Կարծիք

06.08.2014 01:05


Ի՞նչ կորոշվի Սոչիում

Ի՞նչ կորոշվի Սոչիում

Ի՞նչ է պետք սպասել Պուտինի «քավորությամբ» Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից: Եթե մեկ բառով ասեմ՝ ոչինչ:

Եթե ՌԴ-ն փորձի միայնակ լուծել Ղարաբաղի հարցը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է համարենք սպառված, որը խիստ անցանկալի է՝ հատկապես մեզ համար: Հարցի կարգավորման համար ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում չի կարող ընդունելի լինել և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար (Ալիևը դեռ մանևրում է Արևմուտքի ու ՌԴ-ի միջև ու ցանկանում առավելագույնը ստանալ այդ երկուսի մրցակցությունից, ուստի կոնֆլիկտի արբիտր Ռուսաստանին համարելը չի բխում մեր թշնամու շահերից):

Եթե Սարգսյանը համաձայնի ռուսական զորքերի տեղակայմանը, ապա շատ անցանկալի զարգացումներ կարող են լինել։ Եթե հիմա Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի հանդեպ մեզ հասնելու են ռեկաշետով, այսինքն՝ համեմատաբար թուլացած, ապա Արևմուտքին դեմ գնալու մեր քայլի պարագայում, ուղղիղ ու նպատակային հարվածներ ենք ստանալու, որով փորձելու է նաև բան հասկացնել ՌԴ-ին: Մինչդեռ, խփելով ամենաթույլ կետին, դրանից ռուսները բան կհասկանան, թե ոչ՝ դժվար է ասել, բայց որ մեզ համար դա կլինի կործանարար՝ հաստատ: Մանավանդ, որ մեր ռազմավարական գործընկերը հազիվ թե ցանկություն ունենա մեր հանդեպ գործի դրված պատժամիջոցների հետևանքները կոմպենսացնել:

Ռուսական խաղապահների տեղակայմանը կատեգորիկ դեմ է նաև Իրանը, որը հիմա եթե զգուշավորությամբ է հարաբերություները բարելավում ԱՄՆ-ի հետ, ապա այդ պարագայում, ուղղակի, ռուսները կկորցնեն Իրանին, որն արդեն ագրեսիվ ձևով կսերտացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչն ակնհայտորեն չի բխում ՌԴ-ի շահերից:

Ի՞նչ է. Պուտինը ճնշում է գործադրելու Սարգսյանի վրա՝ նրան ստիպելով հրաժարվել Ղարաբաղից՝ աթոռը պահելու երաշխիքի դիմա՞ց: Նախ՝ Սարգսյանն առանց ստիպելու էլ հրաժարվել է Ղարաբաղից, և երկրորդ՝ եթե անգամ նման հավաստիացում հնչի Սոչիում «վերջին բոլշևիկի» կողմից՝ ո՞վ պետք է ընդունի այդ պայմանավորվածությունը՝ Հայաստանը՞, Ղարաբաղը՞, թե՞ հայ ժողովուրդը:
Ուստի, անկախ նրանից, թե ինչ տոնայնությամբ կընթանա առաջիկա հանդիպումը, որևէ արդյունք լինել չի կարող: Այս հանդիպման փաստը միայն կողմերի համար բարոյական հաղթանակ կապահովի, այն էլ՝ կարճաժամկետ էֆեկտով:

ՌԴ-ին հարկավոր է Արևմուտքին ցույց տալ, որ Վրաստանը հետ բերելու շանսը կորցնելու դիմաց Հարավային Կովկասի մյուս երկու հանրապետությունները ընդունում են ռուսների գերիշխանությունը և հարգում Կրեմլի կենսական շահերը մեր տարածաշրջանում՝ դրանով հասկացնել տալով, որ Հարավային Կովկասում բաժանարար գծերն այլևս անխուսափելի են:

Հայաստանի գործող նախագահը կարող է գալ ու ասել, որ Սոչիում ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության հավաստիացումների դիմաց ՌԴ-ն կլինի մեր անվտանգության երաշխավորը, որով կզսպվեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները՝ մոռանալով հստակեցնել Ղարաբաղից հրաժարվելու փաստը:

Մեր թշնամին էլ իր ժողովրդին կհավաստիացնի, թե կարիք չկա արյուն թափելով Ղարաբաղը վեցնելու մասին մտածել, քանի որ Սարգսյանը Պուտինին վստահեցրել է, որ կանդամակցի ԵՏՄ-ին՝ առանց ԼՂՀ, իսկ ՌԴ նախագահն էլ կլինի այդ պայմանավորվածության երաշխավորը:

Այլ կերպ ասած, հանդիպման կողմերը ներքին սպառման համար կկարևորեն իրենց ձեռք բերած դիվանագիտական հաղթանակները: Միայն մի բայց կա. հիմա քարե դարը չէ, ու ներքին լսարան ասածն էլ վաղուց հնացած տերմին է: Երբ ամենախուլ գյուղի բնակիչը կարող է իր տան պատին մի գրառում անել, ու այն վայրկենապես համացանցի օգնությամբ կտարածվի աշխարհով մեկ՝ ի՞նչ ներքին սպառման ինֆորմացիա:

Այնպես որ, սահմանային լարվածությունը կշարունակվի նաև Սոչիի հանդիպումից հետո, քանի որ Ալիևը պետք է ինքնուրույն մտածի, թե իր այս ագրեսիվ պահվածքի տակից ինչպես է դուրս գալու։

Դե Ալիևի դարդը լացելը դուրս է մեր հետաքրքրություների շրջանակից, իսկ այ Սերժ Սարգսյանի պահով ասեմ, որ նրան պաշտոնանկ անելու ծրագիրը ոչ մի դեպքում չի կարելի օրակարգից հանել, անգամ հետաձգելն է շատ վտանգավոր:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1446932582245191&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը