Լրահոս

01.08.2014 14:05


Սամվել Կարապետյան. «Թուրքերը մինչ օրս հայկական հուշարձանների տակ գանձեր են փնտրում»

Սամվել Կարապետյան. «Թուրքերը մինչ օրս հայկական հուշարձանների տակ գանձեր են փնտրում»

Այսօրվա ասուլիսին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով հիմնադրամը կհրապարակի «Հայաստանի պատմություն» 36–հատորյա գրքաշարը, որը պատմում է Հայաստանի 10.000 բնակավայրի մասին։ Վերջնական տարբերակով այն կհանձնվի տպարանին հոկտեմբերին։

Բանախոսը նշել է, որ բազում բացահայտումներ են արել Արևմտյան Հայաստանում. «Արևմտյան Հայաստանում՝ դեպի հարավ, շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես Կարսի և Սարիղամիշի շրջաններում: Հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, ինչ էլ կա, հետքեր են միայն: Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը պայթեցնում են»։

Սամվել Կարապետյանը նշել է նաև, որ տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բնակիչներին վարակել է այն մտքով, որ այդ շրջանում հայերի թողած գանձերն են մնացել, նրանք էլ մինչ այսօր հայկական հուշարձանների տակ գանձեր են փնտրում:

Ինչ վերաբերում է հատորյակներին, բանախոսը նշել է՝ եթե բոլոր հատորներն իրար հետևից դասավորվեն, կստացվի պատմական Հայաստանի քարտեզը, առաջին հատորյակն էլ նվիրված է Հայոց ձոր գավառին ու նրա գյուղերին.

«Սա շատ մեծ նախագիծ էր. միայն տպագրությունը մեծ ծախսեր էր պահանջում, և սա մեր հիմնադրամի բյուջեում չէր կարող տեղավորվել, բայց այս մատենաշարը չհրատարակել չէինք կարող: Մտածեցինք բաժանորդագրության ճանապարհն օգտագործել, և հիմա պետք է տարածել բաժանորդագրության մասին, որպեսզի այն հրատարակվի», – ասել է նա։

36-հատորյակի հրատարակումը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 100-ամյակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը