Կարծիք

07.08.2014 11:39


Ի՞նչ եք անում

Ի՞նչ եք անում

Վերջին օրերի իրադարձությունները վեր հանեցին երկրի հասարակական–քաղաքական կյանքի մի քանի ուշագրավ փաստ: Առանձնակի կցանկանայի անդրադառնալ այն տեսանյութին, որում Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում պատասխանում է ադրբեջանցի պատգամավորին: Առաջին՝ Սարգսյանն ինչ էլ լինի, ֆորմալ առումով երկրի առաջին դեմքն է, ու լիներ դա ԵԽԽՎ-ում, թե մեկ այլ տեղ, պետք է «по умолчанию» երկրի նախագահին ու նրա պաշտոնին հարիր պատասխան տրվեր: Պարզապես հայ ժողովուրդը դեռևս պետականակենտրոն գիտակցության չի հասել, որ բնական երևույթներին բնական արձագանք տա: Երկրորդ՝ զուտ PR-ի առումով Բաղրամյան 26-ում շատ վատ տեխնոլոգիա են՝ ընտրել վաղեմի տեսանյութ պտտեցնելով: Եթե ցանկություն կար նախագահի վարկանիշը սահմանային լարվածության համապատկերին բարձրացնելու, ապա այն պետք է արվեր առկա քաղաքական տարածության ու ժամանակի մեջ: Այդ դեպքում ընտրված տեխնոլոգիան շատ ավելի արդյունավետ կլիներ: Բացի այդ, ԵԽԽՎ-ում նա ներկայանում էր որպես երկրի նախագահ, այլ ոչ թե գլխավոր գերագույն հրամանատար: Բաղրամյան 26-ում դա պետք է հաշվի առնեին, քանզի որպես նախագահ՝ նա վաղուց իր իմիջը կերտել է՝ «նախաձեռնող», «տոկոս խփող», «խաղաղության աղավնի», «պատերազմի կուսակցության» առաջնորդ, հանձնող (տես՝ http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2010/03/22/news-46/) և այլն, իսկ այ նրա գերագույն գլխավոր հրամանատարի իմիջի վրա կարող էին աշխատել՝ ելնելով նրա «ջանքերի» շնորհիվ ստեղծված իրավիճակից: Եվ, ինչպես տեսանք, անգամ որպես գլխավոր գերագույն հրամանատար նա չկա, քանզի PR-ը շատ դեպքերում եղածի վրա է «կարվում»: Երրորդ՝ այդ տեսանյութը պարբերաբար պտտեցնում է ոչ միայն «գեբելսյան քարոզչամեքենայի ֆեյսբուքյան ստորաբաժանումը», այլև որոշ օգտատերեր ցանկություն են հայտնում, որ առաջիկա հանդիպմանը (օգոստոսի 8-9–ը Սոչիում Ալիևի հետ) Սարգսյանն իրեն գոնե այդպես պահի: Սա վկայում է՝ ա) քաղաքացիները գիտեն, որ Սարգսյանը հանձնող ու թույլ նախագահ (քաղաքական գործիչ) է, և իղձ են հայտնում, որ իրեն երկրի նախագահին հարիր դրսևորի. բ) հայ ժողովուրդն ուժեղ, երկրի ու նրա շահերն արժանվույն ներկայացնող առաջնորդի կարիք ունի: Հասկանում եմ՝ հիմա որոշ շրջանակներ հիասթափություն կապրեն նախաձեռնած PR-ի արդյունքից, բայց սա է իրականությունը: Եվ հետո, եթե պալատական փիառշիկները կես բերան ասեին, որ նման «լավություն» են ուզում անել Սերժ Սարգսյանին, ես, ամենայն անկեղծությամբ, խորհուրդ կտայի նման «լավություն» չանել: Նշեմ ևս մեկ հանգամանք՝ տարածողներին հիմնականում անասելի էքստազի մեջ է գցել ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի վերջին հատվածը, որտեղ նա նշում է, որ պետք չէ ռազմական գործողություններ սկսել և հետո բողոքել «օկուպացիայից». «Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով: Վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20%-ի մասին, այլ 25-30%-ի մասին: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել», - ասել է Սարգսյանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ մի քանի ամիս, ինչո՞ւ 25-30% (գուցե ավելի շատ է) և այլն: Որքան կտևեն ռազմական գործողությունները պատերազմի վերսկսման դեպքում՝ դժվար է կանխատեսել (օրինակ՝ Վրաստանն Օսիան ու Աբխազիան մի քանի օրում կորցրեց, գուցե Ադրբեջանն էլ նման կորուստներ ունենա հաշված օրերի ընթացքում), բացի դրանից, եթե մի քանի ամիս, նշանակում է՝ երկրում կան գումար ու ռեսուրս այդ ընթացքում պատերազմելու, իսկ եթե կա, ապա ինչո՞ւ է Կառավարությունը «լացում», որ բյուջեն դատարկ է: Դեմ չեմ պատասխանի վերջին նախադասությանը, բայց ԵԽԽՎ-ում ելույթ ունենալուց առաջ Սարգսյանն արդեն հասցրել էր հանձնողի համբավ ձեռք բերել: Ինչպես նաև՝ լավ կլիներ պատասխանել, որ ցանկացած ռազմական գործողություն արժանի պատասխան կստանա: Թե չէ, մի տեսակ միանշանակ չի հնչում:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը