Աշխարհ

16.08.2014 12:28


ԱՄՆ–ը Բաքվին կոչ է անում անցկացնել հայ գերու մահվանն առնչվող միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն

ԱՄՆ–ը Բաքվին կոչ է անում անցկացնել հայ գերու մահվանն առնչվող միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի` Ադրբեջանում գերության մեջ մահվան վերաբերյալ հաղորդումների և այն պնդումների առնչությամբ, թե նրա մահը բնական պատճառներով չէր հարուցված: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հայտարարությունում` ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցման:

«Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անցկացնել այդ միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել արդյունքները», - ասվում է հայտարարությունում:

Խոսնակի գրասենյակը նաև Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում է միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց ստանձնած պարտավորությունների մասին, մասնավորապես` գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հարցում:

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տրամադրել բոլոր գերիներին այցելելու հնարավորություն», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը: Սակայն հայկական կողմը պնդում է, որ նա մահացել է խոշտանգումների արդյունքում, քանի որ Կարենը ոչ մի հիվանդությամբ չէր տառապում, մասնավորապես` սրտանոթային անբավարարությամբ: Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարենի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին են խոսում նաև ադրբեջանական ԶԼՄ-ում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները: Հայկական կողմը նյութեր է հավաքում Ադրբեջանում գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ միջազգային ատյաններ դիմելու համար: Նաև բանակցություններ են վարվում զոհվածի դիակը Հայաստան վերադարձնելու շուրջ:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը