Կարծիք

02.08.2014 14:35


Որտե՞ղ է Սարգսյանի արձագանքը

Որտե՞ղ է Սարգսյանի արձագանքը

Մեկ շաբաթվա ընթացքում երեք զոհ (Արարատ Վաչիկի Խանոյան, Աշոտ Արթուրի Ասոյան, Զորիկ Ժիրայրի Գևորգյան): Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե դա ինչ է նշանակում։ Մեր կողմից անգամ մեկ զոհի առկայության փաստն անթույլատրելի է։ Այն, ինչ կատարվում է սահմանագծում, այս վեց տարիների ընթացքում վարվող հանձնողական ու «նախաձեռնող» քաղաքականության հետևանքն է։

«Տոկոս խփած» նախագահ Սարգսյանի, որը նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, հանձնողականության առաջին ծիլը հայ–թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր, երկրորդը՝ սիրիական «Ալ–Վաթան» թերթին տված հարցազրույցը. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»:

Հետո եկավ Կազանը և այդպես շարունակ։ Ադրբեջանի ակտիվացումը սահմանում ոչ այլ ինչ է, քան հետևանք Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության։ Նրան ոչ մեկ անգամ ասվել է, որ դա հանգեցնելու է անապահով Հայաստանի։
Դրսին հաճոյանալու, նրանց «այո» ասելու հետևանքով այսօր Հայաստանը հայտնվել է ազգային անվտանգության զգալի սպառնալիքի եզրին։
Այսօր ՀՀ ՊՆ–ն տարածել է հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը...»։

Սերժ Սարգսյանն այդպես էլ չհրավիրեց ԱԱԽ նիստ, որը հերթական անգամ խոսում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Երկրորդ՝ Հանրային խորհրդի հանդիպմանը նա դեմ է արտահայտվել սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելուն, մինչդեռ այդ բնակավայրերը շարունակում են ակտիվ հրետակոծվել։ Եթե անգամ թույլ տանք այն միտքը, որ դա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ, ապա թող առաջարկվի այլընտրանք՝ ընդհուպ մինչև պաշտպանական պատերի կառուցում։ Վերջին հրետակոծման ընթացքում սահմանամերձ գյուղերի բնակիչները ստիպված են եղել թաքնվել նկուղներում։
Երկրի գլխավոր գերագույնը ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համատեքստում պետք է պաշտոնական ելույթով հանդես գա և պարզաբանի ժողովրդին, թե ինչ է ձեռք առնելու երկրի անվտանգության իրական սպառնալիքը վերացնելու համար։
Ի դեպ, միջոցներ ձեռք առնել, չի նշանակում, որ պետք է պատերազմի վերսկսման քողի տակ Սարգսյանը պանիկա տարածի, իհարկե, հօգուտ իրեն ու նրա վերարտադրմանը։

Հ. Գ. Եթե Սարգսյանը փորձի պատերազմի վերսկսման վտանգի գաղափարն օգտագործել վերարտադրվելու համար, ապա այս գլխից զգուշացնենք, որ զուր է, և այս անգամ նրան ոչ մի թղթի կտոր չի օգնի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը