–ի փոխանցմամբ, նշել է հետևյալը. «Կա երկու պատճառ, որը նպաստում է արտագաղթին։ Առաջինը հայկական Սփյուռքի առկայություւնն է։ Այն մագնիսի նման քաշում է: Երկրորդ պատճառը մեր չավարտված պատերազմն է»։

Փաստորեն, ստացվում է, որ արտագաղթի հարցում իշխանությունները բացարձակապես մեղավորություն չունեն։ Մեղավոր են Սփյուռքն ու Ղարաբաղը։ Սփյուռքը մագնիսի պես քաշում է (թերևս այդ հանգամանքը հաշվի առնելով էր Տիգրան Սարգսյանը նպաստում «Հայկական աշխարհի» ընդարձակմանը), իսկ Ղարաբաղն էլ չի թողնում, որ մարդիկ մնան այստեղ։ Սրանք շատ սարսափելի ու վտանգավոր մտքեր են, մանավանդ երբ հնչում են պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու շուրթերից։

Սա հայաստանցի ու ախպար, հայաստանցի ու ղարաբաղցի հակապետական հակադրության բացահայտ քարոզ է։ Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից հայտարարվում է, որ չավարտված պատերազմն է (ըստ էության՝ մեր հաղթանակը) արտագաղթի պատճառը։ Ավելին՝ պաշտոնապես հայտարարվում է, որ արտագաղթը շարունակվելու է, և ավելի բարձր տեմպեր է արձանագրելու, քանզի ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցը մոտ ապագայում չի կարող լուծվել, և մենք դեռ երկար ենք ապրելու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ռեժիմում։

Սարգսյանն, ըստ այդմ, «գաղափարական» հիմնավորում է տալիս ու ինչ–որ տեղ նաև խրախուսում արտագաղթը՝ նշելով, որ չավարտված պատերազմ ունենք։ Նման հայտարարությամբ Սարգսյանն արտագաղթի կեղծ պատճառներ է մատնանշում և լվանում իր ձեռքերը։

Իսկ ի՞նչ է առաջարկում Սարգսյանը։ Ըստ էության, ոչինչ։ Իսկ միգուցե նա առաջարկում է արագ բավարարել Ադրբեջանի պահանջները, որպեսզի պատերազմի վտանգը վերանա, ու արտագաղթն էլ կանգնի՞։ Բայց չէ՞ որ դա կապիտուլյացիոն մոտեցում է։ Դատելով ամենից՝ այո։ Հատկապես որ մշտապես հայտարարում է, որ կողմ է ազատագրված տարածքների հանձնմանը։ Ինչևէ։

Եվ ամենակարևորի մասին՝ բանականություն և քաղաքական մտածողություն ունեցող ցանկացած մեկի համար պարզ է, որ Սփյուռքն ու Ղարաբաղը ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչներն են։ Ըստ Սերժ Սարգսյանի, սակայն, Սփյուռքն ու Ղարաբաղը խթանում են արտագաղթն ու փաստացի վնասում մեր անվտանգությանը։ Սա մտածողություն է, որը հակապետական է ուղնուծուծով։ Այս մտածողությամբ մարդը չի կարող պետություն ղեկավարել, առավել ևս՝ պատերազմի վտանգի տակ գտնվող պետություն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Աշխարհում ինձ համար ընդունելի չէ 3 երևույթ՝ չարությունը, տգիտությունը և նախանձը: Այդպիսի հատկություններով օժտված մարդը ճիշտ որոշում չի կարող կայացնել»։–Այս մտքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է։

Համաձայնե՛ք, որ շատ ճիշտ բաներ է նա ասել, բայց, ախր ...

Այս խորագրի վերջին նյութերը