Աշխարհ

03.08.2014 00:05


ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները մտահոգված են

ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները մտահոգված են

ԵԱՀԿ գործող նախագահողը և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«ԵԱՀԿ նախագահող, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխհալթերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեռ Անրին խորը մտահոգություն են հայտնել շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին օրերին բռնության ինտենսիվ բռնկումների հետ կապված, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել:

Նրանք իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին և նշել են, որ կիսում են ծանր կորուստի ցավը:

ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգ են այն փաստով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վառ ընդգծված տարբերանշանով տրանսպորտային միջոցը, չնայած հայ-ադրբեջանական սահմանի վրա մարդասիրական առաքելություն էր իրականացնում, կրակի տակ է հայտնվել:

Նրանք վճռականորեն դատապարտել են քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կրակահերթի տակ պահելը և կողմերին հիշեցրել Ժնևի կոնվենցիայով սահմանված նրանց պարտավորությունները:

ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի լարվածությունը լիցքաթափելու անհապաղ քայլեր ձեռնարկեն և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

ԵԱՀԿ նախագահողը և Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ վրեժխնդրությունը և հետագա բռնությունները կարող են դժվարացնել հարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքերը գործադրելը:

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ինչը տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և իրական հաշտություն բերելու միակ ճանապարհն է»:

Այս խորագրի վերջին նյութերը