Քաղաքական

06.08.2014 23:20


Աշոտ Գրիգորյան. « Մենք վաղուց արդեն պետք է նաև վարժված լինեինք, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի»

Աշոտ Գրիգորյան. « Մենք վաղուց արդեն պետք է նաև վարժված լինեինք, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի»

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ

–Երկրում, կարելի է ասել, կիսապատերազմական վիճակ է, սակայն դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքում։ Ավելին, երբ հակառակորդը գնդակոծում էր սահմանն ու խախաղ բնակավայրերը, Սերժ Սարգսյանը թողեց և հեռացավ երկրից։ Ինչպե՞ս կբնութագրեք այս փաստը։

–Ինձ թվում է, մեր ժողովուրդը պետք է վարժվի, որ նախագահ չունի, և մենք պետք է ամեն ինչ մեր վրա վերցնենք։ ԱԳՆ–ի փոխարեն ԵՀՄՖ–ն է կարևոր հայտարարություններով հանդես գալիս, երկրի նախագահի փոխարեն՝ ով ասես, բացի այն անձից, ով նաև գերագույն գլխավոր հրամանատարն է։ Այնպես որ, այս պահվածն ավելի բացասական գնահատել, դժվար է։

–Ինչո՞վ եք բացատրում նրա այս լռությունը և, ինչ–որ առումով, դասալքությունը։

–Մենք վաղուց արդեն պետք է նաև վարժված լինեինք, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի։ Դա մենք պետք է հասկանայինք 2013թ., երբ նրան առանց ասելիքի թույլ տվեցինք, որ երկրորդ անգամ հռչակվի նախագահ։ Բնական է, և՛ նրա լեգիտիմության պակասը, և՛ նրա կրթական ցենզի չափազանց ստորին մակարդակը, և՛ նաև այլ հատկությունները կասկածի տակ են դնում, որ մենք ևս 1-2 տարի կկարողանանք մեր անկախությունը պաշտպանել։ Ես ուղիղ ասում եմ այն կարծիքը, որը տարածված է եվրոպահայության մոտ։ Ոչ մեկ չի կարող հավատալ, առավել ևս՝ վստահել, որ մենք մեր անկախությունը կկարողնանք պահել նման նախագահի գլխավորությամբ։

–Ի՞նչ է պետք անել առկա իրավիճակը շտկելու համար։

–Բոլորս մեր վրա պետք է վերցնենք այն գործառույթները, որոնք ՀՀ ԱԳՆ–ն և երկրի նախագահը պետք է ունենային, ու փորձենք տեղ հասնել։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք՝ առանց շուտափույթ իշխանափոխության՝ Հայաստանը մեծ օվկիանոսում հայտնված, փոթորիկների մեջ նետված, խարիսխը կտրած և ղեկը կոտրած մի նավի է նմանվում, որը դեգերում է, և ամեն մի հաջորդող ալիքը կարող է նրան կործանել։ Ես այդպիսի զգացողություն ունեմ այսօր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը