Մեկնաբանություն

06.08.2014 09:23


Սարգսյանի և Ալիևի ընդհանուր շահերը

Սարգսյանի և Ալիևի ընդհանուր շահերը

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի շահերը շատ կետերում են համընկնում։

Սերժ Սարգսյանը չի թաքցրել, որ կուզենա Ադրբեջանի նախագահի աթոռին տեսնել Իլհամ Ալիևին։ Այդ մասին նա արտահայտվել էր անցած տարի։

Իլհամ Ալիևն էլ իր հերթին էր ցանկություն հայտնել, որ Հայաստանը ղեկավարի Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ ղեկավարը հայկական շահերի տեսանկյունից անհասկանալի և անընդունելի մեկնաբանություններ ներկայացրեց, թե ինչու է ուզում, որպեսզի իր կոլեգան Բաքվում, այսպես ասած, վերարտադրվի։ Փոխարենը Ալիևը փաստարկված հիմնավորեց, թե ինչու է Բաքվին ձեռնտու Սերժ–նախագահը։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը Սերժի նախագահության շրջանում տնտեսապես թուլացել է ու շարունակում է թուլանալ, արտագաղթը հասել է հսկայական չափերի, աղքատությունն աճել է։ Ադրբեջանի նախագահն, ահա, այս ցուցանիշներից ելնելով էր ցանկություն հայտնում, որ Սերժը մնա, քանզի, ըստ իրեն, որքան շատ Սերժը ղեկավարի Հայաստանը, այնքան ավելի հեշտ կլինի լուծել Ղարաբաղի հարցերը։

Փաստորեն, Սարգսյանին էլ, Ալիևին էլ ձեռնտու է, որպեսզի Հայաստանի ղեկավարը չփոխվի։ Տարբեր են նրանց մոտիվացիաները, բայց ընդհանուր է շահը։

Սահմանային միջադեպերով և պատերազմի մասին խոսակցություններով էլ Սարգսյանի ու Ալիևի շահը նույնն է։ Այդպիսով Ալիևը միս ու արյուն է տալիս իր ռազմատենչ հռետորաբանությանը և կարողանում է սեփական երկրի թալանին տալ «հայրենասիրական» ու «նվաճողական» տեսք, իսկ Սարգսյանը հնարավորություն է ստանում ներքաղաքական դաշտում դեմագոգիայով զբաղվել ու փորձում իր աթոռի հարցը լուծել։

Սարգսյանը «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն է վարում, որի արդյունքում թուլանում են Հայաստանի դիրքերն ու հզորանում Ադրբեջանինը։ Սերժի «նախաձեռնողականությունը» բացառապես անձնական խնդիրներ լուծելու և ՀՀ ու ԼՂՀ անվտանգությունն աճուրդի հանելու միջոցով նախագահի աթոռից կառչած մնալու նպատակով է։ Դրա հետևանքով այսօր Ադրբեջանը դարձել է ցանկալի գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար։

Եվ ուրեմն, «նախաձեռնողականության» հարցում էլ Սարգսյանի ու Ալիևի շահերը համընկնում են։ Այլ հարց է, որ ոչ մի կերպ չեն համընկնում Հայաստանի (մի կողմից) և Սարգսյանի ու Ալիևի (մյուս կողմից) շահերը։ Իսկ այդպես երկար շարունակվել չի կարող։ Սարգսյանի «նախաձեռնողականության» գինը հայ զինվորի կյանքն է և հետընթաց ապրող մեր երկիրը։

Այնպես որ, պետք է գնալ Ալիևի ու Սարգսյանի ընդհանուր շահերը չսպասարկելու ճանապարհով։ Ազատության հրապարակը հրաշալի վայր է բոլոր հարցերի պատասխանը գտնելու և բոլոր հարցերին պատասխան տալու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը