Մեկնաբանություն

22.08.2014 10:25


ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդն իշխում էին նաեւ մեր թվարկությունից առաջ

ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդն իշխում էին նաեւ մեր թվարկությունից առաջ

Սերժ Սարգսյանի սահմանած «հին ադաթով ու կարգով» արտագաղթի թեմային վերաբերող հարցերը հնչում են միայն ԵԿՄ համագումարում եւ «Բազե» ճամբարում:

Այս միջացառումների ժամանակ են երկրի առաջին, երկրորդ եւ մնացած դեմքերը պատասխանում իրենց համար իբր «ամենացավոտ» հարցին: Հասկանալի է, հնչեցվող հարցին նախապես տեղյակ լինելով:

Այս տարվա փետրվարին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը պատասխանելով ներկաներից մեկի հարցին, հայտարարեց. «Իրոք, արտագաղը մեր ամենացավոտ, ամենասուր հարցերից մեկն է, եւ թող որեւէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից մեկն է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի»:

Հետո տարբեր ժամանակահատվածներ նշեց՝ ցույց տալով, թե արտագաղթի ծավալները երբ են աճել, երբ «դանդաղել»: Մի խոսքով, ըստ Սարգսյանի, պրոբլեմը լացուկոծով, շահարկումով չի լուծվում. «Պրոբլեմը աշխատանքով է լուծվում, մենք բոլորս միասին պետք է աշխատենք»:

Իսկ օրերս արտերկրից Երեւան վերադարձած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե արտագաղթը այնքան էլ վատ բան չի, եթե կուզեք՝ նույնիսկ շատ լավ բան է. «Արտագաղթն ամբողջ աշխարհում կա, Ես շատ եմ շփվում դրսի համայնքների հետ, և այսօր մենք դրսում շատ տեղեր երկրապահի բաժանմունքներ ունենք: Համագործակցում ենք նրանց հետ, էդ մարդիկ 24 ժամ պատրաստ են, որ երբ պետք լինի, հետ կվերադառնան: Էսօր մենք էդքան հնարավորություն չունենք՝ գազ, ոսկի, նավթ և այլն: Այո՛, մենք պիտի հպարտանանք, որ մեր ժողովուրդը գնան դրսերում «մոստ» չվառեն ու հետ գան, այլ աշխատեն ու փող բերեն երկիր: Հիմա ինչքա՜ն օլիգարխներ են գալիս ու ներդրում անում Հայաստանում»:

Դե, երեւի, Մանվել Գրիգորյանը երբ զանգի, այն ժամանակ էլ սփյոււռքահայ դարձած ԵԿՄ-ականները կվերադառնան: Ուղղակի, այս անգամ՝ սահմանային լարվածության թեժ պահին ինքն էր գնացել իր բաժանմունքի անդամներին տեսնելու:

Բայց, ցավոք, ԵԿՄ ղեկավարը չնշեց, թե այդ ովքե՞ր են, որ վերջին վեց տարում հեռանալով հայրենիքից՝ դրսերում օլիգարխ են դարձել, հետո վերադարձել են ու ներդրումներ են արել Հայաստանում: Այն, որ վերջին վեց տարիներին երկրից կապիտալի արտահոսք է արձանագրվել՝ դա հայտնի է, բայց որ հեռացողները եկել ու ներդրումներ են արել՝ սա նորություն է: Ավելի ճիշտ, նորություն էլ չէ, քանի որ չի եղել նման բան:

Սրան էլ հաջորդեց Գալուստ Սահակյանի՝ արտագաղթի թեմայով արած դատողությունները: Այցելելով «Բազե» ճամբար՝ բազեականներից մեկի հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց հետևյալը. «Արտագաղթ եղել է նաև մեր թվարկությունից առաջ և բոլոր դարերում: Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն, ու դրա պատճառները լոկ իշխանության հետ կապելը ճիշտ չէ: Հիմա աշխարհը մեծացել է, ու եթե մարդ Ֆրանսիայում բազմապատիկ ավելի պիտի ստանա, պարզ է՝ գնալու է: Արտագաղթի դեմ պետք է պայքարել, ոչ թե մեղադրել: Բայց ցավալի է, երբ մարդիկ խռոված են գնում Հայաստանից»:

Շատ հետաքրքիր է: Խռոված են գնում, բայց արտագաղթի խնդիրը չպետք է կապենք իշխանության հետ եւ ոչ էլ իշխանությանը մեղադրենք: Իսկ ինչի՞ց կամ ո՞ւմից են խռոված գնում, կամ՝ հետաքրքիր է, մեր թվարկությունից առաջ էլ էի՞ն խռոված գնում:

Նայած: Եթե մեր թվարկությունից առաջ էլի ՀՀԿ-ն է եղել իշխանություն՝ հաստատ խռոված գնացած կլինեն:

Բայց դե, Գալուստ Սահակյանն ասում է՝ մենք կապ չունենք արտագաղթի հետ եւ ընդհանրապես, ըստ ԱԺ գեներալ–պատգամավորի և ԱԺ նախագահի, արտագաղթ ամբողջ աշխահում կա եւ եղել է դեռ մեր թվարկությունից առաջ:

Իսկ ըստ ՀՀԿ առաջնորդի, այդ խնդիրը չպետք է շահարկել, քանի որ ժամանակավոր բնույթ է կրում:

Բայց այնպես չէ, որ գործող իշխանությունը չի մտածում արտագաղթը կանխելու մասին:

Օրինակ, արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի փողոցներում, շենքերի պատերին, էլեկտրասյուներին, ամենուր փակցվել են չվող թռչուններ պատկերող պաստառներ. վերեւում գրված է «Մի՛ հեռացիր», իսկ ներքեւում՝ «Լքելով փոքրիկ հայրենիքը՝ դարձնում ես այն ավելի փոքր»:

Ուրեմն՝ վերջին մի քանի տարիներին երկրից հեռացել է մոտ 300 հազար մարդ, իսկ օրերս էլ հրապարակված տվյալներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում ավելի շատ է եղել Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը:

Այս աղետալի արտագաղթը կանխելու համար իշխանությունը տարիներ շարունակ մատը մատին չի խփել: Այսինքն՝ երկրի տնտեսությունը չի զարգացրել, աղքատության տոկոսը չի կրճատել, բիզնես միջավայրը չի լավացրել, կապիտալի արտահոսքը շարունակվել է, արտաքին ներդրումների ծավալները շեշտակի կրճատվել են:

Փոխարենը իշխանությունը շարունակել է թալանը, ժողովրդին կեղեքելու գործը ու նաեւ արտաքին պարտքը եռակի անգամ ավելացրել է:

Հիմա նշված հիմնախնդիրների լուծումն անտեսելով՝ դիմել է նման սրտաճմլիկ բովանդակությամբ պաստառների միջոցով արտագաղթի դեմն առնելու մեթոդին: Հավանաբար, կարծելով, թե մարդիկ կտեսնեն այդ պաստառները, տեղում հոնգուր-հոնգուր լաց կլինեն ու կհրաժարվեն հայրենիքը լքելու մտքից: Կասեն՝ ավելի լավ է անգործ նստենք, սոված մնանք, դիմանանք շարունակվող անարդարությանն ու անօրինությանը, քան թե հեռանանք: Բայց հետաքրքիր է՝ ո՞ւմ գլխում է ծնվել հուզաթաթախ ու «հայրենասիրական» զեղումներով սույն պաստառների տարածման «փայլուն» գաղափարը և որքա՞ն է կազմել այդ պաստառների տարածումից ակնկալվող «ատկատը»:

Չլինի՞ դարձյալ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հիմնադրամի գաղափարն է, որը օրերս էլի մի նման գաղափար հղացավ եւ սկսեց իրագործել:

Խոսքը զինծառայողների ընտանիքների պատշգամբներից եռագույն դրոշներ կախելու մասին է:

Է՛հ, կարգախոսներով ու ցուցադրական ակցիաներով ո՞վ չի կարող երկիր ղեկավարել: Բոլորն էլ կարող են այսպես կառավարել:

Բայց ախր, երկիրը չի դիմանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը