Լրահոս

19.08.2014 10:23


Նպատակի համար բազալտը նույնիսկ արգելք չէ (լուսանկար)

Նպատակի համար բազալտը նույնիսկ արգելք չէ (լուսանկար)

2014 թվականի օգոստոսի 2-ին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ անդամներն իրականացրեցին գիտարշավ դեպի Կոտայքի մարզի Առինջ գյուղ` նպատակ ունենալով տեսնել և ընկալել վարպետ Լևոնի կողմից 23 տարի համբերատար և համառ աշխատանքի շնորհիվ կառուցած գետնափոր լաբիրինթոսը, որն իրավամբ ստացել է Աստվածային հրաշք թանգարանի անունը:

Լաբիրինթոսի խորությունը 21 մետր է և նրա փորման աշխատանքները կատարվել են բացառապես ձեռքի գործիքների միջոցով: Այս աշխատանքներն առավելապես դժվար են եղել հատկապես այն պատճառով, որ փորված հատվածը կազմված է եղել ոչ թե փափուկ հողից, այլ բազալտի հաստ շերտից: Առեղծվածային լաբիրինթոսի կառուցումն ունի նույնքան առեղծվածային պատմություն: Ցավոք, վարպետ Լևոնն այլևս մեզ հետ չէ և մեր գիտարշավին բավականին օգտակար եղավ նրա կինը`տիկին Տոսյան, ով պատմեց, որ վարպետը մի քանի անգամ երազ է տեսել` այն հստակ պատկերը որով պետք է սկսի կառուցումը: Սկզբում կերտել է խաչի քանդակը, այնուհետև շարունակել է կառուցումը։

Լաբիրինթոսի երկար միջանցքից ճանապարհներ են բացվում դեպի յոթ ընդարձակ սենյակներ: Լաբիրինթոսում ջերմաստիճանը ամառ, թե ձմեռ տասը աստիճան է: Լաբիրինթոսում կա մի վայր, որտեղ երազանք պահելիս, ըստ ավանդույթի ուժի, այն անպայման իրագործվում է։ Իսկապես զարմանալի էր, թե ինչպես հասարակ գործիքներով` մուրճով ու սեպով, կարելի է ճեղքել և անցնել բազալտե այդ շերտը և կերտել նմանը չունեցող մի վայր։ Թանգարանում պահված են գործիքներ, որով աշխատել է վարպետը, իր և տարբեր ժամանակներում թանգարան այցելած մարդկանց լուսանկարներ: Ըստ վարպետի տիկնոջ, այս վայրն այցելողները, երբ հարցրել են, թե ինչպես կարող են օգտակար լինել վարպետին, նա միայն աշխատանքային գործիքներ է խնդրել նրանցից:

Բավականին տպավորված էինք վարպետի աշխատասիրության, նպատակասլացության և համառության դրսևորումից: Գոտեպնդվեցինք` մեր առօրյա դժվարությունները ևս նույն ոգով հաղթահարելու մտքից և մեծ տպավորություններով վերադարձանք վերգետնյա աշխարհ, ուր ամեն բան կարծես բազալտից էլ բարդ է հաղթահարել:

Այս խորագրի վերջին նյութերը