Մեկնաբանություն

10.08.2014 19:05


Փուչիկ «զինվորները»

Փուչիկ «զինվորները»

Աչքովս ընկավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրությունը. «Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով»։

Ահա այսպես: Արցախյան պատերազմի վետերանները, տարիքն առած ազատամարտիկները, հայկական տարածքները ազատագրած մեր մարտիկները, հարյուրյակներ կազմած, մեկնում են սահման՝ թեւ ու թիկունք կանգնելու մեր զինվորներին, իսկ Կարեն Ավագյանի կարիերիստ ջահելները Ծաղկաձորում են «մարտնչում»: Եվ սրանց պահանջով էլ այնտեղ է հասնում Արծրուն Հովհաննիսյանը, որ ՀՀԿ-ական երիտջոկատին ներկայացնի սահմանում տիրող իրավիճակը:

Անպատկառությունն ո՞ւր կարող է հասնել:

1990 թվականին նույն այս երիտհանրապետականների տարիքին էին Թաթուլ Կրպեյանը, Բեկոր Աշոտը (Աշոտ Ղուլյան), Դուշմանը (Վարդան Ստեփանյան), Արթուր Ղարիբյանը եւ էլի շատերը, որոնք 24 տարի առաջ դուրս եկան ուսանողական լսարաններից ու աշխատավայրերից եւ մեկնեցին Արցախ՝ ազատագրելու հայրենի հողն ու պաշտպանելու հայրենիքը:

Իսկ այսօր, երբ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարված իրավիճակ է, գնդակոծվում են մեր բնակավայրերը, թշնամու դիվերսիոն գործողությունները շարունակվում են, Կարեն Ավագյանի երիտկազմակերպությունն իր ամառային հանգիստն է անցկացնում Ծաղկաձորում՝ ձեռի հետ էլ ուզում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարից իմանալ, թե ինչ է կատարվում սահմանին:

Մորթապաշտ հայկուլիկների եւ սաքուլիկների այս ոհմակը, հասկանո՞ւմ եք, ըստ իրենց ղեկավար Կարեն Ավագյանի, «պայքարում» է տեղեկատվական դաշտում:

Ժամանակն է, որ տեղերով փոխվեն սահմանին կանգնած, հայրենիքը պաշտպանող 18-20 տարեկան, աղքատ, ընչազուրկ ընտանիքների երեխաներն ու Ծաղկաձորում «հայրենասիրություն քարոզող» ու տեղեկատվական «պայքարում» մասնագիտացող «երիտնժդեհականները»:

Այդ ժամանակ կտեսնենք, թե վերջինները քանի ժամ կդիմանան խրամատներում ու դիրքերում:

Թե չէ, ամենահեշտ գործն է ծաղկաձորյան «ռելաքսների» արանքում «կեղծ ինֆորմացիոն հոսքերի» դեմ «պայքար» մղելը:

Ինչի համար, ի դեպ, Կարեն Ավագյանի կազմակերպությանը պետբյուջեից հատկացվում է մի քանի հարյուր միլիոն: Դե որ համ քեֆ քաշեն ծաղկաձորներում, համ էլ Արծրուն Հովհաննիսյանին հրավիրեն իրենց մոտ՝ զեկուցելու իրավիճակի մասին:

Ժամանակն է արագ տեղերով փոխվել, եւ թող մի քիչ էլ հայրենիքի իրական պաշտպանները օգտվեն կարենավագյանական միլիոններից, լիցքաթափվեն ծաղկաձորներում եւ «մարտնչեն» տեղեկատվական դաշտում, իսկ երիտներն էլ գնան խրամատ, այլ ոչ թե ֆեյսբուքերում «հայրենասիրությամբ» զբաղվեն:

Թե՞ միայն ՀՀԿ-ական կարիերիստներին է վերապահված «մինչեւ ատամները զինված» մարտնչել ծաղկաձորներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը