Կարծիք

04.08.2014 11:28


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Սոչիում օգոստոսի 8-9-ը տեղի կունենա Սարգսյան ու Ալիև հանդիպումը։ Ի՞նչ է մեզ սպասվում հանդիպման արդյունքում։ Իմանալով Սարգսյանի հանձնողական էությունը՝ շատ բան ակնկալել պետք չի։ Կլինի հանդիպում, որում Ալիևն, ինչպես միշտ, հանդես կգա ռազմատենչ ու ագրեսիվ լեքսիկոնով, առավել ևս՝ մեր կողմից լավ հարված ուտելու ֆոնին, իսկ Սարգսյանն, ինչպես միշտ, նույն սկավառակը կպտտեցնի՝ «Մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը...»։
Իհարկե, եթե նա իրոք կողմ լիներ խնդրի խաղաղ կարգավորմանը, այսօր ադրբեջանցին այդքան չէր լկտիանա ու դիվերսիոն–հետախուզական գործողություն չէր կատարի։ Բացի դրանից, եթե խաղաղ կարգավորման կողմնակից լիներ, ապա երկրում չէր գրանցվի երկնիշ տնտեսական անկում, 300 000 (ի դեպ, Ադրբեջանի պահեստային զորքերը հենց այդքան են կազմում) հայ անվերադարձ չէր լքի երկիրը։ Արցախի հարցի (իրականում Արցախի հարց չկա. այն փակվել է դեռևս 90-ականներին, սակայն Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով օրակարգային դարձավ) խաղաղ կարգավորման միակ ճանապարհը զարգացած ու բոլոր առումներով հզոր երկու հայկական պետություններն են։ Սա՛ է խաղաղ կարգավորման միակ բանալին։
Բացի դրանից, խաղաղ կարգավորումը չի կարող ենթադրել ազատագրված շրջանների վերադարձ՝ ինչ–որ երաշխիքների թղթի կտորի դիմաց (http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2010/03/22/news-46/) ու առանց ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի գործառնության։
Սարգսյանի համար փրկարար կլիներ, եթե նա այստեղ պաշտոնական արձագանքով հանդես գար։ Ինչո՞ւ։ Նա շատ լավ գիտեր, որ վաղ թե ուշ հանդիպում է նախատեսվելու հարցի շուրջ։ Արձագանքելով՝ նա որոշակի մեսիջներ կուղղեր թե՛ Ադրբեջանին, թե՛ բոլոր նրանց, ովքեր մեր հաշվին ցանկանում են իրենց ազգային ու պետական շահերն առաջ տանել։ Իսկ այսպես, վախենամ, Սարգսյանը նորից տհաճություն զգա. դրան կնպաստի նաև հանդիպման ձևաչափը, որը պարզ կդառնա մոտ օրերս։
Բաղրամյան 26-ը հանդիպմանը պետք է լուրջ պատրաստվի և հանդես գա՝ ինչպես հարիր է՝ երկրի շահերից ելնելով։ Բաղրամյան 26-ում նաև պետք է հասկական, որ ԱՄՆ–ը հենց այնպես կոչ չարեց կողմերին հանդարտվել Ադրբեջանի կորուստների ֆոնին։ Հետևապես, հայկական բանակն ամուր թիկունք է ապահովել նրա գերագույն գլխավոր հրամանատարին, մնում է՝ Սարգսյանն իրեն պահի համապատասխան։

Հ. Գ. Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ստանում է իր փայ ապտակը, հրադադար է կնքվում, կամ այս դեպքում հանդիպում է կազմակերպվում։ Ասածս ի՞նչ է. նման պարագայում մենք պետք է մերը թելադրենք՝ առանց վախենալու ու «դուխով»։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը