Կարծիք

27.01.2011 14:21


Ինչպես են պատրաստվում պատերազմին

Ինչպես են պատրաստվում պատերազմին

Հերթական անգամ հանդիպեցին ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը: Այս անգամ հանդիպումը կայացավ Ռուսաստանում' ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

Դեռ մինչ հանդիպումն էր շեշտվում, որ բանակցություններից պետք չէ որևէ սպասում ունենալ: Չնայած առանց այդ հայտարարության էլ չկար գոնե մեկը, որ վերոհիշյալ հանդիպումից սպասումներ ունենար: ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները լճացման փուլում են: ԵՄ տարատեսակ ներկայացուցիչներն առանց փակագծերը բացելու կրկին ասում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանցիները կրկին երգում են «միայն զենքով կա ադրբեջանցիներին փրկություն» երգը, Իլհամ Ալիևը խոսում է ադրբեջանցիների համբերության սպառման մասին, հայկական կողմն էլ կրկնում է արդեն բոլորին քաջածանոթ հայտարարությունները: Ռազմաճակատի գծում էլ պարբերաբար միջադեպեր են արձանագրվում, որոնք հանրությանն մատուցվում են այնպես, ինչպես պետք է հենց այդ պահին: Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, և այնպիսի տպավորություն է, թե առաջիկայում այս հարցը չի էլ լուծվելու:

 Հիմա ավելի շատ քննարկվում են ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծման հնարավոր տարբերակները, այլ այն հարցը, թե կլինի՞ նոր պատերազմ, թե՞ ոչ: Ոմանք այն կարծիքին են, թե պատերազմի վերսկսման վտանգն աստիճանաբար աճում է: Այսպես են կարծում, քանի որ տեսնում են, որ բանակցային գործընթացը դոփում է տեղում, իսկ Ադրբեջանն էլ մեծացնում է ռազմական բյուջեն:

Անկասկած, հիմնախնդրի չկարգավորված լինելը թույլ է տալիս մտածել, որ ինչ-որ պահի «ստատուս քվո»-ից դժգոհ կողմը կսկսի պատերազմական գործողությունները: Այսուհանդերձ, եթե մենք ավելի ուշադիր հետևենք այս հակամարտության ծագմանը և ընթացքին, ապա կընդունենք, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կախված չէ ո՛չ ադրբեջանցիների տրամադրություններից, ո՛չ էլ նրանց ռազմական բյուջեից: Կարող է տարօրինակ հնչել, բայց պատերազմի վերսկսման հավանականությունը կապ չունի նաև հայկական կողմի հետ: Հայերն ու ադրբեջանցիներն իրենց կարճատեսությամբ եկել-կանգնել են մի կետի վրա, որտեղից ով ինքնուրույն շարժվի, կհայտնվի անդունդի ամենախոր փոսում:

Բնականաբար, այս ամենը գիտակցում են և՛ Բաքվում, և՛ Երևանում, և՛ նույնիսկ Ստեփանակերտում: Նույնիսկ, քանի որ հիմա Ստեփանակերտի տեսակետը որևէ մեկին չի հետաքրքրում: Տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները' Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Անգլիան, որևէ ցանկություն չունեն այստեղ թեժ օջախ ստեղծել: Ռուսաստանին այսօր լիովին բավարարում է ստեղծված «ստատուս քվո»-ն:

ԱՄՆ-ը և Անգլիան, իհարկե՝ իրենց շահերից ելնելով, կցանկանային, որ օր առաջ ստորագրվեր խաղաղության համաձայնագիրը, բայց, հաստատ, այդ համաձայնագիրը ստորագրելու համար չեն ցանկանա մի նոր պատերազմ հրահրել: Նույնը վերաբերում է նաև Ֆրանսիային: Նավթային ընկերությունները և նրանց ետևում կանգնած տերությունները հսկայական միջոցներ չեն ծախսել, որպեսզի հրթիռի մի քանի հարվածով այն ընկնի ջուրը: Ավելին, պատերազմի վերսկսմամբ շահագրգռված չէ նույնիսկ Իլհամ Ալիևը: Իհարկե, եթե նա վստահ լիներ, որ պատերազմը կարճատև կլինի և կավարտվի իր օգտին, ապա առաջին իսկ առիթի դեպքում կնետվեր առաջ, բայց նա բավական լավ կրթություն է ստացել և հասկանում է, որ իրականությունը բոլորովին այլ է: Ակնհայտ է նաև, որ պատերազմով շահագրգռված չէ նաև հայկական կողմը:

Այսպիսով, եթե ստեղծվել է մի վիճակ, երբ պատերազմը գրեթե որևէ կողմի շահերից չի բխում, ապա ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մոտ է զրոյին: Այսուհանդերձ, չնայած բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ առկա «ստատուս քվո»-ն կարող է նույնիսկ տասնամյակներ տևել, այսուհանդերձ, մենք պետք է ամեն օր պատրաստ լինենք պատերազմական գործողությունների վերսկսմանը: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե գերտերությունների տրամադրությունները հանկարծ չեն փոփոխվի: Կարող է մի պահ ստեղծվել, երբ մեծ խաղացողներից որևէ մեկը կփորձի նոր բախում հրահրել: Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ այս դեպքերում գերտերությունների համար գրեթե նշանակություն չունի, թե ո՛ր կողմի օգտին է ավարտվում պատերազմը: Այսպիսով, ցանկացած պահի մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ նույնիսկ անցանկալի պատերազմի դեպքում գերտերությունների համակրանքը լինի մեր կողմը: Իսկ պատերազմին միայն զենք գնելով չեն պատրաստվում: Մեր երկիրը եթե ուժեղ չեղավ, եթե ժողովուրդը բարոյալքված վիճակում լինի, ապա զենքի քանակը, զինվորների թիվը կարող են և նշանակություն չունենալ: Այսպիսով, պատերազմի վտանգի մեջ գտնվող երկիրը պետք է ամեն ինչ անի հզոր տնտեսություն, բարձր կենսամակարդակ ունեցող ժողովուրդ ունենալու համար:

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, միայն թուլացնում է մեր երիտասարդ հանրապետությունը և ավելի բարոյալքում ժողովրդին: Եթե մարդուն զրկում ես ընտրելու իրավունքից, եթե ցանկանում ես Հայաստանը վերածել սուլթանության, եթե ցանկանում ես, որ մեռնի միջին և փոքր բիզնեսը, ապա չես կարող ակնկալել հաջողություններ մարտի դաշտում: Ակնհայտ է, որ այս իրավիճակից պետք է դուրս գալ: Ընդ որում, մենք դեռ ունենք բավարար չափով ռեսուրսներ, որ կարողանանք հաղթահարել այս դժնդակ վիճակը:

Նոր, առողջ մոտեցում է անհրաժեշտ մեր երկիրը փրկելու համար: Պետք է նոր մոտեցում, որ ժողովուրդը հավատա իր վաղվա օրվան, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի պաշտպանելու հայրենիքի ամեն մի հողակտորը: Իսկ ամենակարևորն այն է, որ եթե մեր երկիրը լինի ժողովրդավարական, ունենա առողջ հասարակություն, իսկ տնտեսական վիճակն էլ լինի անհրաժեշտ մակարդակի վրա, ապա մեր հարևանները այլևս չեն էլ մտածի պատերազմի մասին, այլ կփորձեն համագործակցել տնտեսապես հզոր և ժողովրդավարական Հայաստանի հետ: Առաջին հայացքից թվում է, թե սա ուտոպիական ծրագիր է, սակայն իրականությունն այն է, որ մենք դեռ ռեսուրսներ ունենք մեր փոքրիկ երկիրը վերականգնելու և առաջ տանելու համար: Դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ կանգնեցնել նրանց, ովքեր կարծում են, թե իրենք ֆեոդալներ են, իսկ ժողովուրդն էլ' իրենց սեփականությունը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը