Կարծիք

19.08.2014 18:45


Մերժել կեղծ օրակարգերն ու գնալ իշխանափոխության

Մերժել կեղծ օրակարգերն ու գնալ իշխանափոխության

Վերջին օրերի սահմանային ակտիվությունը դեռ երկար քննարկման առարկա կդառնա, քանի որ բացահայտումներ եղան ոչ միայն թշնամու ռազմական կարողությունների հարցում, այլև մեր հասարակության ու նաև՝ իշխանական վերնախավի բարոյահոգեբանական մթնոլորտի:

Արցախյան պատերազմի ժամանակ մեր քաջ տղերքը գնացին կռվեցին հանուն մեր անվտանգության, հանուն հող ու ջրի, հանուն մեր ազգային արժանապատվության:
Պատերազմն ավարտվեց, ու միասնաբար նույն նպատակի համար կռվող տղերքի ճանապարհները բաժանվեցին: Հազարավորները զոհվեցին, իսկ նրանցից շատ-շատերի ընտանիքներն օրվա հացի կարոտ մնացին, կամ էլ այդ հացը ստիպված եղան վաստակել մեր երկրի սահմաններից դուրս:

Հաշմանդամ ազատամարտիկների համար էլ վիճակը բարվոք չի, ու հազիվ թե մի քանի դրամ դեղի փողով այս ծանր ժամանակներում հնարավորություն ունենան տուն պահելու: Իսկ սրան զուգահեռ՝ մի քանիսին հաջողվեց այնպիսի փողեր աշխատել, այնպիսի դիրքեր գրավել մեր կառավարման համակարգում, այնպիսի բիզնեսներ ճանկել, որ նրանց համար ամենաշահութաբեր գործը եղել և մնում է պատերազմը: Ու եթե նախորդ անգամ ուղղակի իրենց «շուստրիության» շնորհիվ կարողացան պատերազմի արդյունքներից օգտվել, ապա հիմա այդ հարուստ փորձով իրենք ու իրենց զավակները գիտեն՝ ինչպես օգուտ քաղել նոր պատերազմից կամ սահմանային լարվածությունից. մեկ է՝ առաջին գծում կռվողն ու զոհվողն իրենք չեն լինելու:

Թշնամին լավ գիտեր մեր կռվող տղերքի ուժն ու վճռականությունը, բայց չէր պատկերացնի, որ դեռ ակտիվ գործողությունների չանցած՝ Երևանից սահման դեսանտ կիջներ պաշտոնյաներից ու հանրային դեմքերից կազմված արագ արձագանքման ջոկատը. եկան ու եկան, նկարվեցին ու նկարեցին:
Ուշադրությո՛ւն դարձրեք. դեռ մեր ուժերի կողմից առաջին հակահարվածը չտված՝ արդեն իշխանական լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ ու համացանցային ակտիվ օգտատերեր սկսեցին նշել, թե այդ պահին ով իրեն արժանապատիվ պահեց, ու ով կարող է լինել հաջորդ նախագահը, ու դրան զուգահեռ՝ նաև փորձում են հավանական մրցակից թեկնածուներին հարվածել:

Զավեշտ է, երբ իշխանական ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ասում էին, թե աշնանային ակտիվության ի՞նչ կարիք կա, երբ հաջորդ համապետական ընտրությունները 3 տարի հետո են, իսկ հիմա իրենք են անցել հաջորդ նախագահի քարոզարշավին, երբ ասում էին նաև, թե հերթական նախագահական ընտրություններին 4 տարի դեռ կա: Փաստորեն, խճճվել են իրենց իսկ քարոզչական սարդոստայնի մեջ։

Սերժ Սարգսյանը հրաշալի իմանալով, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհով իր իշխանությունը հավերժացնելու հարցում ոչ հասարակական աջակցությունն ունի, ոչ էլ՝ ազդեցիկ ոչիշխանական ուժերի, հույսը դրել է իր թիմակիցների վրա, բայց նրանք էլ չեն հավատում ու նաև չեն ցանկանում հավատալ այդ փոփոխության հնարավորությանը, և պատեհ առիթից օգտվելով՝ իրենց թեկնածությունն են առաջ քաշում նախագահի պաշտոնի համար կամ էլ սեփական ապագայի պլանները մշակում:

Եվ կապ չունի, թե ինչ էին անում այն լարված օրերին իշխանավորները. եթե գնացել էին առաջին գիծ, ուրեմն մեր երիտասարդների հաշվին անամոթաբար իրենց սեփական PR-ն էին անում, եթե մնացել էին Երևանում կամ արձակուրդը չէին դադարեցրել ու վերադարձել, ուրեմն բարոյական իրավունք չունեն հեռակա հայրենասիրական կոչեր անելու:

Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ արյան համը տեսած ու փողից կուրացած իշխանական գիշատիչները պատերազմի միջոցով մեր երիտասարդների արյան հաշվին սեփական ծրագրերը կյանքի կոչեն:

Ներիշխանական այս թատերականացված անհաջող ներկայացումը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի արդար պայքարի հետ։ Ոչ թե պետք է հետևել, թե ինչպես է մեկը ձգտում վերարտադրվել, իսկ մյուսներն էլ՝ կյանքի կոչել «ժառանգորդ» օպերացիան, որն ավելի շատ կեղծ սցենար և ուշադրության շեղում է, այլ պետք է նախաձեռնությունը ժողովուրդն իր ձեռքը վերցնի ու «քառյակի» ներկայացրած ուլտիմատումի առիթն օգտագործելով՝ իրականություն դարձնի ամբողջական իշխանափոխությունը:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1453767174895065&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը