Լրահոս

06.08.2014 15:43


Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 60 դեպք

Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 60 դեպք

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակը սկսել է առանձնահատուկ բացահայտմամբ. հունվարին Մեղրիի մաքսակետում բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցներից վարչության աշխատակիցների աչալուրջ զննման շնորհիվ հայտնաբերվել է շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց: Շարունակելով հետևողական վերահսկողությունը սահմանային բոլոր անցակետերում` վարչությունը հունվար-հուլիսին մաքսային կանոնների խախտման մի շարք այլ դեպքեր է կանխել: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի տեղեկացմամբ՝ 2014-ի առաջին կիսամյակում որից 27-ը՝ թմրանյութի և հոգեմետ դեղորայքի հետ կապված, իսկ 7 դեպքով էլ` հայտնաբերվել է տարբեր մոդելների ավելի քան 500 բջջային հեռախոս. «Դրանք հիմնականում կանխվել են Մեղրիի մաքսակետում և «Զվարթնոց» մաքսատանը, որտեղ վերջին շրջանում ակտիվացել են հատկապես փոստային ծանրոցների միջոցով թմրամիջոցի տեղափոխման փորձերը»: Ի դեպ, ՆՀՎ աշխատակիցներն այսօրվանից նաև աշխատանքային նոր համազգեստով են իրականացնում իրենց պարտականությունները: Կիսամյակի ընթացքում հայտնաբերված մաքսային խախտումների մեջ զգալի տեսակարար կշիռ են ունեցել նաև ապրանքի քաշի խախտման, չհայտարարագրման և կամ մասնակի հայտարարագրման դեպքերը: Տեխնիկական անընդմեջ վերազինումն այսօր վարչության աշխատակիցներին հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների զննում իրականացնել ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում. Վարչության տեխնիկական բազան համալրվել է ռենտգենյան զննման գերժամանակակից շարժական համակարգով: ՆՀՎ պետի հավաստմամբ՝ տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումները վարչությունում շարունակական բնույթ են կրում. «Մաքսակետերում տեղադրված անշարժ ռենտգեն սարքավորումների միջոցով կարողանում ենք լիարժեք վերահսկողություն իրականացնել, իսկ մաքսային հսկողության այն տարածքներում, որտեղ դեռևս չկան զննող սարքավորումները, օգտագործում ենք շարժական «Ռապսիկան» սարքավորումը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի, ցանկացած վայրում զննել բեռները»: Ի դեպ, հոգեմետ դեղորայքի ու բջջային հեռախոսների անօրինական ներկրման փորձերը կանխվել են աներևակայելի թաքստոցներում: Օրինակ, վերջերս հայտնաբերված ուշագրավ մի դեպքով` այդպիսի պահեստի էր վերածվել ավտոմեքենայի գազի տարան, մեկ այլ դեպքով էլ` բենզինի բաքը: Վահրամ Գուրողլյանի խոսքով՝ մաքսային կանոնների խախտման նաև նոր միտում է նկատվել. «Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը, որոնք, սակայն, կանխվել են վարչության աշխատակիցների կողմից»: ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ առաջիկայում նույնպես զգալիորեն կբարձրացվի իրավախախատումների բացահայտման մակարդակը:

Այս խորագրի վերջին նյութերը