Քաղաքական

01.08.2014 13:24


Համալիրի աշխատակից. «Տիգրան Սարգսյանն ինչ ասես՝ արեց, թողեց գնաց. ինչո՞ւ չի պատժվում»

Համալիրի աշխատակից. «Տիգրան Սարգսյանն ինչ ասես՝ արեց, թողեց գնաց. ինչո՞ւ չի պատժվում»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի գործողություն են իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը «7օր»–ին ասել է, որ այս պահին 100մլն դրամի չափով մի քանի ամսվա աշխատավարձի պարտք կա կուտակված, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին 3 միջոցառումների համար չի վճարել Համալիրին։

–Դա կազմում է մոտ 60մլն դրամ։ Հիմա մենք ուզում ենք, որ նախ՝ այդ 60մլն–ն վճարեն, որպեսզի աշխատավարձ տանք, և հետո՝ մեր հաշվեհամարին ինչ գումար նստում է, ԴԱՀԿ–ը քաշում է և աշխատողներին թողնում այս վիճակում։ Երկրորդ խնդիրն այն է, թե ի՞նչ է լինելու մնացած 40մլն–ի հարցը. այսինքն, աճուրդի պարագայում ո՞ւմ է դա փոխանցվում, և ինչպե՞ս են աշխատակիցները ստանալու այդ գումարը։ Մեր երրորդ պահանջն էլ այն է, որ թույլ տան Համալիրի շենքից դուրս հանել մեր անձնական գույքը։ Օրինակ՝ անձամբ ես իմ սենյակում անձնական համակարգիչ ունեմ, բայց չեն թողնում՝ վերցնեմ։ Հիմա, առանց մեզ, դռները բացել և գույքագրում են անում, ու ինչ կա–չկա՝ սարքում Համալիրի գույք,–ասել է Կ.Գրիգորյանը։

Համալիրի աշխատակիցներն իրենց դիմումն այսօր հանձնել են Կառավարությանը, որտեղից խոստացել են ուսումնասիրել և սահմանված ժամկետներում պատասխանել։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի և նրա սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի հասցեին երեկվա ասուլիսում հնչեցրած մեղադրանքներին, Կ. Գրիգորյանը նշել է, որ պնդում է դրանք՝ հավելելով.

Շատ վատ ենք գնահատում Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելը. ինչ ասես՝ արեց, թողեց գնաց։ Իր հետ կապված օֆշորայաին պատմությունները մոռացվեցի՞ն։ Այդ մարդն ինչ ասես՝ արել է իր պաշտոնավարման ժամանակ։ Ինչո՞ւ նրան չեն պատժում, եթե այդ մարդու հետ կապված խնդիրներ կան։ Զարգացած երկրներում նույնիսկ նախագահներին են մեղադրանք առաջադրում, իսկ Հայաստանում ոչ ոք չի պատժվում,–«7օր»–ին ասել է Համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն՝ հավելելով, որ այդ անտարբեր վերաբերմունը շատ վրդովեցուցիչ է։

–Սառը վերաբերմունք կա, իբր, նորմալ է. արել է, լա՛վ է արել։ Սա՛ է իրականությունը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը