Կարծիք

08.09.2009 19:00


Արտատեր պառավին սպասելիս

Արտատեր պառավին սպասելիս

        Վերջին օրերի հայտնի քննարկումներն անցած դարի 60-70-ականների Երևանից մի հուշ արթնացրին ինձ մոտ: Այդ ժամանակներում շատ տարածված էր «ղազագիր»  հորջորջվող միջանձնական  «փաստաթուղթը», որը կազմվում էր շախմատի, պինգ-պոնգի (այն ժամանակ շատ տարածված) և, հատկապես, նարդու ամեն մի մենամարտից հետո և պարտվողի կողմից տրվում էր հաղթողին: Նույնիսկ հայտնվել էին պատրաստի տեքստերով ստանդարտ ձևեր, ենթակա միայն անուններ լրացնելու: Կային մարդիկ, ովքեր նման «փաստաթղթերի» մեծ հավաքածու ունեին: Հարգի էր նաև շահագրգիռ կողմերի միջև «փաստաթղթերի» փոխանակումը, երբ մեկին հաղթելուց հետո հնարավորություն էիր ստանում փրկագնել նրա մոտ արդեն գտնվող ՝ քո կողմից տրված «ղազագիրը»: Հիմա լավ չեմ հիշում, թե ի՞նչ «բանակցությունների» արդյունքում, իմ մի ընկերոջը հաղթելով պինգ-պոնգով, նրանից ստացել էի նարդու «անժամկետ ղազագիր», այն դեպքում, երբ նարդի խաղալիս համարյա միշտ նրան պարտվում էի: Անկեղծ ասած, ավելի առեղծվածային բնույթի փաստաթուղթ մինչև վերջին օրերս ինձ չէր հանդիպել: Ու երևի մի ինչ որ տարտամ ու անորսալի նմանության զգացողությունն է , որ դուրս կորզեց հիշողությանս խորքերից այդ վաղուց մոռացված դրվագը :

Հիմա դառնանք մեր օրերին: Սկսվել ու ծավալվում է հայ-թուրքական արձանագրությունների այսպես կոչված «ներքաղաքական քննարկումը»: Շատերն են խոսում ու գրում. նրանք, ովքեր դա պետք է անեն ի պաշտոնե և նրանք, ովքեր երևի թե պետք չէ , որ դա անեն՝ գոնե հիմա, նրանք, ովքեր գիտեն թե ինչի մասին է խոսքը և նրանք , ովքեր այդ բանը այնքան էլ լավ չգիտեն, նրանք, ովքեր գիտեն թե ինչու' են խոսում և նրանք , ովքեր սովոր են խոսել միշտ, նրանք, ովքեր գիտեն թե ու՞մ համար են խոսում և նրանք, ովքեր հույս չունեն որ լսելի կլինեն,նրանք, ում հրահանգել են խոսել և նրանք, ում չեն հրահանգել լռել ; նրանք, ովքեր խոսում են ժողովրդի անունից, բայց իրենց շահից և, դժբախտաբար, չեն խոսում նրանք, ովքեր դա պիտի անեին իրենց անունից և ի շահ ժողովրդի. հույժ նպատակասլաց և հաճախակի խոսում են բոլոր օտար աղբյուրներն ու պաշտոնյաները, ում ամեն մի արտաբերածը,  առանց խորամուխ լինելու, առույգորեն տարածում են մեր լրատվամիջոցները և այլն, և այլն... Մի խոսքով աղմուկ է տիրում, մեծ, շփոթեցնող աղմուկ: Ընդհանրապես, Հայաստանում անիմաստ, իսկ երբեմն էլ, շատ մտածված ու միտումնավոր աղմուկը վաղուց անհնարին է դարձրել ցանկացած լուրջ ու կենսական նշանակություն ունեցող խնդրի քննարկումը մեզանում: Ճղճղան տգիտությունն ու ծախու մունետիկներն իրենց գործը հիանալի են անում :

Բայց գլուխը քարը, գոնե այս աղմուկի մեջ կարողանայինք հստակորեն պարզել , թե ովքե՞ր են կողմ և ովքե՞ր են դեմ, ինչու՞ են կողմ և ինչու՞ են դեմ: Ցավոք , կարծեք թե դա առայժմ հնարավոր չէ անել, որովհետև ստույգ պարզ չէ , թե ինչի՞ն կարելի է կողմ կամ դեմ լինել: Պարզված չէ, փաստաթուղթը, ըստ էության , ինչի մասին է՝  «նարդու»  թե՞ «պինգ-պոնգի» : Մի բանն ակնհայտ է , որ ֆուտբոլն այստեղ կապ չունի:

 Կարծես թե մնում է խոսողներին դասակարգել ոչ թե ըստ կողմ և դեմի , այլ ըստ անձերի ու մոտիվացիայի: Այսպես ասած , ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ և ո՞վ է հիմա: Բայց դրա կարիքը չկա, որովհետև բոլորի անուններն էլ գրվում է նրանց ելույթների տակ(բոլորն էլ գիտեն Պանիկովսկուն) և որևէ մեկի անունն առանձնացնելը աղճատելու է նրանց միջոցով դրսևորվող երևույթների ընդհանրական կերպարը : Գուցե փորձեինք դրանք(երևույթները) խմբավորել , իսկ համապատասխան անունները այս կամ այն խմբում տեղադրելը կարող էր անել յուրաքանչյուրը՝ ըստ իր ճաշակի ու խորաթափանցության: Բայց դրա մեջ էլ, ուզես թե չուզես, անձնական, զգայական գնահատականի տարրեր են պարունակվելու : Իսկ դա ասածը սուբյեկտիվիզմին վերագրելու մեծ առիթ պիտի տա նրանց, ում քիմքին հարմար չի գա տվյալ հաստատագրումը : Սակայն անհաղորդ մնալն էլ անթույլատրելի է՝  իրավիճակի լրջության պատճառով: Ուրեմն, ինձ մնում է անդրադառնալ իմ այն վերապահումների , կասկածների ու վախերի որոշ մասին , որոնց ակունքները բավականին հին են և , որոնք , ավելի են սրված , խնդրո առարկայի հույժ կարևորության պատճառով :

Եւ այսպես :

Ինձ վախեցնում է մեր պետական և ազգային ընթացքի համար ի պաշտոնե պատասխանատուների նյարդային չկամությունը հոդաբաշխ և ըստ էության պատասխաններ տալ այն , գուցե թե իրենց կարծիքով անհիմն , բայց հնչող հարցադրումներին, որոնց առկայությունը բնական պիտի համարել, հաշվի առնելով մեր պատմական փորձը, մարտահրավերների ճակատագրական կարևորությունը և հասարակական թերահավատության օբյեկտիվորեն ձևավորված և արդարացի գոյությունը : Ավելի լավ է մի ավելորդ անգամ պատասխանել նույնիսկ ակնհայտ անհեթեթ թվացող հարցերի ՝ փորձելով մեղմել տագնապի ու լարվածության ծավալումը, քան թե լղոզված, ձևական և խուսափողական բացատրություններ մոգոնել նույնիսկ ակնհայտորեն գոյության իրավունք ունեցող տագնապներն ավելի խորացնելու գնով: (Այդ ճանապարհին բանը հասավ նույնիսկ  " անասնապահական " բանահյուսությանը դիմելուն : Բայց ինչպես ասում էր Օստապ Բենդերը - «Շուրա , եթե դուք վերջնականապես որոշել եք անցնել ֆրանսերենի , ապա ... » , ապա նույն ոլորտից հիշատակենք».  եթե գողը տանից լինի, եզը երդիկից կտանեն» ոչ պակաս խորիմաստ ասացվածքը): Ընդհանրապես , ամեն ժամ հայ հասարակության գլխին թափվող օտար պաշտոնական և վերլուծական ինֆորմացիայի հսկա ծավալների պարագայում , միայն սեփական ազնվությունը , պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը որպես գլխավոր փաստարկ բերող հանգստության կոչերը կարող են երեք բան նշանակել . կամ մտահոգիչ լուրերը դժվար է հերքել , կամ  տարրական ծածկադմփոց է , կամ էլ այս մարդիկ ուղղակի չեն հասկանում թե ինչ է կատարվում: Մեզ անընդհատ բացատրում են, որ օտար բոլոր գործիչների բոլոր հայտարարություններն ընդամենը միայն խոսքեր են՝ ուղղված արտաքին կամ ներքին լսարանին՝ այս կամ այն պատճառով: Շատ լավ: Բայց այդ դեպքում նման տիպի հայտարարությունների իսպառ բացակայությունը մեր պատասխանատուների կողմից ենթադրել է տալիս, որ նրանք գտնում են , որ իրենք ոչ ներքին լսարան ունեն , ոչ էլ արտաքին: Այսինքն, որևէ մեկին, որևէ բան ասելու կարիքը չունեն: Համաձայնեք, որ սա շատ տարօրինակ մոլորություն է:

Ինձ նաև շատ է մտահոգում մեր պատասխանատուների և նրանց եռանդուն պաշտպանների պատկերացումները գրավոր խոսքի մասին: Մանկական համառությամբ կրկնվող «եթե տեքստում չկա այսինչ բառը , ապա այդ հասկացությունը իսպառ բացակայում է քննարկումներից» այսպես կոչված  «միտքը», անկեղծ ասած ինձ մոտ սկսել է արդեն կարեկցանք առաջացնել իր անհեթեթությամբ: Պնդել, որ բառերից բաղկացած խոսքը չի կարող այլ իմաստ կրել, բացի յուրաքանչյուր բառի բառանարային իմաստների թվաբանական գումարից, նշանակում է հիմքից մերժել գրավոր խոսքի գոյության իմաստը , դերակատարությունը և հնարավորությունները: Հնում նունիսկ պատկերագրով կարողացել են շատ բարդ ու բազմիմաստ տեքստեր կազմել : Էլ չասենք , որ ոչ մեկը երաշխիք չի տալիս , որ հաջորդ փաստաթղթերու այդ բառերը չեն հայտնվելու : Նման շինծու մանկամտությունը իրո'ք վախեցնում է : Բայց շինծու չլինելու դեպքում ավելի սարսափելի է

Ավելի ցածր տրամաչափի գործիչների ողջ փաստարկներն էլ հանգում են "շեֆերից" ցիտատներ բերելուն, ուղեկցված "հայրենասիրության դասերից" կտրուկ հրաժարումով: (Իմիջիայլոց նշենք, որ որևէ բան, մանավանդ հայրենասիրություն սովորելուց հրաժարվելը անհիմն շռայլություն եմ համարում այդ անձանց համար, աչքի առաջ ունենալով , թեկուզև , նրանց ներքին , արտաքին և կենսագրական որոշակի տվյալները):

Ոչ մի առողջ հույս չի առաջացնում իշխանության մեջ հարմարավետությամբ տեղավորված որոշ քաղաքական ուժերի և անձերի կողմից դրսեվորած լղոզված, կրավորական և ինչ որ իմաստով սպասողական կեցվածքը :

Բավականին ուշագրավ և տագնապահարույց է իրեն» միակ և անփոխարինելի «ընդդիմություն հռչակած ուժի պահվածքը: Հիմա մի կողմ դնենք այն, որ նրանք ընդիմություն եղել են միայն իշխանություն ունեցած ժամանակ , այն էլ ողջ ժողովրդի հանդեպ, և դրանից հետո ոչինչ չի փոխվել: Զավեշտական է այն վատ թաքցված ներքին հրճվանքն ու գոհունակությունը իշխանության նախաձեռնությունների և առաջ տարվով գծի հանդեպ , որն ուղեկցվում է նաև որոշակի խանդով և հեղինակային իրավունքից կողոպտված լինելու զգացողությամբ:

Ավանդական քաղաքական ուժերի պահվածքն ու հարցադրումները սպասելի էին և ողջունելի է այս հարցում սկզբունքայնության ցուցադրումը: Հետագայի համար մաղթենք՝ օգտվել նույն արժեքային համակարգից նաև մյուս հարցերում ու հանգամանքներում:

Առանձին խմբերի ու անհատների դիրքորոշումները բավականին կանխատեսելի էին ու բնական, չնչին բացառություններով :

Այժմ մի փոքր անդրադառնանք գործընթացում համարյա վճռորոշ փաստարկի դեր ստացած և եռանդուն տարփողվող պրագմատիզմին և դավաճանությանը :

Պրագմատիզմը՝ իր դրական իմաստով  գործում է միայն այնտեղ , որտեղ կա երազանք, նվիրում ու ծրագիր: Պրագմատիզմը առանց երազանքի ու նվիրումի ուղղակի ցինիզմ է և հաշվետարություն: Իսկ հաշվետարին միայն հետաքրքրում է, թե ինչ «հաշիվ»  ունի ինքն անձամբ: Ցավոք, մենք ավելի ու ավելի ենք ընկղմվում զանազան տրամաչափի «հաշվետարների» միջավայրի մեջ: Երբեմն նրանց, մանավանդ նորաթուխ «հաշվետարներին», մեղադրում են այս կամ այն դավաճանության մեջ: Դավաճանությունը լուրջ և տարողունակ երևույթ է: Այն կայանում է, երբ մեկը կամավոր հրաժարվում է իր ունեցած նվիրական բանից  Նվիրական են երազանքը, սերը , սկզբունքը, պատիվը , Հայրենիքը , պարտքի զգացումը և այլ իռացիոնալ հասկացություններ: «Հաշվետարները» գործ ունեն նյութի ու «նյութականի» հետ։ Նյութը չի կարող նվիրական լինել :"Հաշվետարները" երազանք չունեն: Նրանց միակ «նվիրական» բանը իրենց «հաշիվն» է ու նրանց դավաճանությունը վերածվում է ընդամենը մանր փերեզակի շահամոլ ճարպկության: Բայց թողնենք նրանց իրենց ունեցած «հաշիվների» ու չունեցած խղճի հետ ու դառնանք առաջիկա օրերին :

Մեր հրաշք Էպոսի բազում ուսանելի կերպարներից , իրենց հրատապությամբ հիմա իմ աչքի առաջ են գալիս երկուսը՝ Դավիթն ու արտատեր Պառավը : Էպոսում Պառավն ունի մի շատ կարևոր դերակատարություն ՝ ճշմարտացի իրազեկում : Նա է Դավթին տեղյակ պահում նրան պատկանող, բայց նրանից թաքուն պահվող ժառանգության ՝ Թուր Կեծակիի , Քուռկիկ Ջալալու և Խաչ Պատերազմիի մասին, Որսասարի մասին և այլ շատ կարևոր բաների մասին: Այսօր մեզ պակասում է Արտատեր Պառավը, և Դավիթը (իմա՝ մենք, հայ ազգը ) ՝ բանից անտեղյակ ու շփոթահար զբաղված է «շաղգամ քչփորելով» ու  «հաշվետարությամբ»: Այժմ էականն այն է, թե կհայտվի՞ արդյոք Պառավը, կհայտնի՞ մեզ Կոզբադինի արդի առաքելության մանրամասները և, ավելի կարևորը, կըմբռնե՞նք մենք պահի լրջությունը և , ամենակարևորը, պատրա՞ստ ենք արդյոք մենք , դրսի աշխարհին և ներսի մարդկանց որպես հավաքականություն  ասել այն , ինչ ասաց Դավիթը .

                  - Վե'ր կաց , Կոզբադին , հեռո'ւ կանգնիր դու ,

                   Իմ հոր ոսկին է - ես եմ չափելու :

Եթե չանենք սա, պիտի շփոթահար ու խճճված մնանք անցյալի  «ղազագրերի», ներկա արձանագրությունների և հավերժական Էպոսի արանքում ՝ սպասելով Արտատեր Պառավին:

                                                                                                Լյուդվիգ Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը