Կարծիք

03.08.2014 16:35


Էդվարդ Անտինյան. «Ինչու՞ է պատերազմին անպատրաստ Ալիևը հապշտապ պատերազմ հրահրում»

Էդվարդ Անտինյան. «Ինչու՞ է պատերազմին անպատրաստ Ալիևը հապշտապ պատերազմ հրահրում»

Ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո երկրորդ անգամ պատերազմ հրահրել ու պարտվելը կործանարար կլինի ոչ միայն Ալիևի, այլև՝ Ադրբեջանի համար: Սա Ալիևն էլ է հասկանում։ Ուստի նա տեսնելով, որ Հայաստանում իշխանության է եկել իր գաղափարական երկվորյակը՝ իր պես խաղամոլ ու փողապաշտ, արդեն ձևը գտել է մեր դեմ պայքարելու: Նա անընդհատ բարձրացնում է իր ռազմատենչ հռետորաբանության տոնայնությունը, բայց դրան զուգահեռ չի պատրաստվում պատերազմել, իսկ բացատրությունը շատ պարզ է:

Ադրբեջանը նավթադոլարների միջոցով հզորանում է, նյութական միջոցներ կուտակում, բնակչությունն աճում է, ռազմական ծախսերն ամեն տարի շեշտակի ավելանում, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները գնալով բարելավում: Սրան զուգահեռ Հայաստանը Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ թուլացել է, երկիրը թաղվել է պարտքերի մեջ, արտագաղթը հասել է ահագնացող չափերի, ռազմական ծախսերը չեն կարող Ադրբեջանի հետ համահունչ ավելանալ, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները փչացել են այն աստիճան, որ բոլորը ցանկանում են մեզ պատժել, իսկ մեր միակ ռազմավարական դաշնակիցն էլ մեր շահերի հաշվին ցանկանում է Ադբեջանին սիրաշահել:

Այս պարագայում Ալիևին մնում է իր ժողովրդին բացատրել, որ բավական է մի քանի տարի էլ այս տենդենցը շարունակվի, այսինքն Սերժ Սարգսյանը պաշտոնավարի թեկուզ մինչև 2018 թվականը, և այլևս պատերազմելու կարիք չի լինի, այլ պարզապես հաղթարշավով կմտնեն ու կվերցնեն Ղարաբաղն էլ անվտանգության գոտին էլ՝ առանց մի փամփուշտ կրակելու: Իսկ այդ ժամանակ դիմադրողականությունը կորցրած Հայաստանը կլինի որևէ ուժի կենտրոնի մասնաճյուղ՝ ձայնազուրկ ու իրավազուրկ: Այսինքն, ոչ թե իրենք են հաղթելու պատերազմում, այլ Հայաստանն է պարտվելու խաղաղ պայմաններում եթե, իհարկե, այստեղ չկանգնեցնենք Սերժ Սարգսյանի «հաղթարշավը»:

Բայց Ալիևի պլանները խախտվեցին, երբ հասկացավ, որ Սարգսյանին չի հաջողվելու մնալ աթոռին մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը: Իսկ մեր թշնամին հրաշալի հասկանում է, որ երբեք Հայաստանն այսքան թույլ ղեկավար չի ունեցել, և այն ուժերը, որոնք պաշտոնանկ կանեն Սերժ Սարգսյանին, վստահաբար նրանց լիդերն ուժեղ կլինի և՛ ժողովրդի աջակցության, և՛ քաղաքականության փոփոխության հաշվին: Այսինքն՝ Ալիևը անդառնալիորեն կորցնում է հաղթելու շանսը, ու նրան մնացել է մեկ-երկու ամիս, որպեսզի կարողանա առավելագույնը պոկել Հայաստանից, մանավանդ, որ Սարգսյանն ինքն է հոժարակամ հրաժարվել Ղարաբաղից:

Երկու կողմն էլ հասկանում է, որ անհաջող դիվերսիոն գործողություններից հետո Ալիևը չի կարող հետ քաշվել ու սսկվել, քանի որ դրանով կվտանգի իր աթոռի ամրությունը, ուստի՝ զինադադարի ստատուս-քվոն պաշտպանել այլևս հնարավոր չէ, քանի որ դրանով հնարավոր չի լինի պահպանել երկու բռնապետերի հավերժ պաշտոնավարելու ստատուս-քվոն: Իսկ դա հուշում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ Ալիևը Սարգսյանին շանտաժի է ենթարկելու պատերազմի վտանգով, պարտադրելու է գնալ զիջումների, իսկ «վերջին բոլշևիկը» փորձելու է նրանից երաշխիքներ ստանալ, որ դրսի ուժերի համաձայնությամբ կպահպանի աթոռը, որպեսզի զիջումները հնարավոր լինի ամրագրել:

Ի դեպ, սահմանային այս լարվածության առիթն օգտագործելով՝ Սարգսյանը խաղադաշտ է նետել իր «ժողգործիքներին» ու իրեն սպասարկող լրատվամիջոցներն էլ թմբկահարում են, թե մարդիկ այս լարված պահերին պայքարում են, իսկ «քառյակը» հանգստանում է: Այսինքն փորձում են ամեն ինչ անել, որպեսզի թեժ աշունը տեղափոխեն ամառ, և «կռիվը» տրվի Սարգսյանի ուզած տեղում, պահին ու սցենարով:

Այնպես որ, ավելի լավ է ամիսներով բծախնդրորեն իշխանափոխության «ճանապարհային քարտեզ» մշակել՝ Սերժ Սարգսյանի գործակալների աչքից ու ականջից հեռու, որպեսզի հնարավոր լինի հաշված օրերի ընթացքում գահընկեց անել նրան՝ առանց լուրջ ցնցումների և վտանգելու մեր երկրի անվտանգությունը, քան փորձել անհամբեր ու անհաշվենկատ քայլերով մի քանի օրում հաջողության հասնել, բայց արդյունքում տարիներով չկարողնալ այդ հարցը կյանքի կոչել, ինչպես մեզ հուշում են անցյալի անհաջող փորձերը:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202689926311821

Այս խորագրի վերջին նյութերը